Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուխտագնացության մասնակիցների հանդեպ քաղաքական կամ այլ կողմնորոշումների բերումով խտրականություն չենք դրել»․ Աննա Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի ուխտերթը լուսաբանելու եւ հանրային միջոցները փոշիացնելու մասին

Հոկտեմբեր 22,2025 20:35

Aravot.am-ի զրուցակիցն է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Սարգսյանը

-Հանրային ռեսուրսների օպտիմալ կառավարման պատճառաբանությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է՝ կրճատել հանրային հեռարձակողների պարտադիր քանակը՝ երեքից դարձնելով երկու։ Նախագիծը խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Արդյունքում, եթե առավել հանրամատչելի արտահայտվենք, «Շողակաթ» հեռուստաընկերությունը կեթերազրկվի։ Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ հասարակական, մշակութային, կրթական եւ հոգեւոր դաշտը ներկայացնելու խնդիրը նաեւ մյուս երկու հեռարձակողներն են փակում։ Ո՞նց եք վերաբերվում նախագծին։

-Օրենքի այս փոփոխությունը նախևառաջ հարված է Հանրային հեռարձակողի ինստիտուտին: Հարցը երկու կամ երեքը չէ: Այստեղ առավել էական է առանձին ուղղվածությամբ հոգևոր-մշակութային հանրային հեռարձակող ունենալու՝ պետության  պարտավորության վերացումը:

Այսինքն, պետական իշխանության մարմինները օրենսդրական ճանապարհով սահմանափակում են պետության պարտավորությունների շրջանակը՝ նեղացնելով Հանրային հեռարձակողի մարմնի գործունեության շրջանակը: Հանրային հեռարձակմամբ պետությունը մշակութային հեռուստածրագրի հասանելիություն է ապահովում իր քաղաքացիների համար:

Այժմ այդ հասանելիությունն ապահովելու պարտավորությունը իր վրայից հանել է: Ավելին, բեռը թողնում է մյուս հանրային հեռարձակողների վրա: Գնահատվե՞լ են այդ ընկերությունների ֆինանսական ու մարդկային ռեսուրսներն ու հնարավորությունները: Նույն ԱԺ-ում, բյուջեի քննարկման ժամանակ հանրային հեռարձակում իրականացնողները ֆինանսական միջոցների սղության հարց են բարձրացնում ամեն տարի:

-ԱԺ քննարկումների ժամանակ խոսվեց նաեւ ֆինանսական վատնումների կամ ոչ արդյունավետ կառավարման մասին։ Օրինակ, իշխող ուժի ներկայացուցիչներ-նախագծի հեղինակները հայտարարում են, այս տարիների ընթացքում երեք միլիարդ դրամի վատնման մասին՝ առանց մրցույթի եւ մեկ անձից գնում կատարելու արդյունքում։ Ունե՞ք բացատրություններ։

-Ցավով եմ արձանագրում, որ ԱԺ ամբիոնից ոչ գիտակ և հանրությանն ապակողմնորոշող տեղեկատվություն է հնչում: Հանրային հեռարձակողը ՍՊԸ֊-ից (ենթադրաբար, խոսքը վերաբերում է «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ին) 3 միլիարդի գնում չի կատարել։ «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ֊- ից «Հոգևոր֊-մշակութային Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ( Հանրային հեռարձակողը) 2011 ֊-2025 թթ. ընթացքում տարեկան 600 000 դրամով գնել է օրական 14 ժամ տևողությամբ հեռուստածրագիր: 15 անգամ 600 000 կազմում է  ընդամենը 9.000.000 դրամ:

Օրենքով սահմանված գնումների ընթացակարգով այդ ձեռքբերումը կատարվել է՝ սկսած 2019 թվականից, ներառյալ 2025 թվականը: Այսինքն, 600.000 դրամ անգամ 6 տարի, կազմում է ընդամենը 3.600.000 դրամ։ ԱԺ պատգամավորի հնչեցրած «շուրջ 3 միլիարդը», հավանաբար, Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից «Հոգևոր- մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի՝ 2011-2025 թթ. բյուջետային ֆինանսավորման գումարն է, որը կազմել է 2.620.000.000 դրամ:

Այսինքն, պետությունը ծախսելով ընդամենը 2 միլիարդ 620 միլիոն դրամ գումար, որի մեջ մտնում են և՛ հեռարձակման ծախսերը, և՛ պետության պատվերով պատրաստված կրթամշակութային հաղորդումների ծախսերը, և՛ այլ ընկերություններից հաղորդումների ձեռք բերման ծախսերը, ապահովել է հոգևոր, մշակութային, կրթական ուղղվածությամբ հանրային հեռարձակողի գործունեություն:

Իրականում պիտի բարձրաձայնվեր այն հարցը, թե այդ ի՞նչ հրաշքով է այդպիսի սահմանափակ ֆինանսական միջոցներով պետությունն ապահովում օրական 24 ժամ հանրօգուտ՝ ոչ կոմերցիոն բովանդակության հեռարձակում կազմակերպող հեռուստաալիքի գործունեությունը:

Ես պարտավոր եմ տեղեկացնել, որ ոչ մի հրաշք չկա. Հանրային հեռարձակողը իր գործունեության համար օգտվում է  «Շողակաթ ՀԸ» ՍՊԸ-ի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տրամադրած հիմնական միջոցներից ու ողջ ենթակառուցվածքներից:

Այսինքն, Մայր Աթոռը համագործակցաբար, առանց շահույթ հետապնդելու, ըստ էության պետության հետ ապահովում է մշակութային ուղղվածության Հանրային հեռուստաալիքի կենսագործունեությունը, և հանրությունը, առանց հավելյալ միջոցներ ծախսելու, հնարավորություն ունի մեկ ալիքով դիտելու ամբողջությամբ մշակութային հեռուստածրագիր: Օրենքի այս փոփոխությունը հանրությանը այդ հնարավորությունից կարող է զրկել:

-Խոսվեց նաեւ ընդդիմության վարչապետի թեկնածուի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից առաջնորդվող երթը դեպի Մայր Աթոռ «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակելու մասին։ ՔՊ-ում այստեղ քաղաքական մրցակցության տարրեր են տեսել։ Սրա մասին ի՞նչ կասեք։

-Քաղաքական մրցակցությունը նորմալ, առողջ երևույթ է: Բայց եթե քաղաքական ուժերը քաղաքական մրցակից հանրային ինստիտուտներին են համարում, սա արդեն բնավ առողջ չէ: Այս նույն տրամաբանությամբ կարելի է փակել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կամ հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց առաջնահերթությունը հանրային շահի պաշտպանությունն է:

Ինչ վերաբերում է Ձեր կողմից մեջբերած «երթին», ապա, այո, մենք հեռարձակել ենք տեղեկատվական հաղորդման շրջանակում պատրաստված՝ դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին ուխտերթը: Եվ, բնականաբար, ուխտագնացության մասնակիցների հանդեպ քաղաքական կամ այլ կողմնորոշումների բերումով խտրականություն չենք դրել:

-Հայտարարվեց նաեւ, որ «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակազմը կարող է հետագայում մասնակցել ազատված կապուղու մրցույթին։ Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են ի ցույց դնել, որ հեռուստաընկերությունը չեն փակում, այլ բերում են հավասար դաշտ եւ հանրային միջոցներն են փորձում օպտիմալ կառավարել։ Ի՞նչ եք մտածում, կմասնակցե՞ք հետագայում մրցույթների, թե «Ա1+»-ի օրինակն ուսանելի է։

-Ես պատահական չբերեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի օրինակը: Հանրային հեռարձակողի ինստիտուտը ես պայմանականորեն շատ նմանեցնում եմ ՄԻՊ գրասենյակի ինստիտուտին:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարող ուժն ասում է՝ դե, մեր երկրում փաստաբանական մասնավոր գրասենյակները լավ աշխատում են, քաղաքացիներն իրենց իրավունքների խախտման դեպքում կարող են ազատ օգտվել փաստաբանների մասնավոր ծառայություններից:

Միաժամանակ, դրանով կխթանենք նաև մրցակցային զարգացումը այս ոլորտում:  Բայց չէ՞ որ մենք չենք խոսում այն մասին, թե ի՞նչ կարող են անել մասնավոր մարդիկ կամ կազմակերպությունները, մենք խոսում ենք այն մասին, թե ի՞նչ է պարտավոր անել պետությունը՝ որպես հանրային շահի երաշխավոր: Չէ՞ որ քաղաքացիները պետությանն են հարկեր վճարում իրենց շահերի և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, ոչ թե այս կամ այն մասնավոր կազմակերպությանը:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031