Ըստ ՀՔԱՎ-ի`դեռեւս չենք կարող դրական գնահատել զինված ուժերում ինքնասպանության եւ սպանության հետեւանքով մահվան դեպքերի կանխման ուղղությամբ այդ ծառայողական քննությունների եզրակացությունների հիման վրա ձեռնարկված գործողության ազդեցությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է տեղեկանք 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ: Ըստ հեղինակների` եթե 2010 թվականից մինչեւ 2023 թվականը զինծառայողների մահացության դեպքերի ուսումնասիրությունն ընդգրկում էր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի/ Լեռնային Ղարաբաղի (ԱՀ/ԼՂ) զինված ուժերը, ապա 2024 թվականից սկսած մահացության դեպքերի ուսումնասիրությունն ընդգրկում է միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, քանի որ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ԱՀ/ԼՂ-ի հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում Արցախը/Լեռնային Ղարաբաղը դադարեց գոյություն ունենալ եւ հետեւաբար լուծարվեց նաեւ ԱՀ/ԼՂ պաշտպանության բանակը։ Տեղեկանքում ներկայացվել են 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք կազմակերպությունը հավաքագրել է զանգվածային լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, զինծառայողների հարազատներից հավաքագրված տեղեկությունների, ինչպես նաեւ կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:
ՀՔԱՎ-ի տեղեկանքի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպությանը տրամադրած տվյալները հետեւյալն էր` 2025 թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 15 զինծառայողի մահացության դեպք, մինչդեռ զինծառայողների անունների, նրանց մահվան դեպքերի պատճառների, արձանագրման կոնկրետ ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չեն տրամադրվել՝ համարվելով գաղտնի։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեղեկացվել է 2025 թ. առաջին կիսամյակում 7 զինծառայողի մահվան դեպքերի մասին։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը կազմակերպության 2025 թ. տեղեկատվության հարցումներին ի պատասխան տրամադրել է միայն 2025 թ. հունվար-մարտ ամիսներին զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ մանրամասները, իսկ ապրիլ-հունիս ամիսներին նույն տվյալները մինչ օրս՝ 3 ամիս անց, ՀՀ գլխավոր դատախազությունում դեռեւս չեն ամփոփվել, ինչպես նշվում է գերատեսչության գրավոր պատասխանում։
Իրավապաշտպան կազմակերպության տեղեկանքի հեղինակները նշել են, որ զինծառայողների մահացության ոչ բոլոր դեպքերի մասին է տարածվում պաշտոնական հաղորդագրություն, իսկ դրանց մասին առավել համապարփակ տվյալները որպես կանոն տրամադրվում են միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 15 զինծառայողի մահացության դեպք հետեւյալ պատճառներով՝
- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 3 դեպք,
- առողջական խնդիրներ՝ 3 դեպք,
- դժբախտ պատահար՝ 2 դեպք,
- սպանություն՝ 2 դեպք,
- ավտովթար՝ 1 դեպք,
- 4 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։
Նշվել է, որ նախորդ` 2024 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում գրանցվել էր 27 զինծառայողի մահվան դեպք:
2025 թ. առաջին կիսամյակում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 44 տոկոսով՝ 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի տարբերություն 2024 թ. առաջին կիսամյակի, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 1 զինծառայող, 2025 թ. մարտական պայմաններում զինծառայողների մահացությունների դեպքեր չեն գրանցվել։
Կազմակերպությունն արձանագրել է` զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալներն ամբողջությամբ չեն ներկայացնում դեպքերի մանրամասները, մասնավորապես, հանգամանքները, պատճառները, ժամանակահատվածը: Նշվել է նաեւ, որ 2025 թ. առաջին կիսամյակում 15 զինծառայողներից միայն 5-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 1 դեպքի մասին տեղեկություն է տարածվել 15 միայն զանգվածային լրատվամիջոցներով։ Մյուս 9 դեպքերի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:
Չնայած, 2025 թ. առաջին կիսամյակում մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զինծառայողների մահացության դեպքեր չեն արձանագրվել, սակայն նշված ժամանակահատվածում զինծառայողների մահացության բոլոր դեպքերն արձանագրվել են ոչ մարտական պայմաններում եւ դրանց մեկ երրորդ մասը սպանության եւ ինքնասպանության հետեւանքով են։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ զինծառայողների մահացության դեպքերում ինքնասպանության եւ սպանության հետեւանքով մահացության դեպքերի տեսակարար կշիռն էականորեն աճել է 2025 թվականին։
Նշվել էր Սպա-հոգեբանի ինստիտուտի ոչ արդյունավետ գործունեության մասին: Այդ մասին վկայում են զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով քրեական հանցագործությունների դեպքերը։ Ըստ ՀՔԱՎ-ի`ՀՀ պաշտպանության նախարարության այն պնդմանը, որ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների դեպքերի առնչությամբ անցկացվում են ծառայողական քննություններ դեպքի հանգամանքները, դրանց առաջացմանը նպաստող գործոնները, ծառայության կազմակերպման ու իրականացման գործընթացներում տեղ գտած թերություններն ու բացթողումները պարզելու համար, սակայն դեռեւս չենք կարող դրական գնահատել զինված ուժերում ինքնասպանության եւ սպանության հետեւանքով մահվան դեպքերի կանխման ուղղությամբ այդ ծառայողական քննությունների եզրակացությունների հիման վրա ձեռնարկված գործողության ազդեցությունը։
ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին հետաքննությունների վարչությունը պատասխանատու է բողոքների քննության եւ զինվորական կառուցվածքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համար: Բայց արդյոք դա այդպես է:
Ինչ վերաբերվում է զինծառայողների իրավունքների ահազանգման մեխանիզմներին, տեղեկանքում նշվել էր հետեւյալը. ՀՀ զինված ուժերում «սմարթֆոն» տեսակի բջջային հեռախոսների կիրառման սահմանափակումների պատճառով ժամկետային զինվորական ծառայություն իրականացնողները հնարավորություն չունեն անձամբ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգերը։ Փոխարենը, ըստ ՀՀ պաշտապանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի ղեկավարի, ժամկետային զինծառայողների ահազանգերը կարող են ներկայացվել վերջիններիս ընտանիքի անդամների կողմից, ինչը մինչ այդ էլ կիրառվում էր։ Ըստ այդմ, կարեւորվում է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր մեխանիզմների ներդրումը, բայց եւ, հաշվի առնելով գործառույթի միջնորդավորված լինելու հանգամանքը, մեխանիզմը բավարար չափով եւ օբյեկտիվորեն չի կարող վերհանել զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայողների իրավունքների խախտման դեպքերը: Տեղեկանքում կան բազմաթիվ առաջարկներ:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2025