Երևանի քաղաքապետարանի և Նեապոլի քաղաքապետարանի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր:
Ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Նեապոլի քաղաքապետի արտաքին հարաբերությունների ավագ խորհրդական Ֆրանչեսկո Սենեսսեն և Իտալիայում ՀՀ դեսպանի խորհրդական Հայկ Սարգսյանը։
Կողմերը նկատել են, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր հիմք է համատեղ ծրագրեր իրագործելու ու կուտակված փորձը փոխանակելու համար:
Կարևորելով իտալական քաղաքների հետ կապերի ամրապնդումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս առումով Նեապոլն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:
«Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է, քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան Գրիգորիո Արմենո անունով՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Դա մեր ժողովուրդների միջև կապի գեղեցիկ խորհրդանիշ է, որն ունի դարերի պատմություն: 2023թ., երբ Նեապոլի գործընկերոջս՝ քաղաքապետ Ջայտանո Մանֆրեդիի հետ խոսում էինք մեր քաղաքների միջև ուղիղ չվերթ ունենալու մասին՝ այդ գաղափարը մենք քննարկեցինք նաև այստեղ՝ Երևանում, և հիմա կարող եմ ուրախությամբ ասել, որ այն դարձել է իրականություն: Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը՝ մեր քաղաքները դարձնելով իրար էլ ավելի մոտ: Ստորագրված փաստաթղթով մենք նոր նախաձեռնություններ կունենանք Նեապոլի մեր գործընկերների հետ»,- նշել է քաղաքապետը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան