«Քարոզչությունը մեզանում սկսվում է ընտրությունների ավարտի հաջորդ օրվանից։ Թյուրըմբռնում կա մեր հանրության շրջանակներում, որ քարոզչությունը սկսվում է պաշտոնապես քարոզարշավի մեկնարկի օրվանից։ Քարոզարշավի օրը՝ այս դեպքում հոկտեմբերի 22-ից 27 օր տևող շրջանը, սահմանափակման շրջան է։ Քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե իրավունքի շրջան է, այլ ընդհակառակը՝ սահմանափակման։ Մինչև քարոզարշավ քաղաքական կուսակցությունները, գործիչներն ազատ են քարոզչություն կատարելու, իրենք կարող են հինգ տարի շարունակ քարոզչություն կատարել։ Այս դեպքում միակ իրենց սահմանափակողը կուսակցությունների մասին օրենքով իրենց ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը ցույց տալն է։ Այնպես որ, երբ ասում են, որ քարոզարշավը դեռ չսկսված անհավասար պայմաններ են, սա մեր տիրույթից դուրս է»,- հարցին՝ համամի՞տ եք ընդդիմության այն պնդումներին, որ քարոզարշավի մեկնարկն անհավասար պայմաններում է սկսվել՝ հօգուտ ՔՊ-ի, որը վարչական ռեսուրս է կիրառում, լրագրողների հետ ճեպազրուցում այսպես պատասխանեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա վստահեցրեց՝ եթե որևէ մեկն օրենքի խախտում թույլ տա, հետևանքը վրա է հասնելու։
Հարցին՝ իշխանությունն ինչո՞ւ չի համակերպվում Գյումրիի ընտրությունների արդյունքների հետ, քանի որ կոչեր են հնչում, թե Վարդան Ղուկասյանը պետք է ճամպրուկները հավաքի, Վահագն Հովակիմյանն այսպես արձագանքեց․ «Ըստ Ձեզ՝ Ձեր հարցին պիտի պատասխանե՞մ՝ որպես ապաքաղաքական պաշտոն զբաղեցնող։ Դա ընտրությունների հետ ի՞նչ կապ ունի։ Ընտրություններն ավարտվել են, ընտրությունները չեն բողոքարկվել, դրանից հետո ԿԸՀ-ի և իմ գործառույթն ավարտվել է։ Այդ քաղաքական իրադարձությունները, քաղաքական ելույթները մեր տիրույթը չեն։ Այստեղ քաղաքական գործիչներն ինչ հայտարարություններ կանեն, ազատ են։ Ընտրելու իրավունքն իրացվել է։ Հաջորդ ընտրելու իրավունքը գալու է հաջորդ ընտրություններին։ Ընտրական համակարգը ընտրություններից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների հետ առնչություն չունի։ Ընտրություններից հետո քաղաքական դաշտում բազմաթիվ զարգացումներ են լինում, կոալիցիա է ձևավորվում, քանդվում և հազար ու մի իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Դա կապ չունի ընտրությունների հետ, դրանք քաղաքական դաշտին բնորոշ զարգացումներ են։ Յուրաքանչյուր քաղաքացի իր հետևությունը պիտի անի, և դա կարող է ազդել ապագա քաղաքական որոշումների վրա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ