Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Արամի ցուցմունքում իր սուբյեկտիվ ընկալումներն են, իր վախերն են, որոնք նույնիսկ հարկադրանքի նմանություն կամ տարրեր իրենց մեջ չեն պարունակում. Պետրոս Պետրոսյան

Հոկտեմբեր 21,2025 22:15

Մեկ ամսով կալանավորված Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանն արդեն ներկայացրել է  վերաքննիչ բողոք պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ: Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Այս մասին Aravot.am-ին ասաց Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդն ու դիվանապետը կալանավորվել են Հովհաննավանքի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունների հիման վրա: Նա Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է չուզելով՝ վերադասի ցուցումով:

Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Տեր Արամը մանրամասնել էր. «Կոնկրետ ես էդ հրահանգները ստացել եմ դիվանապետից, իսկ դիվանապետը իր լիազորությունները չի կարող չարաշահել: Թեմի դիվանապետը, երբ որ հրահանգները մեզ ուղարկում է, ասում է, որ սա սրբազան հոր կարգադրությունն է»:

Տեր Գարեգին քահանա Արսենյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը օգտագործելու եւ հավաքներին հարկադրելու ու օժանդակելու հանցակազմի մեջ:

– Ոչ մի ապացույց չկա: Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքում չկա հարկադրանքի մասին որեւէ տվյալ: Տեր Արամ քահանայի ցուցմունքում նշվում է ինչ-որ չաթի մասին, որտեղ փոխանցվել են հանձնարարությունները հավաքներին մասնակցելու վերաբերյալ, բայց հարկադրանքի վերաբերյալ որեւէ տվյալ Տեր Արամը չի հայտնում: Ամենաաբսուրդի մասին ասեմ, հանրային հետապնդում հարուցելու մասին որոշումը, որ դատախազը կայացրել է, տարրական իրավաբանությանը չի համապատասխանում: Նույնիսկ նկարագրված չէ հանցագործություն: Այն հոդվածը, որ կարելի էր վերարտադրել, առանց փաստերը շարադրելու, գրել, որ հարկադրանք է տեղի ունեցել, նույնիսկ դա չի արված: Օրենքը հստակ տարանջատում է  հարկադրանքի ձեւերը՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, շանտաժի եղանակով հարկադրելու, դրանցից որեւէ մեկը նկարագրված չէ մեղադրանքում, որ հասկացվի՝ ինչում է մեղադրվում Տեր Գարեգինը,- ասաց պաշտպան Պետրոսյանը:

Բացի մեղադրանք ներկայացնելուց, Տեր Գարեգինի տանը խուզարկություն անելուց ու կալանքի միջնորդությունից Տեր Գարեգինի մասնակցությամբ քննչական այլ գործողություն չի իրականացվել:

-Անհասկանալի էր ՝ինչ էր ման գալիս խուզարկության ժամանակ վարույթ իրականացնող մարմինը, հավաքներին հարկադրելու հանցակազմի տիրույթում, բայց ոչ մի բան չեն գտել:

Այս գործի ամենամեծ աբսուրդն այն է, որ անձը մեղադրվում է  մի արարքի համար, որը առնվազն իր նկարագրությամբ հանցագործության հատկանիշներ չի պարունակում: Այն փաստակազմը, որ դրված է  մեղադրանքի հիմքում՝ Տեր Արամի ցուցմունքն է, այդ ցուցմունքում առնվազն հարկադրանքի մասին որեւէ նշում չկա: Ընդամենն  իր սուբյեկտիվ ընկալումներն են, իր վախերն են, որոնք նույնիսկ հարկադրանքի նմանություն կամ տարրեր իրենց մեջ չեն պարունակում,- ասաց Պետրոսյանը:

Ի դեպ, այս հարցազրույցից հետո Հայ Առաքելական եկեղեցին տարածեց հաղորդագրություն, որ Տեր Արամը կարգալույծ է հռչակվել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031