Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին վարորդից պահանջել է Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի. ՔԿ

Հոկտեմբեր 15,2025 14:23

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը բեռնատարի վարորդից պահանջել է մեքենայի թափքին բեռնված և Գյումրի համայնքին պատկանող գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի՝ գույքն իրենը դարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ս.Ղ.-ի կողմից հարկադրանքի այլ եղանակով շորթում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով, մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի և վարորդի գործողությունները հսկելու նպատակով ընկերոջը հանձնարարել է նստել բեռնատարը և ուղղորդել:

Բեռնատարի վարորդը, վախի ազդեցության տակ, բացասական հետևանքներից խուսափելու նպատակով, կատարել է ներկայացված պահանջը և համայնքապատկան բեռնատարով դրանում բեռնված գույքը տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում Ս.Ղ.-ն իրենն է դարձել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031