Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծայրամասում աշխարհի չեմպիոնին հողամասն առաջարկվել է աբսուրդ գնով․ ի՞նչ է կատարվում երկրորդ քաղաքում

Հոկտեմբեր 14,2025 16:46

Գյումրիում, ինչպես և հանրապետության բոլոր համայնքներում, շուտով հողամասի աճուրդի մեկնարկային գինը կսահմանվի՝ հիմք ընդունելով ոչ կադաստրային, այլ շուկայական արժեքը։ Կառավարությունը նոր օրենք է մշակել, որը շուտով ուժի մեջ կմտնի։

Այս դեպքում համայնքի գոտիավորումը քիչ նշանակություն կունենա, այն կտրուկ կբարձրացնի անգամ ծայրամասերում գտնվող հողամասերի արժեքը։

Նոր օրենքն արդեն իսկ քննադատության է արժանացել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից, որն այն համարում է համայնքների զարգացմանը «ոտ զարկել»։

Երեկ ABC Media-ին տված հարցազրույցում քաղաքապետը մի օրինակ մեջբերեց․ բռնցքամարտի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դրսից հետաքրքրված ներդրողների խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետարան, որպեսզի քաղաքի ծայրամասային հատվածներից մեկում հողամաս ձեռք բերի։

Քաղաքապետարանը, ըստ Վարդան Ղուկասյանի, այսուհետ աճուրդ կազմակերպելիս ու հողհատկացում անելիս՝ ստիպված է այն գնահատել տալ ինչ-որ կազմակերպության ու դա հիմք ընդունելով շարժվել։ Այս դեպքում քաղաքապետը զարմացել է, որ քաղաքի ծայրամասում գտնվող հողամասը կազմակերպությունը գնահատել է 100 միլիոն դրամ։ Ի դեպ, մենք ճշտեցինք, որ քաղաքապետի խոսքը տվյալ դեպքում Բուլվարային թաղամասի մասին է։

«100 միլիոն դրամով Գյումրի քաղաքում գույք չի վաճառվել, 100 միլիոն քաղաքի ծայրամասում հող վաճառել, դա աբսուրդի ժանրից է, անհասկանալի մի բան է։

Այսինքն՝ դա դիտավորյալ են արել, էս մի քանի ամիս է՝ ինչ ընդունել են, ասում են շուկայական հարաբերություններով պիտի առաջնորդվենք։ Ասում եմ՝ լավ, շուկայական հարաբերություններով, բայց ասում եմ՝ դրա շուրջբոլորը մի տեղ ցույց տվեք, որ 50 միլիոնով դուք հող վաճառել եք։ Աշխարհի պարծանք տղերքից մեկն է Բաչկովը, գիտեք», -ասաց քաղաքապետը։

Հենրիկ Գասպարյան

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են կտրուկ բարձրացել հողամասի գները։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը պարզաբանեց, որ օրենքը դեռ հրապարակված չէ, սակայն իրենք գրություն են ստացել մարզպետարանից ու առաջնորդվում են դրանով։

Գնահատման իրավունք ունեն լիցենզավորված կազմակերպություններ, համայնքապետարանը հայտարարել է մրցույթ, այն շահել է երևանյան կազմակերպություն։

Այսուհետ հողամասի աճուրդի մեկնարկային գին սահմանվելու է՝ հիմք ընդունելով ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքը։

Ըստ ճարտարապետի, գնահատելիս՝ հիմք են ընդունվում մի քանի բաղադրիչներ․ օրինակ՝ տվյալ հողամասի կամ գույքի տեղադիրքը, ինժեներական ենթակառուցվածքների առկայությունը․ տրանսպորտին, խանութներին մոտ լինելը, կամ ասենք, եթե հողամասը ձեռք է բերվում բիզնես նպատակով, հաշվարկվում է՝ ինչ եկամուտ կարող է ստանալ ներդրողը։

Ըստ ճարտարապետի, խոսքը ոչ միայն հողամասի աճուրդի մասին է, այլ նաև գույքի։

Հենրիկ Գասպարյանը նաև հիշեցրեց, որ համայնքապետերի նկատմամբ հարուցված մեծ թվով քրեական գործեր կան, նրանց մեղադրում են հողը շուկայական արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու մեջ։

Ըստ ճարտարապետի, նման օրենք ընդունելու համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի ու գլխավոր դատախազի բարձրաձայնումները՝ հողի ձևական աճուրդների հետ կապված, առաջարկվել էր աճուրդի մեկնարկային գին սահմանել շուկայական արժեքը։

Հենրիկ Գասպարյանը նաև նշում է՝ եթե աճուրդը սահմանված շուկայական արժեքով չկայանա, կվերանայեն այն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031