Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանություններն ուժով քայքայել են ամեն ինչ եւ փորձելու են վերընտրվել, հակառակ դեպքում՝ դատվելու են, իրենք դա մեզանից լավ գիտեն»

Հոկտեմբեր 20,2025 13:00

«Սա սովորական կոլաբորացիոնիստ իշխանություն է, որը կատարում է թշնամու բոլոր պահանջները։ Հետեւաբար, այստեղ շատ երկար մտածելու բան չկա՝ պետք է ձերբազատվել այս իշխանությունից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։

-Իշխանություններն ասում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Այս գործընթացները, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ի՞նչ են փաստում, իրո՞ք խաղաղություն է կամ կա՞ խաղաղություն հաստատելու նախադրյալ։

-Բնականաբար, հենց հիմա սահմանին չեն կրակում եւ թեժ պատերազմ չէ, բայց մենք պետք է փաստենք, որ դա եղել է, երբ Եվրամիության դիտորդները եկել են։ Դիտորդների տեղակայումից հետո սահմանին փաստացի չեն կրակում։ Այսինքն՝ հստակ գործողությունների արդյուքնում է, որ այսօր մեր սահմանները համեմատաբար ավելի ապահով են, ոչ թե պայմանավորվածությունների կամ ստորագրությունների։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, այսօր աշխարհում ոչ մի փաստաթուղթ չի գործում։ Եթե գործեին, ռուս-ուկրաինական պատերազմը տեղի չէր ունենա։ Պետք է գործողություն լինի, պետք է բանակն ամրացնել, տնտեսությունը զարգացնել, պետությունը ներսից ուժեղացնել։ Մեր իշխանությունները հիմա անո՞ւմ են այդ քայլերը, ակնհայտ է, որ չեն անում։

-Տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները կատարում են ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմանները։ Այս հիմքի վրա, եթե անգամ խաղաղություն կառուցվի, այն երկարատեւ կլինի՞։

-Այո, դա շատ ակնհայտ երեւում է՝ Ադրբեջանն ինչ ասում է, Հայաստանի իշխանություններն այդ ամենը հիմնավորված իրականացնում են։ Այս «խաղաղությունը» կտանի այնտեղ, ուր որոշել է Ադրբեջանը։ Ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւը որոշել է, որ Հայաստանը պետք է զարգանա, ուժեղանա, ուժեղ պետություն դառնա։ Հետեւաբար, եթե Հայաստանն այս իշխանության շնորհիվ կամակատար պետություն է դարձել, սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Սա սովորական կոլաբորացիոնիստ իշխանություն է, որը կատարում է թշնամու բոլոր պահանջները։ Հետեւաբար, այստեղ շատ երկար մտածելու բան չկա՝ պետք է ձերբազատվել այս իշխանությունից։

-Իսկ ձերբազատման համար ի՞նչ պետք է անել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2026-ի ընտրություններին դիմելու են ժողովրդին՝ եւս 5 տարով մանդատ ստանալու համար։ Հայ հանրությունը հա՞շտ է այս իրավիճակի հետ։

-Ոչ, քաղաքացին հաշտ չէ այս իրավիճակի հետ, բայց այս ամենի դեմ պայքարելու համար արդյունավետ ձեւ չկա։ Ընտրություններն այդ ձեւը չեն, իշխանություններից ձերբազատվելու համար ամեն անգամ հեղափոխություն անելու համար ռեսուրս ու էներգիա չկա, հանրությունը դեռ պատրաստ չէ այդ ամենին։ Պետք չէ մեր հանրությունից անընդհատ ինչ-որ հերոսություն սպասել։ Երբ 2018 թվականի հայտնի դեպքերը տեղի ունեցան, պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստել էր, դա սարքեցին հիմնական փաստարկ ու «Մերժիր Սերժին» ակցիան սկսեցին, այս հողի վրա իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ ոչ թե Սերժին մերժեցին, այլ ստախոսությունը, հանրությունը դա սարքեց հանցանք։ Հիմա այսօրվա իշխանություններն են խաբում մեզ, ամենակենսական հարցերի շուրջ են մեզ խաբում՝ անվտանգության հարցի շուրջ են խաբում, հետեւաբար, պետք է ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմից։ Բայց արդյունավետ մեթոդ չկա։ Ընտրություններում, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունն ունի անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ, եւ ինքը վերարտադրվում է։ Մենք տեսանք՝ Երեւանի ավագանու ընտրությունները հանրությունը մերժեց, 70 տոկոսը չմասնակցեց, 30 տոկոսը մասնակցեց, իրենց ձայները հերիք չէին, որ ընտրվեին, այսինքն՝ փոքրամասնություն էին դարձել։ Եվ իրենք վերարտադրվելու համար օգտագործեցին իրենց արբանյակ կուսակցությունները։ Էլի ձեւերը գտնելու են, վերջին հետազոտությունների արդյունքում 15-17 տոկոս վարկանիշ ունեն այս իշխանությունները, այդքան ձայներ են ստանալու, իրենց քույր կուսակցություններն իրենց ձայներ են տալու, վերարտադրվելու են։ Դա չի նշանակում, որ ժողովուրդը կիսում է այս իշխանությունների քաղաքականությունը։

-Իսկ նոր ուժեր չկա՞ն, որ միավորվեն եւ բեկում մտցնեն այս իրավիճակում։

-Իհարկե, կան, անընդհատ աշխատանքներ են տարվում, բայց դեռեւս լուծումներ գտնված չեն։ Բայց, կրկնում եմ, այս քաղաքական համակարգը պառակտող, դեգրադացնող համակարգ է, շատ դժվար է այս քայքայիչ ու պառակտված հարաբերություններում գործել։

-Տեսնում ենք, որ իշխանությունները նաեւ ճնշման գործիքն են կիրառում քաղաքական հակառակորդների, Եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ։ Ի՞նչ նպատակ են հետապնդում։

-Վերարտադրության համար են անում։ Իրենք ուժով քայքայել են ամեն ինչ եւ փորձելու են վերարտադրվել, որովհետեւ եթե չընտրվեն, դատվելու են։ Իրենք դա մեզանից լավ գիտեն։ Արցախի կորուստի, այդքան զոհերի համար պատասխանատվություն են կրելու։ Մենք 30 տարում միլիարդավոր դոլարներ ենք ներդրել Արցախում, մեզ անընդհատ ասում էին՝ դուք վատ եք ապրում, դա նրա համար է, որ մենք Արցախ ենք պահում, հիմա փողը կորել է, չկա, Արցախը չկա, այդքան մարդ զոհվել է։ Այս կորուստների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել, սրանք հանցագործություններ են, որոնք իշխանությունները ծածկադմփոց են արել։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բացահայտումներն էլ են ուզում թաքցնել, որպեսզի հանրության սեփականությունը չդառնա։ Եթե այդ ամենը դուրս գա ջրի երես, դատվելու են, իրենց որոշումների հետեւանքով մարդիկ են զոհվել, պետություն է կործանվել, մարդիկ գերության մեջ են հայտնվել, մինչ այսօր չեն վերադարձվել, եւ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եվ անընդհատ ներքին պառակտիչ գործունեություն են ծավալում, այդ ամենը մեզ չի ուժեղացնում, մեզ չի կայացնում որպես ուժեղ հանրություն ու պետություն։ Դրանից էլ ով ասես եւ ինչպես ասես օգտվելու է։ Ինչո՞ւ միայն Ադրբեջանը, բոլորն էլ օգտվում են այս իրավիճակից, ինչու ԱՄՆ-ն չի օգտվո՞ւմ, Թուրքիան չի օգտվո՞ւմ, Ռուսաստանը չի օգտվո՞ւմ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031