Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։
Արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից նախագահ Խաչատուրյանին է հանձնել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առթիվ հրատարակված հատորը՝ փոխանցելով նաև Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույններն ու օրհնությունը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել թանկարժեք նվերի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արամ Ա Կաթողիկոսի հոգևոր և ազգային գործունեությունը՝ ընդգծելով նրա մշտական նվիրվածությունը համահայկական միասնության և մեր ժողովրդի արժեհամակարգի պահպանման գործում։ Նախագահն իր հերթին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Վեհափառ Հայրապետին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման, երիտասարդ սերնդի հոգևոր ու ազգային դաստիարակության, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցերի։ Քննարկվել են համահայկական միասնությունը զորացնող նախաձեռնությունների շարունակականության ապահովման ուղիներ։
Կարդացեք նաև
Արքեպիսկոպոս Սարգիսյանը փոխանցել է Արամ Ա Կաթողիկոսի հույսն ու ակնկալիքը, որ մեր կյանքում նկատվող մտահոգիչ երևույթները Աստծո օրհնությամբ և բարիքի առաջնորդությամբ կգտնեն իրենց դրական լուծումը՝ հանուն մեր ժողովրդի միասնության, խաղաղության և բարգավաճման։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ