Վրաստանի տրանսպորտի դեպարտամենտը հոկտեմբերի 17-ից սկսել է տուգանել Երեւան-Թբիլիսի, Երեւան-Բաթումի եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներ իրականացնող հայկական տրանսպորտային միջոցները՝ ինչպես միկրոավտոբուսները, այնպես էլ մինիվենները: Յուրաքանչյուր մեքենա տուգանվում է 5000 լարիով՝ մոտ 750 000 դրամ։ Այս մասին ահազանգում է ուղեւորափոխադրող ընկերության տնօրեն Արտյոմ Ասրիյանը։
«Առավոտի» հետ զրույցում Արտյոմ Ասրիյանն ասաց, որ այսօր ուղեւորափոխադրող ընկերությունները դիմելու են ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ պարզաբանում ստանալու։ «Այսօրվա դրությամբ իրավիճակը նույնն է մնում՝ շարունակում են զանգվածաբար տուգանել։ Մեր աշխատանքի 14 տարիների ընթացքում իրավիճակն աննախադեպ է։ Ակնկալում ենք անհապաղ արձագանք Հայաստանի համապատասխան մարմիններից։ Մեզ շատ մոտավոր պատասխան են տալիս վրացական կողմում, ասում են՝ միջպետական ուղեւորափոխադրումներ կատարելու իրավունք չունեք, որովհետեւ չունեք համապատասխան լիցենզիա։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ 8 տեղանոց մեքենաների համար մեր երկիրը համապատասխան լիցենզիա չի պահանջում։ Եվ այսքան ժամանակ չի պահանջել նաեւ Վրաստանը։ Երբ մեր միկրոավտոբուսներն են գնում առանց լիցենզիա, ինչ-որ տեղ կարող ենք հասկանալ այդ գործելաոճը, մտածենք, որ նոր օրենսդրական կարգավորում է, որոշում են խստացնել, որի շրջանակներում տուգանում են։ Բայց 8 տեղանոց մեքենաները տուգանելու ոչ մի իրավունք չունեն, եւ այդ մասին հենց իրենց երկրում փաստաբաններն են պնդում։ Միանշանակ, այդ ակտերը բոլորը բողոքարկման են գնալու, քանի որ շատ թույլ հիմքերով են»,- ասաց նա։
Արտյոմ Ասրիյանը նշեց, որ հայ վարորդներին տուգանում են ամենուր, տուգանքի տարբեր մեթոդներ են գործում։ «Յուրաքանչյուր ընկերություն Վրաստանում ունի իր կանգառը։ Առաջին օրը մեր կանգառներում էին կանգնել՝ մետրոյի տարբեր կայարանների մոտ ու այդտեղ էին տուգանում մեքենաներին։ Բացի ուղեւոր վերցնելու տուգանում էին նաեւ ուղեւոր իջեցնելու ժամանակ, ինչն ընդհանրապես անհասկանալի է։ Երկրորդ օրը՝ շաբաթ օրն արդեն կանգնել էին սահմանից մի 600-700 մետր դեպի Վրաստան։ Եվ այն մեքենաները, որոնք վրա արդեն նախորդ օրը տուգանք էր գրվել, այդ մեքենաները տուգանային հրապարակ էին տանում»,- ասաց նա։
Ասրիյանը նշում է, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ուղեւորափոխադրող ընկերություններն ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը։ «Մի պահ ուղղակի պատկերացրեք՝ օրվա ընթացքում 3-4 տարբեր մեքենաներ տուգանվում են եւ ոչ փոքր գումարով։ Այսինքն՝ ոչ մի ընկերություն այսօր ի վիճակի չէ օրական 2-3 մլն դրամ տուգանք վճարել։ Սա բերելու է մեր ընկերությունների փակմանը, բերելու է ինչ-որ մի նոր ընկերության առաջացման, որն արդեն կաշխատի մոնոպոլ տարբերակով։ Բնականաբար, կունենանք անհամեմատ թանկ շուկայական գին, ավելի քիչ մեկնող մեքենաներ, ինչն էլ իր հերթին կստեղծի շատ մեծ անհարմարություններ մեր ժողովրդի համար։ Իսկ թե Երևանից դեպի Վրաստան տրանսպորտը ինչքան կարեւորն է մեր երկրի համար, ինձ թվում է՝ դա բոլորն են հասկանում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Արտյոմ Ասրիյանը բոլոր ուղեւորափոխադրող ընկերություններին ու վարորդներին կոչ է արել միավորվել՝ խնդիրը համատեղ լուծելու համար։ «Մենք մտադիր ենք բողոքարկել բոլոր տուգանքները վրացական օրենսդրության համաձայն եւ առաջարկում ենք դա անել միասին։ Իսկ մեր Տարածքային կառավարման նախարարությունից պահանջելու ենք մեր երկրի օրենսդրությունն այնպես համապատասխանեցնել, որպեսզի կարողանանք անխոչընդոտ իրականացնել ուղեւորափոխադրումները, որովհետեւ մեր երկրի տարածքում այսօր մենք լրիվ օրինական ենք աշխատում»,- նշում է նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ