«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ ասաց. «Գյումրիում երեկվա իրադարձությունները, զարգացումները հստակ ապացուցում են, որ փաշինյանական իշխանությունը այլեւս չի կարողանում ռեալ նայել իրականությանը: Այն ոստիկանական զորքը, որ լցվել էր Գյումրի, տպավորություն էր, թե գնացել են Տորք Անգեղին զգետնելու:
Առաջինը՝ Փաշինյանն ուզում է այդ գործողություններով ընդհանուր վախի մթնոլորտ ստեղծել, ցույց է տալիս, որ ինքն իշխանությունը կպահի կարմիր, սեւ, չգիտեմ ինչ բերետավորներով՝ անկախ ամեն ինչից: Եվ դա ազդակ էր Էջմիածնում կայանալիք ընտրություններից առաջ, թե տեսեք, ես ընդդիմադիր թեկնածուների, ընտրված ընդդիմադիր քաղաքապետերի հետ վարվում եմ այսպես:
Ցավոք, Գյումրին միակը չէ: Առաջինը սկսվեց Ալավերդիից, որտեղ քաղաքապետը «Ապրելու երկրից» էր: Եվ իրական արշավ սկսվեց քաղաքապետարանի շենքի վրա: Այդ օրը իմ տպավորությունն էր, թե մոնղոլ-թաթարներն են հարձակվել այդ քաղաքապետարանի շենքի վրա: Հետո եղավ Տաթեւ խոշորացված համայնքում, հետո Վանաձորում կալանավորվեց ընտրված քաղաքապետը եւ այդ քաղաքը մնաց առանց քաղաքապետի ու մինչ հիմա էլ քաղաքը ինքնահոս է կառավարվում: Իսկ Մերձավանում, որտեղ քաղաքապետը շատ ավելի ընդունելի էր եւ բացարձակ առավելությամբ հաղթել էր ՔՊ-ի թեկնածուին, տեսանք, թե ինչ կատարվեց համայնքապետի հետ: Հիմա Գյումրին է, հերթն արդեն Էջմիածնինն է, որտեղ իշխանությունը արդեն սկսել է ռեալ կեղծիքներ»:
Տիկին Ստեփանյանը դիմելով էջմիածինցիներին՝ ցույց տվեց իր հեռախոսի մեջ ներբեռնված մի ցուցակ եւ նշեց, որ այնտեղ մուգ տառերով նշված չորս անձինք տվյալ հասցեի հետ բացարձակ կապ չունեն: Իսկ հասցեի սեփականատերն անակնկալի է եկել, երբ տեսել է, որ իր տան վրա գրանցված է չորս հոգի անհայտ ընտրող:
Կարդացեք նաև
Նա հորդորեց էջմիածինցիներին, նույնպես գնալ եւ ստուգել՝ գուցե նման դեպքեր իրանց տան վրա էլ կան: Ռուզան Ստեփանյանի գնահատմամբ այս իշխանությունը երկիրը վերածել է հսկա գաղութի, ինքն էլ դարձել է գաղութի պետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ