Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ասում, որ կարգալուծությամբ է այդ հարցը լուծվելու, կամ որ մեր պահվածքի մեջ ինչ-որ վախեցած, ինչ-որ էքստրեմալ քայլեր անելու երեւույթներ պիտի լինեն. Աբել քահանա Քարտաշյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 16,2025 10:42

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանին եւ մի խումբ հոգեւորականների երեկ բերման էին ենթարկել Քննչական կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա են տարել, Հովհաննավանքի քահանա Տեր Արամի` Հ1-ին տված հարցազրույցի հիմքով, որտեղ նա ասել էր, թե 21-ին իրենց պարտադրել են հանրահավաքների մասնակցել: Զրուցել ենք Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ։

– Իշխանության, իրավապահ համակարգի այս քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

– Ավետարանի մեջ պատկերը շատ հստակ կա՝ Հուդան դավաճանեց, Հիսուսին բռնեցին տարան, որ խաչեն։

– Հուդայի դերում Տեր Արա՞մն է։

– Այո։ Ծիծաղելին այն է, որ մենք չենք վախենում խաչելությունից, մեզ դրանով չեն կարող վախեցնել։

– Մարդիկ ասում են, որ երբ Միքայել սրբազանին հորինված մեղադրանքով ձերբակալեցին, երբ թույլ տվեցին, որ նրան Մայր Աթոռից տանեն Քննչական, պետք է հասկանային, որ այդ ոտնձգությունները շարունակվելու են։ Քննադատում են Մայր Աթոռին, որ պետք է քայլեր ձեռնարկել՝ գոնե կարգալույծ անել դավաճան հոգեւորականներին։

– Ո՞վ է ասում, որ կարգալուծությամբ է այդ հարցը լուծվելու, կամ որ մեր պահվածքի մեջ ինչ-որ վախեցած, ինչ-որ էքստրեմալ քայլեր անելու երեւույթներ պիտի լինեն։ Ո՞վ այդ խորհուրդը տվեց, ո՞վ է այդքան խելացի ու իմաստուն մեզնից։ Այդ քննարկողները պիտի հասկանան, որ գործ ունեն բազմադարյա իմաստնատան հետ, որ տարբեր թագավորներ, տարբեր օտար նվաճողներ եկել ու գնացել են, բայց մենք կանք։

– Ստեղծված իրավիճակում ճիշտ չէ՞ արդյոք՝ դիմել եկեղեցական, միջազգային կազմակերպություններին։

– Մենք վստահում ենք Աստծուն եւ վստահում ենք, որ Աստված Սուրբ հոգու միջոցով մեր սիրելի հայրիկին իմաստնություն է տալիս՝ այս բոլոր հարցերը լուծելու։ Եվ ամեն մեկս մեր տեղում ինչ-որ պանիկայի դրսեւորումներ չունենք, շատ հանգիստ, շատ խաղաղ ենք։ Պետք է գան, բռնեն տանեն, խաչեն, սպանեն, ի՞նչ է պետք` թող գան անեն, դրանից ավել ի՞նչ պիտի անեն։ Մեզ հստակ ասվել է՝ չվախենաք նրանցից, ովքեր ձեր մարմնի վրա իշխանություն ունեն, վախեցեք նրանից, ով ձեր հոգիների վրա իշխանություն ունի։

– Միքայել սրբազանն ասաց` մինչեւ Վեհափառին հասնելը մեր վրայով պիտի անցնեն․ Միքայել սրբազանին ազատազրկեցին հորինված մեղադրանքով, մտավախություն չկա՞, որ Վեհափառին են մոտենում։

– Իսկ դա գաղտնի՞ք է եղել, դա «հայտարարվել է» Ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, այնպես չէ, որ մենք չենք լսել այդ հայտարարությունը ու հիմա պիտի անակնկալի գանք, խառնվենք եւ այլն, եւ այլն։

– Այսինքն՝ այդ սցենարն էլ չեք բացառում։

– Խորհրդային Միությունը նոր է ավարտվել՝ կաթողիկոսին սպանել են։ Պատմությունը կրկնվելու բնավորություն ունի՝ այն պարուրաձեւ իրականություն է, անընդհատ կրկնվող, վեր բարձրացող, ԴՆԹ-ի կառուցվածքը ո՞նց է՝ այդ նույն կառուցվածքն ունի պատմությունը։ Այսինքն՝ այս երկրի վրա տեղ գտած որեւէ դեպք, իրականություն մեզ չի կարող զարմացնել, թե ինչու այսպես եղավ, ոնց եղավ։ Մենք գիտենք, որ դա պետք է լինի, Աստված էլ մեր մեջ է ու հիմա ի՞նչ է դաստիարակում՝ ներկա ժամանակով չառաջնորդվել եւ ներկա ժամանակը կարողանալ զոհաբերել հավիտենականի համար։ Մարդիկ, ովքեր ներկան են այս պահին, ապագան են ուզում ձախողված լինի, դա իրենց ընտրությունն է, մենք ի՞նչ անենք։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031