Ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՄ մուտքի/ելքի նոր սահմանային համակարգը եւ ինչպե՞ս է այն գործելու
Ի՞նչ է EES-ը
Եվրոպական միության նոր Մուտքի/ելքի համակարգը (Entry/Exit System – EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից: EES-ն օգտագործող ԵՄ երկրները համակարգն իրենց արտաքին սահմաններին ներդնում են աստիճանաբար՝ մինչեւ 2026 թվականի ապրիլի 10-ը դրա լիարժեք ներդրումը:
Կարդացեք նաև
Համակարգը ենթադրում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների մեծ մասը ստիպված կլինի գրանցել իրենց կենսաչափական տվյալները սահմանին: Նախքան Եվրոպայի Շենգենյան գոտի մուտք գործելը ճանապարհորդների դեմքերը ենթակա են լուսանկարահանման, իսկ մատնահետքերը՝ սկանավորման։ Համակարգն ի վերջո կփոխարինի անձնագրում դրոշմակնիքների դնելու ներկայիս գործելակերպին։
Մուտքի/ելքի համակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ներառյալ հաճախակի տրվող հարցերը, հասանելի է EES-ի վեբկայքում։
Ո՞ր դեպքերում է այն կիրառելի եւ ո՞ւմ համար
EES -ը վերաբերում է Շենգենյան գոտուն որը ներառում է ԵՄ 27 անդամ պետություններից 25-ը, ինչպես նաեւ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան: Իռլանդիայի Հանրապետությունը եւ Կիպրոսը Շենգենյան գոտու մաս չեն կազմում, ուստի անձնագրերի մշակումը կշարունակեն իրականացնել ինչպես նախկինում։
EES-ը վերաբերում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիներին, որոնք կարճաժամկետ ուղեւորություն են կատարում դեպի եվրոպական երկիր՝ օգտագործելով EES-ը, եւ որոնք կամ՝
- ունեն կարճաժամկետ վիզա, կամ՝
- չունեն վիզայի կարիք՝ 180-օրյա ժամանակահատվածում առավելագույնը 90 օր Շենգենյան գոտու երկրներում մնալու համար։
Գոյություն ունեն որոշ բացառություններ, օրինակ՝ այն անձանց համար, որոնք ունեն երկարաժամկետ վիզաներ կամ կացության թույլտվություն։
Ինչպե՞ս է գործում EES-ը
EES-ի ներդրումից հետո առաջին անգամ Շենգենյան գոտի մուտք գործելիս ճանապարհորդները պետք է տրամադրեն իրենց անձնական տվյալները: Անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները կլուսանկարեն նրանց դեմքը եւ/կամ կսկանավորեն մատնահետքերը: Այս տեղեկատվությունը կգրանցվի թվային ֆայլում:
Գործընթացը կարող է ավելի արագ տեւել ճանապարհորդների կողմից իրենց որոշ տվյալների նախապես գրանցման դեպքում՝ օգտագործելով ինքնասպասարկման էկրան, եթե այն հասանելի է իրենց սահմանային անցակետում, կամ օգտագործելով բջջային հավելված, եթե այն հասանելի է ժամանման երկրում։
12 տարեկանից փոքր երեխաների մատնահետքերը սկանավորման ենթակա չեն։
Հաշվի առնելով հանգամանքը, որ անդամ պետությունների հայեցողությամբ համակարգը ներդրվում է աստիճանաբար, EES-ի հետ առաջին առնչությունը կախված է նրանից, թե ճանապարհորդն ուր է մեկնում եւ երբ: Օրինակ, Գերմանիան համակարգը կներդնի աստիճանաբար՝ սկզբում այն գործարկելով Շտուտգարտի փոքր օդանավակայանում, ապա այն ներդնելով Ֆրանկֆուրտում, որը Եվրոպայի ամենածանրաբեռնված ավիացիոն հանգույցներից մեկն է:
Անձնական տվյալներից զատ, համակարգն էլեկտրոնային եղանակով կարձանագրի ճանապարհորդների մուտքի եւ ելքի ամսաթվերը: EES-ն կնույնականացնի համակարգն օգտագործող եվրոպական երկրներում թույլատրված ժամկետից ավելի մնալու դեպքերը եւ կարձանագրի այս տեղեկատվությունը:
Իշխանության մարմինների կողմից ճանապարհորդների մուտքը մերժելու դեպքում համակարգը կարձանագրի նաեւ այս տեղեկատվությունը։
Ի՞նչ է տեղի ունենում հավաքված տվյալների հետ
EES-ի միջոցով թվային եղանակով հավաքված տվյալները կպահպանվեն երեք տարի՝ որոշ բացառություններով, որից հետո դրանք կջնջվեն։
Դրանք կարող են օգտագործվել համակարգն օգտագործող երկրների սահմանային, վիզային եւ միգրացիոն մարմինների, ինչպես նաեւ տեղական ոստիկանության եւ Եվրապոլի՝ Եվրոպական ոստիկանական գրասենյակի կողմից։
Երեք տարվա ընթացքում սահմանը կրկին հատելու դեպքում ընթացակարգը կլինի ավելի արագ, քանի որ ճանապարհորդի լուսանկարն ու մատնահետքերը դեռեւս հասանելի կլինեն տվյալների բազայում։
Եթե ճանապարհորդը հրաժարվում է տրամադրել լուսանկար կամ մատնահետքեր, Շենգենյան գոտի նրա մուտքը մերժվում է։
Արդյոք EES-ը կավելացնի՞ սահմանին սպասման ժամանակը
EES-ի աստիճանական ներդրումը անդամ պետությունների համար ապահովում է ճկունություն՝ հարմարվելու նոր համակարգին եւ նվազագույնի հասցնելու սահմանային հերթերը։ Նրանք նաեւ կունենան EES-ի գործունեությունը կասեցնելու հնարավորություն, եթե սպասման ժամանակը չափից ավելի լինի։
Թեեւ Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործող ճանապարհորդները պարտավոր կլինեն տրամադրել անձնական եւ կենսաչափական տվյալներ, նրանց հետագա անցումները շատ ավելի արագ կլինեն, քանի որ սահմանապահ մարմինների աշխատակիցները պարզապես կստուգեն այս տեղեկատվությունը, իսկ անձնագրերն այլեւս չեն դրոշմակնքվի։
Որո՞նք են նոր համակարգի առավելությունները
Եվրոպական միության համար EES-ը՝
- կարդիականացնի սահմանային կառավարումը՝ երրորդ երկրների քաղաքացիների մուտքերի, ելքերի եւ մուտքի մերժումների էլեկտրոնային գրանցման միջոցով.
- ավելի արդյունավետ կդարձնի սահմանային հսկողությունը՝ աստիճանաբար բարելավելով ճանապարհորդների փորձը.
- արդյունավետորեն կպայքարի անձնական տվյալների կեղծման դեմ՝ հավաքելով կենսաչափական տեղեկություններ.
- կբարձրացնի անվտանգության մակարդակը ԵՄ-ի ներսում.
- կնպաստի ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին՝ ծառայելով որպես ինքնության ստուգման գործիք։
Երրորդ երկրների քաղաքացիների համար EES-ը՝
- կտրամադրի ճշգրիտ տեղեկատվություն Եվրոպական միությունում մնալու առավելագույն թույլատրելի տեւողության վերաբերյալ.
- կվերացնի անձնագրի դրոշմակնքման անհրաժեշտությունը.
- աստիճանաբար կկրճատի անձնագրային հսկողության հերթերում սպասման ժամանակը՝ ավտոմատացված սահմանային հսկողության ներդրման միջոցով։
Արդյոք ես պե՞տք է դիմեմ նաեւ ETIAS ճանապարհորդության թույլտվություն ստանալու համար
Դեռեւս ոչ։ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության եւ թույլտվության համակարգը (ETIAS) նախատեսվում է գործարկել EES-ի ամբողջական ներդրումից հետո՝ 2026 թվականի վերջին եռամսյակում։ ETIAS-ը կկիրառվի ԵՄ անդամ չհանդիսացող այն երկրների քաղաքացիների համար, որոնք ազատված են վիզայի պահանջից։
ETIAS ճանապարհորդության թույլտվության համար անհրաժեշտ կլինի ներկայացնել առցանց դիմում՝ տրամադրելով անձնական եւ ճանապարհորդական տեղեկություններ, եւ վճարել 20 եվրո վճար։ Դիմումների մեծ մասը կմշակվեն րոպեների ընթացքում, որից հետո հնարավոր կլինի մուտք գործել 30 եվրոպական երկրներ այնքան անգամ, որքան ցանկանում եք՝ կարճաժամկետ մնալու նպատակով (սովորաբար մինչեւ 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում)։ Թույլտվությունն ուժի մեջ կլինի երեք տարի կամ մինչեւ ճանապարհորդի անձնագրի ժամկետի լրանալը։
EU NEIGHBOURS east