«Մի շարք քահանաներ բերման են ենթարկվել անհասկանալի պատճառով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը բռնի անհետացել է, այսինքն՝ հայտնվել է պաշտպանության իրավազորությունից դուրս։ Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը, եւ այժմ փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը։ Սրբազանի հեռախոսն անհասանելի է, ակնհայտ է, որ պետության ջանքերն ուղղված են նրան, որ թաքցնեն նրա գտնվելու վայրը։ Այս պահին անհայտ է, թե ինչ գործողություններ են իր հետ իրականացվում։ Բնականաբար, բոլոր գործողություններն ապօրինի են։ Բայց ես վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ հոգեբանական։ Այլապես այս բռնի անհետացման իմաստը չէր լինի»,- Երեւանի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Այսօր Արագածոտնի թեմի 5 հոգեւորականի եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ բերման ենթարկված հոգեւորականներն են տեր Փառենը, տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը, տեր Ղեւոնդը եւ տեր Հայկ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Արմինե Ֆանյանն ասաց, որ խուզարկությունից հետո Մկրտիչ սրբազանը դուրս է եկել քննիչի ուղեկցությամբ, որպեսզի հավանաբար բերվի նախաքննական մարմին, բայց մինչ այս պահը հայտնի չէ նրա գտնվելու վայրը։
Նա նշեց, որ ստույգ տեղեկություն չունեն, բայց հավանաբար հոգեւորականներին բերման են ենթարկել տեր Արամի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հիման վրա։ «Մենք արդեն մուտք ենք արել անհրաժեշտ փաստաթղթերը՝ պաշտպան ներգրավելու խնդրանքով, բայց դեռեւս որեւէ արձագանք չկա, քննչական մարմնի դռները փակ են, փաստաբանները նույնիսկ փորձում էին մուտք գործել, հարցեր ունեին, բայց դռները փակ են։ Ներսում, մեր տեղեկություններով, մեկ քահանա կա, բայց քահանաներն ասում են, որ աշխարհիկ աշխատակիցներ էլ կան»,- նշեց Արմինե Ֆանյանը։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, այսպիսի դեպք չի եղել, որ փաստաբանները նույնիսկ ընդհանուր բաժին չկարողանան մուտք գործել։ «Մենք այս կազմով ներգրավվելու ենք Մկրտիչ սրբազանի շահերի պաշտպանության համար, նաեւ եթե անհրաժեշտություն լիներ, մյուս հոգեւորականների շահերի պաշտպանությունը նույնպես պետք է իրականացնեին, որովհետեւ Մայր Աթոռից նման լիազորություն ունենք։ Սակայն տեղեկացանք, որ հոգեւորականներն այս պահին վկայի կարգավիճակում են»,- նշեց Ֆարմանյանը։
Ըստ Մարինե Ֆարմանյանի՝ սա փոխկապակցված արշավ է, Եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հասնում են իրենց հերթական հանգրվանին։ «Այսինքն՝ ուղիղ հարձակվել Մայր Աթոռի վրա չստացվեց, որովհետեւ ժողովուրդն, այնուամենայնիվ, իր սրբության սրբոցը կպահպաներ, բայց լուծումը գտան»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ