Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով». Մատենադարանում միջազգային սեմինար է ընթանում

Հոկտեմբեր 14,2025 17:09

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում «Հիշողության կերպարանքները» 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարի բացմանը

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ Մատենադարանն իրապես դառնում է միջազգային հարթակ տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանման ուղղությամբ: Նախարարը հատկապես կարևորել է սեմինարի ընդլայնվող աշխարհագրությունը:

«Մատենադարանն ակտիվորեն ներգրավված է գրավոր ժառանգության պահպանման գործընթացում՝ հատկապես այնպիսի տարածքներում, որոնցում կոնֆլիկտային իրավիճակները լրացուցիչ ռիսկեր ու մարտահրավերներ են առաջացնում մշակութային ժառանգության պահպանության հարցում: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Մատենադարանի, դառնում է մշակութային ժառանգության պահպանման աջակից: Առաջիկայում Մատենադարանը կհյուրընկալի նաև Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, որ մեր ցանկությունն ու հանձնառությունը չեն սահմանափակվում որևէ խոչընդոտով»,- ասել է նախարարը:

Նա շնորհակալություն է հայտնել հայկական ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին ամենօրյա ջանքի համար՝ ուղղված տարբեր հայագիտական կենտրոններում ամփոփված վիթխարի ժառանգության պատշաճ պահպանությանը և հետագա սերունդներին փոխանցմանը։ Նախարարը վերահաստատել է պետության հանձնառությունը՝ շարունակաբար աջակցելու պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նա շնորհակալություն է հայտնել նաև Մատենադարանի աշխատակազմին և գործընկեր կազմակերպություններին հետևողական համագործակցության և աջակցության համար:

«Վստահ եմ՝ ձևավորված միջավայրը հնարավորություն է տալիս Մատենադարանում իրականացնել ամենաբարձր մակարդակի վերականգնման աշխատանքներ, և այս իմաստով շատ կարևոր է նաև գիտական և հետազոտական ոլորտի համագործակցությունը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին աջակցության և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման  պատրաստակամության համար:

«Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին մասնակցում են շուրջ 20 երկրի ավելի քան 30 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել ոլորտի պատասխանատուների՝ վերականգնողների և ֆոնդապահների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների արդյունքների հասանելիությանը՝ ամրապնդելով միջազգային գրավոր ժառանգության հանդեպ միասնական պատասխանատվության  գիտակցումը։

Սեմինարի ընթացքում միջազգային գործընկերներին ներկայացվելու են  Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիան և վերականգնողական թղթի նորաստեղծ արտադրամասը, որն հիմնվել է «ԱրարատԲանկ»-ի աջակցությամբ։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է «ԱրարատԲանկ»-ին՝ որպես աջակցի, «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալի շնորհման և Պատվո կամարին հաստատության անունը հավերժացնելու հանդիսավոր արարողությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031