Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում գլուխ չեն հանել Arlis-ից. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հերքում է պահանջում

Հոկտեմբեր 20,2025 19:20

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն օրերս հանդես է եկել երկու հայտարարությամբ, որոնցով պնդում է, թե այն ենթադրյալ արարքը, որի մասին բարձրաձայնել էր Տեր Արամը սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերության եթերում, և որի մասին սեպտեմբերի 17-ին մենք ներկայացրել ենք հանցագործության հաղորդում, քրեականացվել է 2021թ. հուլիսից (ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից) և, հետևաբար, անձինք չեն կարող պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը կատարման պահին (2021թ. հունիս) քրեական օրենսգրքով արգելված չի եղել:

Հայտնում ենք, որ նշված պնդումը սխալ է և, հավանաբար, իրավական ակտերում չկողմնորոշվելու արդյունք:

Նախ, հարկ ենք համարում ընդգծել, որ նկարագրված արարքը քրեականացված է եղել նախկին քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին ՀՕ-181-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2021թ. մայիսի 7-ին: Այլ կերպ ասած՝ արարքը քրեականացված է եղել նախքան Տեր Արամի կողմից մատնացույց արվող ժամանակահատվածը՝ 2021թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը (2021 թ. հունիս):

Ավելին, հարկ ենք համարում ընդգծել, որ նախընտրական քարոզարշավի կոնտեքստում նշված արարքը քրեականացված է դեռևս 2018թ. հունիսի 4-ից, երբ ուժի մեջ մտավ նախկին քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին ՀՕ-320-Ն օրենքը:

Այլ կերպ ասած, որևէ կասկածից վեր է, որ ցանկացած (առավել ևս՝ նախընտրական) հանրահավաքին անձանց մասնակցելուն պարտադրելը կամ նյութապես շահագրգռելը (այդ թվում` աշխատանքային կամ ենթակայական այլ հարաբերությունների օգտագործմամբ) 2021թ. հունիս ամսին արդեն եղել է քրեական օրենսգրքով արգելված արարք:

Հայ ազգային կոնգրեսը, սակայն, իրավական ակտերի տեղեկատվական համակարգում, ըստ ամենայնի, չի կարողացել գտնել 2003թ. քրեական օրենսգրքի համապատասխան (փոփոխություններն ինկորպորացված) տարբերակը և սխալմամբ պնդել է, որ 2021թ. հունիսի դրությամբ քրեականացված է եղել միայն բռնությամբ կամ դրա սպառնալիքով հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը, իսկ մնացած դրսևորումները քրեականացվել են միայն հուլիսից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով: Սակայն ՀԱԿ-ի նշած նորմը, ինչպես նկատեցինք, փոխվել է 2021թ. մայիսի 7-ից:

Ցավում ենք, որ Հայ ազգային կոնգրեսում չեն կարողացել գտնել 2021թ. մարտի 28-ին ընդունված, մայիսի 5-ին նախագահի կողմից ստորագրված և մայիսի 7-ին ուժի մեջ մտած ՀՕ-181-Ն օրենքը և նախկին քրեական օրենսգրքի համապատասխան ինկորպորացված տարբերակը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր քաղաքական ուժերին (այդ թվում՝ ՀԱԿ-ին) աջակցել ընտրություններին վերաբերելի իրավակարգավորումները հասկանալու հարցում:

Հուսով ենք, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը ոչ թե դիտավորության, այլ չիմացության և ոչ կոմպետենտության արդյունք է: Ակնկալում ենք ՀԱԿ-ի կողմից իր երկու հայտարարություններում մեր մասին նշված զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկությունների հերքում:

Ուստի կոչ ենք անում նաև պետական մարմիններին իրավաբանական գրագիտության դասեր կազմակերպել քաղաքական դաշտի դերակատարների համար՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու նպատակով: Կարևոր է, որ Հայաստանում իշխանության ձգտող սուբյեկտներն ունենան օրենքներում կողմնորոշվելու կարողություն:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031