Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բեռնատարների վարորդներն են հավաքվել: Նրանց պահանջը կառավարությունից նույնն է եւ դեռ անպատասխան:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ եւ փոխել այնտեղ խստացված օրենսդրության պայմանները, ըստ որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են Ռուսաստանում գտնվել մինչև 90 օր։
-Նախորդ հանդիպումից մինչ այս պահը ոչ մի արձագանք չկա կառավարությունից, – լրագրողների հետ զրույցում դժգոհեց վարորդներից մեկը,- Որ խանութները մտնում եք՝ լիքն է, այս տղերքն են բերել էդ ապրանքը, շոգ է, ցուրտ է, անձրեւ է, ո՞վ է իմանում՝ էս տղեն ոնց է բերել: Ինչ-որ տեղ իհարկե, կառավարության անգործության հետեւանք է, կարող էին ներքին կարգով անել, սրա հարց լուծելն ի՞նչ է,- շարունակեց ցուցարարը:
Կարդացեք նաև
Ինչ քայլեր են պատրաստվում վարորդներն իրականացնել հարցի լուծման համար, լրագրողների զրուցակից վարորդը նկատեց, որ 2018-ից հետո հարցերը ճանապարհ փակելով են լուծվում, իրենք էլ ճանապարհ կփակեն կամ կբոյկոտեն ու մեկ ամիս չեն աշխատի:
-Մի ամիս, որ ոչ գնանք, ոչ տանենք, ոչ բերենք, տեսնենք՝ ինչ են անելու,- ասաց վարորդը:
Մեկ այլ ցուցարար էլ ասաց՝ Գեւորգ Պապոյանի աշխատանքից ոչ պատկերացում ունի, ոչ էլ գլուխ է հանում. «Մենք ի՞նչ իրավունք ունենք գանք այստեղ կանգնենք, մենք պետք է ռեյսի գնանք: Մենք ինչու պետք է 5 օրից ավել տանը լինենք, որ մի հատ էլ գանք ակցիա անենք, խնդրենք, ասենք՝ եկեք մեր հարցով զբաղվեք…Սա պետության հարցն է, մեր թաղի ջրի հարցը չէ, որ բնակիչներով խողովակն առնենք, փոխենք: Եթե պետության համար չգնանք ցորենը բերենք, մեր պետությունը սոված կմնա: Եթե մտածում են վրացին, ռուսը բերի, ինչի համար ռուսը բերի, թող մեր հայն աշխատի»:
Նրա խոսքով՝ վարորդներին ոչ մեկը չպիտի նեղացնի, որովհետեւ արդեն նեղացած ղեկը, փորձանքը ձեռքներին ճամփա են ընկնում. «Բա նեղություն չի՞, եթե գնաս ճանապարհին կանգնես տասը օր, որ ոչ նորմալ ուտելու տեղ կա, ոչ նորմալ զուգարան, դու քեզնից արդեն նեղանում ես: Մեր գործը, որ լավը լիներ, կառավարության կազմը կգնար ոչ թե պատգամավոր, այլ ֆուռի վարորդ կդառնար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ