«Մեր ընկերությունների մեծ մասը ամեն տարի աուդիտ է անցնում, այդ թվում աշխարհի առաջատար չորս աուդիտորական ընկերություններից մեկի կողմից։ Եթե որևէ խնդիր լիներ, վստահ եմ՝ իրենք այդ մասին կիմանային»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հորեղբոր մեղադրանքը փողերի լվացման դրվագով ավելացնելու մասին հարցին։
Հարցին՝ հնարավո՞ր է «Մեր ձևով» շարժումը փողոցային պայքարի անցնի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ այդ փուլը գալիս է միայն այն ժամանակ, երբ սպառվում են սահմանադրական և օրենսդրական բոլոր գործիքները․ «Երբ տեսնենք, որ գործիքները սպառված են, երևանյան փողոցն իր խոսքն ասելու է»։
Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դատարանի մոտ այսօր հավաքվել էին Սամվել Կարապետյանի համակիրները, մտերիմները եւ ընկերները։ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամները նաեւ ինքնաբուխ հանրահավաք անցկացրեցին։ Վաղն առավոտյան շարժման համակարգող խորհուրդը կհայտարարի հետագա անելիքների մասին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ