Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ. Արա Զոհրաբյան

Հոկտեմբեր 19,2025 11:22

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ:

ԴԵՊՔ 1

2025թ. հոկտեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի բռնի անհետացման հետ:

Սրբազանին առավոտյան 09:30-ից ձերբակալել էին, սակայն թաքցնում էին ինչպես ձերբակալվելու փաստը, այնպես էլ գտնվելու վայրը: Սրբազանի գտնվելու վայրի մասին իմացել ենք միայն ժամը 16:30-ից հետո ՄԻՊ ներկայացուցիչներից, այսինքն 7 ժամ հետո:

ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածը այդ վարքագիծը համարում է բռնի անհետացում և նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ․.. գործող պաշտոնատար անձի… կողմից ազատությունից օրինական հիմքերով… զրկված անձի ազատությունից զրկելու փաստը թաքցնելը.., որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս: Արդեն երրորդ օրն է, սակայն մենք որևէ լուր չունենք նշված հաղորդման ընթացքի մասին: Դատախազությունը չի շտապում:

ԴԵՊՔ 2

2021թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող և նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր հետևյալը.

-«Դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»,
– «Ճակատից շարեմ կասեք բռնությունա»,
– «Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր.
«Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»:

Գլխավոր դատախազությունը և քննչական որևէ մարմին իրավական ռեակցիա չի տվել վերը նշված հրապարակային սպառնալիքներին, որոնք ազդեցություն են թողել ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա:

Իմ կարծիքով, այս վարքագիծն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմը (Համապատասխանում է նախորդ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին), որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով։
Այդ ելույթները՝

ԴԵՊՔ 3

Երեկ համացանցում հայտնվել է (ըստ լուրերի) Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։

Քննչական մարմինը կայծակնային արձագանքելով հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաև Մկրտիչ Սրբազանին):

Հատկանշական է, որ նույն քննչական մարմինը վարույթը չի նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն:

Քննչական մարմինը պարտավոր է գնահատական տալ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու վարքագծին:

ԴԵՊՔ 4

Ալեքսանդր Կոչուբաևի գրառման վերաբերյալ (գնահատական չեմ տալիս գրառման բովանդակությանը, իսկ եթե գնահատվի էլ, ապա՝ քրեական օրենսգրքի տիրույթից դուրս) կրկին գործել է կայծակնային արդարադատությունը, և Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքները կոպտորեն խախտելով, այդ թվում նրան նվաստացնելով իրավապահ մարմինը ձերբակալել է: Ակնհայտ է, որ այդ ձերբակալումը պարունակում էր պատժիչ տարրեր:

Այս դեպքերը շատ են:

Տարիների ընթացքում փաստաբանների պայքարի, ինչպես նաև բարեխիղճ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանությունը որոշակի դրական մակարդակի էր հասել:

Փաստաբանը հասնում էր իր վստահորդին թե ոստիկանության, թե քննչական մարմիններում առանց խոչընդոտի (իհարկե բացառություններ եղել են):
Իսկ հիմա, երբ օրը ցերեկով քննչական մարմինը իր քննիչների միջոցով, որոնցից մի մասն էլ փաստաբանի արտոնագիր ունի, խոչընդոտում է փաստաբաններին հասնել իրենց վստահորդներին և նույնիսկ չեն թողնում շենք մտնել, երբ փաստաբաններին ծեծի են ենթարկում ոստիկանության բաժանմունքում, փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ՝ անպաշտպան:

Իհարկե, այս ապօրինությունները կշարունակվեն՝ նույնիսկ ավելի կոպիտ դրսևորումներով, սակայն մի բան պետք է հիշել, որ այս ամենը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031