«Ներկուսակցական թեմաները բերեցիք ԱԺ ամբիոն, լավ չի»,-ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ ՔՊ-ի փակ խմբում քննարկումը հանրայնացվեց, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետո էլ ասաց․ «Դուք մեր աշխատանքային քննարկումներին մասնակցում եք և առիթ ունեցած կլինեք լսելու իմ դիրքորոշումն ու համոզմունքը, որ եթե ընտրություններում մենք վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք` ուզելով, թե չուզելով, մենք այդ ընտրություններում պարտվելու ենք։ Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք ՀՀ-ում հեղափոխություն արել»։
Ու շարունակեց խոսել PR-ի մասին՝ կարծիք հայտնելով, թե մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչ է դա, և փորձեց պարզաբանել․ «PR-ը հանրային հարաբերություններն են։ Մենք զբաղված ենք հանրային հարաբերություններով, և դա է քաղաքականությունը։ Այսինքն՝ հաղորդակցվել հանրության հետ և նորանոր ձևեր գտնել դրա համար։ Եվ այդ հաղորդակցությունը, եթե անկեղծ չէ, ինչքան ուզում են տեխնոլոգիա դնեն։ Դա չի փրկել 2018-ին ոմանց, 2021-ին չի օգնել, դրանից հետո մինչև հիմա և հետագայում էլ չի օգնելու»։
Հետո էլ հեգնանքով հարցրեց կառավարության հետ հարցուպատասխանը բոյկոտած ընդդիմադիր պատգամավորների մասին․ «Մեր գանձերը բա էսօր ո՞ւր են»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեգնանքը շարունակեց․ «Գանձարանում են»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում հարցուպատասխանին։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































