2025թ. նոյեմբերի 16-ին Էջմիածնում (որին միացվել է նաև Խոյ համայնքը) տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հոկտեմբերի 21-ին, համայնքի գյուղերից մեկում (Դողսում) ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում, որի մասին հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը:
Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում (հարթակում կանգնելու միջոցով) էր նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու: Նշվածը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:
Նշվածի վերաբերյալ կազմվել է հանցագործության հաղորդում, որը նախորդ գիշեր ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Էջմիածնում նույն լրագրողի կողմից արձանագրվել են նաև ՔՊ-ի քարոզարշավին կոմունալ (կամ բարեկարգման ստորաբաժանման) ծառայողների առերևույթ ներգրավում՝ նրանց աշխատանքային ժամին (աշխատանքային պարտականությունների կատարման փոխարեն): Ընդ որում, հրապարակումից կարելի է ենթադրել, որ կոմունալ ծառայության աշխատակիցները դա անում են վերադասի ցուցումով, համայնքային տեխնիկայի օգտագործմամբ, իսկ պաստառը փակցնում են արգելված վայրում:
Կարդացեք նաև
Նշվածը հանդիսանում է ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի ենթադրյալ խախտում, ըստ որի՝ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
Ավելին, եթե կոմունալ ծառայության աշխատակիցները վերադասի հրահանգով են գործել, ապա այդ վերադասի գործողություններում առերևույթ առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով արգելված արարք, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը:
Նշվածի մասին հանցագործության հաղորդումը ևս քիչ անց կներկայացվի դատախազություն և վարչական վարույթ հարուցելու դեիմումը՝ ԿԸՀ:
Կոչ ենք անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դադարեցնել համայնքային միջոցների առերևույթ ծախսումը նախընտրական քարոզչության վրա, քանի որ դա, չհերքվելու դեպքում, վարչական ռեսուրսի չարաշահման ամենավառ արտահայտումն է, որը զուգորդվում է հարկատուների գումարները կուսակցական նպատակներով յուրացմամբ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ