Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Վահագն Աբգարյանի ութամյա կալանքը երկարացվեց եւս երեք ամսով

Հոկտեմբեր 22,2025 12:30

2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ 6-րդ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Առուստամյանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ե.Մկրտչյանին ուղղված զեկուցագրով հայտնում է, որ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը «կազմավորել եւ ղեկավարում է հանցավոր խումբ, որի անդամները ներգրավված են տարբեր հանցավոր գործունեության մեջ»: Այն է` Վահագն Աբգարյանի /«ԱլավերդցիՎահանգն»/ հանցավոր խմբի անդամ «Վլե» մականվամբ Վլադիմիր Դավթյանը 2017թ. հունիսի 13-ին հրազենի գործադրմամբ սպանել է վերջիններիս հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի հարազատ եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու ՄՎ Վանաձորի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում, սպանության համար մեղադրանք է առաջադրվում Վ. Դավթյանին եւ վերջինս կալանավորվում ու տեղափոխվում է ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Ստացվում են օպերատիվ տվյալներ այն մասին, որ վերոնշյալ սպանության պատվիրատուն հանդիսացել է Վ. Աբգարյանը:

Քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության Վանաձոր քննչական բաժնից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն, որտեղ իրականացվում է նախաքննությունը:

Օրեր առաջ` հոկտեմբերի 17-ին Վահագն Աբգարյանի ութամյա կալանքը երկարացվեց եւս երեք ամսով: Այդ մասին երեկ «Առավոտին» ասաց նրա պաշտպան Աննա Ծառուկյանը: Պաշտպանի միջնորդությունը՝ խափանման այլ միջոց կիրառելու մասին, դատարանը մերժեց:

Այս գործով նոր դատավոր, նոր դատախազներ են ներգրավված: Տասներորդ դատավորը Սարգիս Պետրոսյանն է: Անձը ութ տարի անազատության մեջ է, տասներորդ դատավորն է փոխվում, այսինքն, ամեն բան սկսվում է նորից, քանի որ նրանք ամբողջությամբ ծանոթ չեն քրգործի նյութերին:

Պաշտպանը իր երրորդ գանգատը կուղարկի ՄԻԵԴ, հրատապությամբ քննվելու ակնկալիքով:

Դատարանը, որի որոշումը դեռ կողմերը չեն ստացել, պահպանել է վկաներին խոչընդոտելու եւ փախուստի դիմելու ռիսկը, ինչին համաձայն չէր պաշտպանական կողմը, քանի որ ըստ նրա, փաստական տվյալները վկայում են, որ Աբգարյանը երբեք չի փախել:

Ծառուկյանը բազմիցս է շեշտել, որ իր պաշտպանյալը` Աբգարյանը իրավաբանի կրթություն ունի, ինչը բավարար է նրա քայլերի գիտակցման համար:

Պաշտպանը միջնորդություն էր նաեւ ներկայացրել, որպեսզի Աբգարյանի հետ լրագրողների սահմանափակումները հանվեն: Այն դատարանը նույնպես մերժեց: Վարույթը ըստ էության նոր է: Նոր դատավոր, նոր դատախազներ են այս գործով, կան մի շարք տվյալներ, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտումով:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 20-ին նախաքննական մարմնի որոշմամբ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 223-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: 2018 թ. հունվարի 20-ին Վահագն Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահագն Աբգարյանի նկատմամբ 2018 թ. մայիսի 8-ին նախաքննական մարմնի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել էր եւ քրեական գործի մասը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննական մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար Վահագն Աբգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: 2018 թ. մայիսի 10-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտ, ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի երկու ատրճանակ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտների հետ միասին տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ քննիչ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին խոշոր չափերով «կաշառք»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031