Սոցհարթակներում իշխանամերձ բլոգերների, դեղին մամուլի ներկայացուցիչների ու աղանդավորականների ակտիվությունը հակաեկեղեցական արշավում ինչ-որ կերպ կարելի է հասկանալ այն առումով, որ մեծ հաշվով նրանք իրենց, այսպես կոչված, աշխատանքն են կատարում։ Սակայն երբ այս պիղծ արշավով սկսում են ապրել նաև պետական պաշտոնյաներ, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք այս պաշտոնյաները իրենց ճիշտ տեղում են։
Մի կողմ թողնելով գլխավոր «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդին», մասնավորապես նկատի ունեմ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Ինչո՞ւ Ազգային ժողովի փոխնախագահը պետք է իր հիմնական ու շատ պատասխանատու գործը թողած՝ զբաղվի ծախու բլոգերներին, արկածախնդիր լրագրողներին կամ աղանդավորականներին հատուկ ամբարտավանությամբ։ Այս ամենը վկայում է նրա մասին, որ նման ապազգային գործունեությամբ զբաղվող պաշտոնյաները պետական պաշտոնյաներ չեն, այսինքն` նրանք պարզապես պետությանը չեն ծառայում կամ սխալ ծառայություն են մատուցում։
Ինչպես մարդը մարդ է իր մարդկային հատկություններով, այնպես էլ Պետությունը Պետություն է պաշտոնյաների պետականամետ գործողություններով։ Ինչո՞վ է ուժեղանում Պետությունը, երբ վարկաբեկվում է Հայոց Եկեղեցին իր սպասավորներով։ Միանշանակորեն պատասխանը այն է, որ ոչնչով չի ուժեղանում Պետությունը, այլ ճիշտ հակառակը՝ այն թուլանում է և ծաղրի առարկա է դառնում միջազգային հարթակներում։
Եվ իսկապես, եթե Ամենայն Հայոց Վեհափառին ու այլ հոգևորականներին վարկաբեկելն ու Եկեղեցու ներքին կյանքին կոպտորեն միջամտելը Եկեղեցու դեմ պայքար չի համարում պարոն Ռուբինյանը, ապա ինքը և իր նման մտածողները ինչպե՞ս են պատկերացնում Եկեղեցու դեմ պայքարը։ Ռուբինյաններն ու նմանները ինչպե՞ս են պատկերացնում հակաեկեղեցական արշավը, եթե զենքով ու զորքով եկեղեցիներ են մտնում ու հոգևորականներ ձերբակալում, ապա դա ի՞նչ է, եթե ոչ հակաեկեղեցական արշավ։ Պետք է եկեղեցիները պայթեցնեի՞ք, թե՞ ստիպողաբար հայ ժողովրդին դավանափոխ անեիք, որ հակաեկեղեցական արշավ դիտարկվեր ձեր գործողությունները։
Կարդացեք նաև
Եկեղեցին հոգևորականներն են իրենց բարեպաշտ հետևորդներով, որոնք այսօրվա Հայաստանում անարդարացիորեն հալածվում են։ Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ հակաեկեղեցական արշավ։ Եվ պետք չէ թութակի նման անընդհատ կրկնել, թե իբր «Եկեղեցին եք մաքրում սրբապիղծներից»։ Դուք մաքրեք ձեր մտքերն ու սրտերը, որտեղ ամեն անգամ Եկեղեցու և հոգևորականի մասին չարախոսելիս աղբ է կուտակվում։ Հասկանում ենք, որ քաղաքացիական բախումներ եք սադրում, բայց հայ ժողովուրդը ավելի իմաստուն է քան դուք կարծում եք։ Դուք բոլորդ ձեր մաղձի մեջ եք խեղդվելու, եթե դարձի չգաք ու չապաշխարեք։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ