Քո տունը չի սահմանափակվում քո բնակարանի դռնով կամ առանձնատան պատերով
Իմ խորին համոզմամբ մեր ժողովրդի եւ պետության՝ իր պատմության մեջ ամենամեծ խնդիրների առաջ կանգնելու հիմնական պատճառը տարրական հարգանքի բացակայությունն է յուրաքանչյուրի կողմից իր պետության, հայրենակցի եւ, ամենակարեւորը, իր հանդեպ: Դրա դրսեւորումները կարելի է գտնել բոլոր ոլորտներում՝ սկսած տարրական կենցաղային հարցերից եւ վերջացրած երկրի առջեւ ծառացած բարդ խնդիրների լուծումներ գտնելու հարցում: Կարելի է որպես կարեւորագույն խնդիր առանձնացնել նաեւ այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը միշտ կաղել է ճիշտ եւ արդիական ընտրություն անելու հարցում, ինչն առավել վառ դրսեւորում է ստացել իր շահերն առաջ տանող եւ ճիշտ զարգացումն ապահովող ղեկավարի ընտրություններում: Եվ դա շատ պարզ երեւացել է այն կոնտեքստում, որ նույն այդ ժողովուրդը, որն ընտրել է իրեն ղեկավար այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատին, շատ կարճ ժամանակ հետո մերժել է նրանց: Բայց նույնիսկ այս համատեքստում մեծ դեր է խաղում փոխադարձ հարգանքի առկայությունը կամ բացակայությունը: Չէ որ շատ կարեւոր է հարգել հակառակորդին (թշնամուն), որպեսզի կարողանաս հասկանալ նրա մտքերի, գաղափարների կամ գործողությունների դրական կամ բացասական, պետականանպաստ կամ հակապետական կողմերը: Պետք է հարգես դիմացինիդ, որպեսզի ինքնասիրությունդ կամ ավելի ճիշտ՝ եսասիրությունդ չխանգարի քեզ հասկանալ, թե դիմացինիդ որ միտքը կամ քայլը կարող է օգնել քեզ հասնել համապատասխան արդյունքների, եթե իհարկե՝ քո նպատակները միտված են մեր ազգի պահպանմանն ու զարգացմանը: Կուզեմ շեշտը դնել քաղաքական ուժ եւ անհատ ղեկավար տերմինների վրա, որի մասին կփորձեմ արտահայտվել ավելի մանրամասն քիչ ուշ:
Հայ իրականության մեջ շատ վառ է արտահայտված փոխադարձ հարգանքի բացակայությունը հատկապես մաքրություն պահելու հարցում: Եվ ոչ մի տարբերություն չկա, թե ասվածը վերաբերում է հոգեւոր, բարոյական, թե ֆիզիկական արժեքներին, սկսած հասարակության բամբասկոտության հասնող զրույցներից մինչեւ փողոցներում մաքրություն պահելու կուլտուրա: Կուզեմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել վերջին մտքին՝ կապված փողոցներում մաքրություն պահելու կուլտուրայի հետ: Ինձ համար լուսացույցների տակ եւ մայթերի եզրին կուտակված սիգարետի գլանակների կույտերը ամենավառն են արտահայտում քաղաքացու կողմից տարրական հարգանքի բացակայությունը , իր հայրենակիցների, այն տարածքի, որտեղ նա ապրում է եւ, ամենակարեւորը, ինքն իր հանդեպ: Հաճախ մարդիկ մանրուք են համարում գլանակի մասին զրուցել կամ ուշադրություն չեն դարձնում այդ զրույցի բացակայության կործանարար հետեւանքներին, բայց եթե մարդ պատրաստ չի նման փոքր քայլի իր պետության հոգսը թեթեւացնելու համար, ինչպիսին է աղբ չթափել դրսում, ինչ համոզմամբ կարելի է խոսել քաղաքացու ավելի ծանր զոհողության մասին:
Մեր հասարակության մեջ սերմանել են թքած ունենալու մեծ վարպետություն, իհարկե՝ բացասական իմաստով: Իմ տան մաքրությունը ամենակարեւորն է, բայց ոչ ոք, չի բացատրել այդ քաղաքացուն, որ քո տունը չի սահմանափակվում քո բնակարանի դռնով կամ առանձնատան պատերով: Քո տունն այն է, որտեղ քայլում ես, շնչում ես, աշխատում ես, հագնում ես , հանգստանում ես, զրուցում ես, որտեղ խաղում են քո երեխաները: Պակաս կարեւոր չէ նաեւ մեր հասարակությունում իշխող այն մթնոլորտը, որտեղ բոլորը միասին եւ յուրաքանչյուրն իր հերթին փորձում են իրենց մեջ եւ հրապարակայնորեն իրենց ուսերից գցել այս կամ այն վատ երեւույթի առկայության մեջ իրենց ունեցած բաժնի հանդեպ պատասխանատվությունը: Բոլորը բողոքում են կոռուպցիայից, բայց բողոքողների մեծամասնությունն ուրախ է դրա գոյությանը, բոլորը բողոքում են անգործությունից, բայց ոչ ոք չի ուզում կտրվել իր առօրյայից եւ իր ավանդն ունենալ այս պետության ապագայում, որն ի դեպ գալու է, բոլորը բողոքում են, որ քաղաքային իշխանությունները չեն մաքրում քաղաքը, բայց մեծամասնությունը մեքենայից աղբ է շպրտում: Պետք է յուրաքանչյուրը համարձակություն ունենա իր վրա վերցնել որոշ պատասխանատվություն: Ի վերջո մեղադրելուց հեշտ ոչինչ չկա: Իմիջիայլոց, սա էլ է հետեւանք հարգանքի բացակայության: Ես անընդհատ խոսում եմ մեր հասարակության մեջ եղած բացասական երեւույթներից ոչ նրա պատճառով, որ լավը չկա…լավ երեւույթներ շատ կան՝ ամեն դեպքում… դեռ: Պարզապես լավ երեւույթներ չեն, որ մեզ հասցրել են նման օրհասական դրության, այլ, ընդհակառակը, դրանց քանակի պակասելը եւ վատի ու բացասականի շատանալը, բայց իմ խորին համոզմամբ հասարակությունն ինքն իրենով չի դեգրադացվում, այլ մշտապես ձգտում է լավին, զարգացմանն ու առաջխաղացմանը: Ես կամ դուք, կամ մի երրորդ անձ կարող է իր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքն ունենալ, թե ում է ձեռք տալիս մեր հասարակության դեգրադացումը կենցաղայինից մինչեւ քաղաքական, բայց այստեղ ավելի մեծ հարց է առաջանում, թե ինչպես անել դրա դեմն առնելու եւ հակառակ ուղղությամբ շրջելու համար:
Հայկ ԱՐՄԵՆԻ ԴՈՐՈՒՆՑ
/շարունակելի/
«Առավոտ» օրաթերթ
21.10.2025