«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է:
– Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվել է Ֆեյսբուքում անհասցե գրառում անելու համար, որտեղ նա սուր գնահատականներ է հնչեցրել, սակայն ո՛չ անուն կա, ո՛չ հասցեատեր: Փաստաբանին նիկոլական ոճով փռեցին ասֆալտին, ասես նա վտանգավոր սերիական մարդասպան լիներ, ապա կալանքի տարան՝ երկու ամսով: Նախկինում հիշո՞ւմ եք նման նախադեպ, երբ փաստաբանի հետ` խոսքի համար, նման կերպ վարվեին:
– Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ` դատավորի հասցեին որոշակի հայտարարություններ անելու համար, մեղադրանք էին առաջադրել: Սակայն փաստաբանը ո՛չ կալանավորվեց, ո՛չ էլ դատապարտվեց, թեպետ քրեական գործ էր հարուցվել, եւ մեղադրանք առաջադրվեց, սակայն փաստաբանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ոչ էլ, առավել եւս, ցուցադրաբար նրան գետնին պառկեցրին: Ոչ մի նման զարհուրելի տեսարանի ականատես չենք եղել:
– Ալեքսանդր Կոչուբաեւի գրառման մեջ կա՞ հանցակազմի տարր:
Կարդացեք նաև
– Նրան ինչի՞ համար են կալանավորել: Բացարձակ կալանավորելու հիմքեր չկան: Ասում են` գուցե խոչընդոտի կամ թաքնվի, բայց եթե անգամ կա խոչընդոտելու հավանականություն, թեպետ իրականում չկա նման բան, միակ խոչընդոտը կարող է լինել այն, որ այդ գրառումը վերացվի, սակայն պարզ է, որ դա անել հնարավոր չէ: Իսկ եթե կա մտավախություն, որ կարող է թաքնվել անձը, ապա ինչի՞ համար են մյուս բազմատեսակ խափանման միջոցները, ո՞ւմ համար են դրանք նախատեսված: Կամ ասում են` կարող է նորից հանցագործություն կատարել, դա էլ ընդհանրապես անհիմն ասված հայտարարություն է, ինչի մասին անիմաստ է նույնիսկ խոսելը: Այդ սկզբունքով բոլոր գործերով անձանց պետք է անխտիր կալանավորել, որովհետեւ երբեք չգիտես, թե հաջորդ պահին մարդն ինչ քայլ կարող է անել: Ի վերջո, եկեք համեմատենք Կոչուբաեւի գրառումը՝ քննիչների հասցեին, վարչապետի գրառումների հետ: Եթե Կոչուբաեւին դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա նույնը պետք է անեն նաեւ վարչապետի դեմ: Իսկ եթե վարչապետը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ապա ոչ ոք չպետք է պատասխանատվության ենթարկվի: Օրենքը հավասար է բոլորի համար: Մենք այսօր տեսնում ենք բացահայտ ու բացարձակ, անգամ ցուցադրական անհավասարություն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում