Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ կա «Սյունիքի միջանցքի» ու «Թրամփի ուղու» միջեւ …

Հոկտեմբեր 20,2025 12:00

Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմից հետո: Թուրք-ադրբեջանական տանդեմն  այդ պատերազմից առաջ էլ մշտապես հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսացել եւ հանդիսանում է Ադրբեջանի մարզերից մեկը եւ այն կորցնելու հենց առաջին պահից նրանք չեն հաշտվում այդ իրողության հետ ու ամեն կերպ փորձելու են հայերից ետ վերցնել այն եւ մտցնել Ադրբեջանի կազմի մեջ, որին, ցավոք, հայերը մի տեսակ անլուրջ էին վերաբերվում: Ցավոք, այսօր դա արդեն իրողություն է, Արցախը լիովին հայաթափված է եւ գտնվում է Ադրբեջանի կազմում, որի բացատրության մասին կարելի է շատ երկար խոսել:

Շատ երկար է խոսվել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հորինված «Խաղաղության համաձայնագրի» անհեթեթության մասին, սակայն այդ խոսակցությունը մինչեւ այսօր շարունակվում է ու քանի որ այդ փաստաթղթում տեղ է գտնում միայն Ադրբեջանի ցանկությունները եւ առաջարկությունները, Ադրբեջանն ավելի է լկտիանում, որի հետեւանքով էլ հորինեց «Արեւմտյան Ադրբեջան» արհեստական գաղափարը եւ մինչեւ այսօր այդ տիեզերական սուտը հաջողությամբ կյանքի են կոչում աշխարհով մեկ, քանզի դրա դեմ Հայաստանը լուրջ քայլեր չի ձեռնարկում, որի հետեւանքով Ադրբեջանն այդ ծիծաղելի ֆարսը լսելի է դարձնում աշխարհով մեկ, որին էլ շատուշատ երկրներ արդեն լուրջ են վերաբերվում: Դա հենց այն ապագա հիմքն է, որի վրա հիմնվելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է կիրառել նույն 44-ամյա պատերազմի մոդելը, այս անգամ թիրախ դարձնելով ողջ Հայաստանի Հանրապետությունը, որի վրա եւս դարձյալ աչք կփակեն համարյա բոլոր երկրները, ինչպես դա արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, շարունակելով խաղալ իրենց նախկին ներկայացումը: Եթե սրան ավելացնենք այն ամենն, ինչ այսօր՝ արդեն տարիներ շարունակ, օրը ցերեկով անում են Գազայում, ապա հստակ է, որ դա շատ ավելի բացահայտորեն, առանց աչք թարթելու կանեն նաեւ Հայաստանի նկատմամբ, քանզի դա առանց խղճի խայթի ու առանց չնչին պատասխանատվության արդեն արել են Արցախի նկատմամբ, որը մոռացվել է եւ ավելին՝ նրանք բոլորը մի շնչով ողջունում են այդ թշնամի երկրների միջեւ իբր կնքվելիք «Խաղաղության համաձայնագրի» նախագծի աստիճանական կյանքի կոչվելը, դրանով հաստատելով, որ այդ երկրների միջեւ իբր ոչինչ էլ չի եղել եւ այդ ամենն իրոք տանում է նրանց միջեւ «խաղաղության ապագա համաձայնագրի» կնքման եզրափակիչ փուլին, որին էլ հենց «սատարում» են այդ «բարեկամ» երկրները: Ավելին, ԱՄՆ-ում այդ ամենն օգոստոսի 8-ին Թրամփի գլխավորությամբ՝ միջնորդությամբ, այդ երկու երկրների ղեկավարներն անլրջության գագաթնակետին հասցրին, որի արդյունքում փաստացի ստորագրվեց Թրամփ-Ալիեւ-Փաշինյան «համաձայնագրի» նախաստորագրման գործընթացը՝ ներկայացումը, որի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո Սյունիքի 42 կմ միջանցքն  անպայմանորեն կբացվի ու այն 99 տարով վերահսկողության կհանձնվի ամերիկյան որեւէ մասնավոր ընկերության, ինչպես նաեւ այդ նույն ժամկետով Մեղրին եւս կհանձնվի նույն ընկերության վերահսկողությանը՝ առանց Հայաստանի մաքսային ծառայության վերահսկողության՝ ինքնահոսի կարգավիճակով, չարձանագրելով եւ չհստակեցնելով այդ երկրների միջեւ ծագող խնդիրների լուծման ռազմավարության ու մարտավարության կարգավորումը: Լիովին բնական կլինի, որ դրանից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը միջնորդի Թրամփին, որպեսզի հենց իրենց նախընտրած ընկերությունն իրականացնի այդ վերահսկողությունը կամ նրա անհամաձայնության դեպքում, գոնե մաքսիմալ թվով թուրք եւ ադրբեջանցի մասնագետների խցկի այդ ընկերության մեջ, որոնք հետագայում այդտեղ կդառնան մեծամասնություն, որն էլ հետագայում՝ փաստացի իր ձեռքը կվերցնի այդ միջանցքի ու Մեղրիի ողջ վերահսկությունը եւ Հայաստանին կզրկի իր սպասելի բոլոր իրավունքներից ու կմնա լիովին ձեռնունայն: Այդ «համաձայնագրի» վերջնական ստորագրումից հետո, այդ ամենն իսպառ կմոռացվի եւ թուրք-ադրբեջանական տանդեմը բացառապես կանի այն, ինչն իրեն է ձեռնտու: Այդ պարագայում, եթե հայերն սկսեն թեկուզ փոքր-ինչ անհամաձայնություններ հայտնել, ապա Ադրբեջանը կանցնի իր վերջին քայլին՝ կփորձի լայնածավալ պատերազմի միջոցով ջախջախել ու լիովին տիրանալ ամբողջական Հայաստանին, փորձելով արդարանալ, որ իբր Հայաստանն է լիովին խախտել կնքված «խաղաղության համաձայնագրի» հիմնական կետերը՝ բացի պատերազմից, այլընտրանք չթողնելով Ադրբեջանին:

Փաստորեն, այդ փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո եւ մինչեւ այսօր էլ Ալիեւի ցանկացած ելույթի ժամանակ նա բացահայտորեն հայտարարում է, որ Թրամփի ուղի կոչվածը հենց Սյունիքի միջանցքն է ու եթե նրանք այլ ճանապարհ չգտնեն, ապա հերթական պատերազմի միջոցով կհարձակվեն Հայաստանի վրա եւ ուժով կտիրեն նաեւ այդ միջանցքին: Նա ամեն ելույթի ժամանակ բացահայտորեն հայտարարում է, որ իրենք ամեն վայրկյան զինվում են եւ ցանկացած պահի պատրաստ են դրան: Եթե այնպիսի մի մարդ՝ տվյալ դեպքում ԱՄՆ նախագահ Թրամփը, որը նույնիսկ Հայաստանի անունը չգիտի եւ նրան Ալբանիա է անվանում, Ադրբեջանին՝ մեկ այլ անունով, ապա այս պարագայում ի՞նչ անուն կարելի է տալ օգոստոսի 8-ին կնքված՝  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրած փաստաթղթին, երբ Թրամփն անգամ տեղյակ չէ, թե ո՞ր երկրների միջեւ ու ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվում: Հետեւապես, ինչպե՞ս կարելի է այս ներկայացումը լուրջ ընդունել, եթե Թրամփի համար կարեւոր չէ, թե իր կողքին ո՞ր  երկրների պաշտոնյաներն են նստած եւ ի՞նչ են ստորագրում:

Մի՞թե այս ամենը պարզորոշ չի նշանակում, որ Թրամփն այս ամենի մասին խորքային տեղեկություն չունի, ուղղակի համապատասխան պաշտոնյաները նրան ընդամենը մղել են այս քայլին եւ ասել, որ այս փաստաթղթի նախաստորագրումից հետո, այդ երկու երկրների ղեկավարները՝ որպես խաղաղության մարտիկներ, իրեն կներկայացնեն Նոբելյան մրցանակի, որից հետո նա այլ պատասխանատվություն չի կրի ու դրանով իր անելիքն ավարտած կլինի: Թրամփի այն մոտեցումը, որ հարցեր առաջանալու դեպքում, այդ երկու երկրների ղեկավարները կարող են զանգել իրեն, ընդամենը ծիծաղելի ու մանկական մոտեցում է, որի մասին ասաց նա լրագրողի հարցին ի պատասխան, քանզի նրան պատրաստի տվել էին տվյալ հարցի այդ պատասխանը, որն անորոշ՝ ոչինչ չասող անհեթեթություն է: Նա անգամ հաշվի չառավ, որ աշխարհն ուշ-ուշի հետեւում էր այդ իրադարձությանը եւ բոլորն են հասկանում, որ անգամ Նեթանյահուն ուզած ժամանակ չի կարող միանգամից զանգել իրեն, էլ ո՞ւր մնաց, որ այդ փաստաթղթի բովանդակության խախտման դեպքում, Ալիեւն ու Փաշինյանը կարողանան միանգամից զանգել նրան ու գանգատվել, որն էլ իբր՝ նա մի ակնթարթում կլուծի:

Կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ այնքան պարզ ու ծիծաղելի է, որ սրա մասին շարունակելն անգամ աբսուրդ է, քանզի այս ամենն ընդամենը նման է մի քանի դպրոցականի խոսակցության մակարդակի:

Պետք է բացարձակապես կույր լինել, չտեսնելու. եթե ուրիշ որեւէ այլ բան, քան Գազայում տեղի ունեցողն է՝ նույն Թրամփի «լուրջ եւ անմիջական», եվրոպական մի շարք երկրների անմիջական մասնակցությամբ, աշխարհի բազմաթիվ երկրների՝ անգամ հենց Իսրայելի ժողովրդի առաջադեմ հատվածի կեցվածքին հակառակ, ինչ  կատարվում է այնտեղ, էլ ո՞ւր մնաց հույս դնել նույն Թրամփի վրա, որ իբր նա լուծելու է Հայաստանում խաղաղության ու անվտանգության հարցն այն դեպքում, երբ ինչպես բազում երկրներ, առաջին հերթին հենց ԱՄՆ-ը՝ միմիայն ներկայացում է խաղացել ու խաղում Հայաստանի գլխին եւ սին հույսեր տալով, նենգորեն խաբել ու խաբում նրան՝ սկսած Արցախի հայաթափումից: Այսքանից հետո, էլ ի՞նչ լինի, որ հասկանանք, թե իրականում ովքե՞ր են  Հայաստանն  ու Ադրբեջանն ԱՄՆ-ի համար: Մեծ ամոթ է, որ այս ամենից հետո, Հայաստանի փրկության հույսը կարելի է դնել ԱՄՆ-ի վրա եւ այս անգամ էլ հայաթափել Հայաստանը:

Մի՞թե, այսքանից հետո հասկանալի չէ, որ զուտ բառախաղի մակարդակով փորձում են շեղել հայ ժողովրդին, «Սյունիքի միջանցքի» անունը դնելով «Թրամփի ուղի», որպեսզի հայ ժողովուրդը մտածի, որ «Սյունիքի միջանցքին» ոչինչ չի սպառնում ու խոսքն ընդամենը Թրամփի ու նրա անվամբ հորինված նոր ուղու մասին է:

Հայեր, բավական է, բերենք վերջապես փոքր-ինչ խելքի գանք:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031