ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց, որ իր գույքն ապօրինի չէ, օրինական է։ Անդրադառնալով իր վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում գույքի գործով դատավարությանը՝ Տարոն Մարգարյանն ասաց․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դատ չի եղել, հասկանանք դատախազությունն ինչ է ներկայացնում, ըստ դրա կարտահայտվենք»։
Հարցին, թե ինչպե՞ս էր ստացվել, որ իր առանձնատան հասցեն «գոլդ» էր, Մարգարյանը պատասխանեց․ «Անընդհատ մամուլում խոսում եւ շահարկում են, նայեք, տեսեք՝ որ թվականին է այդ հասցեն եղել, եւ ընդհանրապես ո՞վ է որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել։ Իմ բախտը բերում է, ինձ գոլդ թվեր են հասնում»։
Անդրադառնալով առաջիկա քաղաքական պլաններին՝ նա ասաց․ «ՀՀԿ-ն ոնց կորոշի, այդպես ես կառաջնորդվեմ։ Եթե Հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարան, ուրեմն` խորհրդարան»։
Հարցին, թե Երեւանի քաղաքապետի աշխատանքին հետեւո՞ւմ է, արդյունավե՞տ է աշխատում Տիգրան Ավինյանը, Տարոն Մարգարյանը պատասխանեց․ «Քաղաքային տնտեսությունը գործող օրգանիզմ է, մի օր արդյունավետ կլինի, մի օր արդյունավետ չի լինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի։ Եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս է ժողովուրդն՝ ընտրություններով»։
Կարդացեք նաև
Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ ո՞րն է եղել ամենամեծ սխալը, ինչի համար զղջում է, Տարոն Մարգարյանը պատասխանեց․ «Աշխատանքի մեջ սխալներ լինում են, մենք մեր սխալների համար մեր ներողությունը խնդրել ենք, բայց էլի եմ կրկնում՝ քաղաքային տնտեսությունն իր ամենօրյա մարտահրավերն ուներ, եւ ամեն օր խնդիրներ կային։ Ժողովուրդն սկսում էր ավելի պահանջկոտ լինել, եւ քաղաքային իշխանությունը պարտավոր էր այդ պահանջները բավարարել։ Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել, որոշ ծրագրեր կիսատ են մնացել, հույս ունենանք, որ այս քաղաքային իշխանությունն ավարտին կհասցնի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ