Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության կառուցվածքում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է. Փաշինյան

Հոկտեմբեր 23,2025 17:21

0-18 տարեկան պացիենտներին կտրամադրվեն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված է 0-18 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման և սպասարկման ծրագրի ձեռքբերման անհրաժեշտությամբ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի և սպասարկման ծրագրի ձեռքբերման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան հայտարարվել է գնման ընթացակարգ, արդյունքում 2025 թվականի մայիսի 23-ին կնքվել է պայմանագիր 2025-2027թթ. կարիքների համար: 0-18 տարեկան ինսուլինոկախյալ երեխաներն անհրաժեշտություն ունեն օրական 5-6 անգամ չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որն իրականացնում են թեստ երիզների միջոցով: Թեստ երիզների կիրառումն իջեցնում է կյանքի որակը և մանկահասակ երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց և ինսուլին դեղի ներարկումներից, որն էլ նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորման և առողջական բարդությունների առաջացման:

Պայմանագրի շրջանակներում 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն նորագույն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորեն որոշել ինսուլին դեղի դեղաչափը: Համակարգերն ունեն գլյուկոզայի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու` (հաղորդիչը գլյուկոզայի տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին) հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ: Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզայի հստակ ցուցանիշները և իրականացնում են հեռավար դիաբետի վերահսկում:

ՀՀ 2025թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի շրջանակներում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար նախատեսված թեստ երիզները ձեռք են բերվել 0-18 տարեկան պացիենտների համար, որոնց թիվը կազմում շուրջ 1100: Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները  ծրագրի ներդրումը իրականացվում է փուլային, մասնավորապես` ՀՀ կառավարության 2025թ. հուլիսի 24-ի թիվ 1007-Ն որոշմամբ թվով 244 առավել խոցային խմբերի` 0-9 տարեկան պացիենտների համար, հատկացվել է 181,9 մլն դրամ, սույն որոշմամբ նախատեսվում է ծրագրից օգտվող 756 պացիենտների հատկացնել թեստ երիզներ, որի համար անհրաժեշտ է 570,9 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես, «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ «շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների թիվը» ցուցանիշի մեջ արդեն իսկ ներառված են շահառուները, իսկ «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառմամբ հաստատված ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխության անհրաժեշտություն չկա:

Վարչապետն արձանագրել է, որ որոշումը հեղափոխական նշանակություն ունի, քանի որ ձեռք են բերվելու վերջին սերնդի մեթոդի կիրառմամբ սարքեր, ինչն էականորեն փոխելու է հարյուրավոր երեխաների կյանքի որակը:

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է հաշմանդամության տրամադրման խնդրին, արձանագրել, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը հիմնված է աշխարհի առաջատար փորձի վրա: «Մեր ուղերձը մարդուն այն է՝ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով, որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպիսին, որպեսզի դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ ձեր կարիքները կարողանաք հոգալ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հավելել է. «Ֆունկցիոնալության գնահատումն արվում է միջազգային դասակարգիչներով: Այստեղ որևէ նորամուծություն չկա: Եվ հաշմանդամությունն ապրելակերպի տեսակի վերածելը մեր քաղաքականությունն է, որը կարող եմ ասել, հաջողությամբ տեղի է ունենում»: 

Կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ՝ ապահովելով ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը

Կառավարությունը կայացրել է որոշում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21020 «Պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումը։

Միջոցառման  շրջանակներում «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա` պետական նշանակության ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների գնման նպատակով հայտարարվել են գնման ընթացակարգեր: Որոշման մեջ նշված ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 58,253 կմ և ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար (2025 թվականի պայմանագրեր) անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսավորում՝ ընդհանուրը  2,727,819.1 հազար դրամի չափով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էկո ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ միջև կնքվել է Հ-30 /Մ-4/ -Ճամբարակ -/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+ 158  + կմ55 + 200 հատվածի միջին նորոգման աշխատանքների կատարման թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2024/31Շ գնման պայմանագիրը։ Պայմանագրի շրջանակներում չկատարված՝ 2025թ․ իրականացվելիք աշխատանքների արժեքը կազմում է 67,576․0 հազար դրամ։

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու, ճանապարհային գծանշման գործառական երկարակեցությունն ավելացնելու նպատակով նախատեսվում է միջոցառման շրջանակներում կնքված թվով 6 գնման պայմանագրերում կատարել փոփոխություն՝ նախատեսելով հորիզոնական գծանշումները 1,5 մմ-ից ավելի հաստությամբ ջերմաթաղանթով իրականացնելու պահանջ։ Նշված փոփոխությունների արժեքը չի գերազանցի տվյալ պայմանագրերի գնի  10 %։  Փոփոխությունների ընդհանուրը գումարը կազմում է  104,205․6 հազար  դրամ։ Արդյունքում վերը նշված ճանապարհների միջին նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար  անհրաժեշտ 2,899,600․7 հազար դրամն առաջարկվում է վերաբաշխել 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «1157. Քաղաքային զարգացում»  ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից: Որոշման ընդունման արդյունքում կնորոգվեն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի որոշ հատվածներ՝ ապահովելով ավտոմոբիլային ճանապարհների երկարակեցությունը։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ որակի հարցում որոշակի փոփոխություն կա, բայց նաև տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը. «Ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի ակնհայտ փոփոխություն ունենք: Ընդհանուր առմամբ, գալիս է ստանդարտի հարցը, և պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որպեսզի մեր ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ նորից մենք սկսենք այդ վիճակից բերել ավելի լավ վիճակի»:

Վարչապետը նշել է այն ճանապարհահատվածները, որոնք այս որոշմամբ միջին նորոգման են ենթարկվելու. «Երևանից դեպի Պռոշյան աջ և ձախ գոտիների 5 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների մեկնարկ, Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկ աջ և ձախ գոտիներ 6.8 կմ՝ աշխատանքները մեկնարկում են: Ծղուկից դեպի Սիսիան մեկ կմ հատված՝ աշխատանքներն ավարտված են: Կապանից դեպի Ծավ 4.9 կմ հատված՝ աշխատանքները մեկնարկել են: Մեղրից դեպի Ծավ 20.7 կմ հատված, միջին նորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Աշտարակից դեպի Բյուրականի տրանսպորտային հանգույց 10.6 կմ միջին նորոգում՝ աշխատանքներն ավարտված են: Գեղակերտից դեպի Աղավնատուն, Ամբերդ, Դաշտ 9.2 կմ հատվածի միջին նորոգում՝ աշխատանքները մեկնարկել են: Ագարակից դեպի Յաղդան, Լոռու մարզի մասին է խոսքը, հատվածի միջին նորոգում՝ լրացուցիչ գումար ենք հատկացնում ջերմաթաղանթով հենց գծանշման համար: Օձունից դեպի Արևածագ 14.8 կմ՝ գծանշման համար ենք գումար հատկացնում: Վայքից դեպի Զառիթափ և Մարտիրոս 9 կմ հատված, Վայոց ձորի մարզի մասին է խոսքը, գծանշման աշխատանքների համար է հատկացվում գումար: Արմավիրի մարզի Սարդարապատից դեպի Այգեվան և Լենուղի 6.2 կմ հատվածում ջերմաթաղանթով գծանշման համար է գումար հատկացվում: Եվ Ծովագյուղից դեպի Ճամբարակ հատվածի միջին նորոգում: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշման, որով հաստատվել են սուբվենցիոն ծրագրեր: Վարչապետը թվարկել է այդ ծրագրերը. «Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցում, որը գտնվում է ավարտական փուլում: Գեղարքունի մարզում Սևան համայնքի Սևան բնակավայրի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 95 տոկոսը: Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում: Ընդհանուր 8.5 կմ է, որի 95 տոկոսն արված է: Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջահովիտ, Նոր Խաչակապ, Գեղասար, Քարաձոր, Սարալանջ, Լեռնանցք, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Ջրաշեն բնակավայրերի խմելու ջրի ցանցի վերանորոգում, հիմնանորոգում, ընդլայնում: Հարթագյուղ և Խնկոյան բնակավայրերում ջրամբարների կառուցում, Ծաղկաբեր բնակավայրում ջրահավաք ավազանի և ջրագծի կառուցում: Աշխատանքների 85 տոկոսն արված է: Ընդհանուր նախատեսվում է կառուցել 18 կմ երկարությամբ ջրագիծ 1100 տնային տնտեսությունների համար: Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Ստեփանյան փողոցի 850 մետր հատվածի ասֆալտապատում, որի 95 տոկոսն արված է: Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում՝ ավարտված է, ասֆալտապատվել է 2,8 կմ ճանապարհ: Տավուշի մարզում Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան փողոցի 6, 71, 73, 77, 84, 85 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում 8467 քմ մակերեսով բակային տարածքներ: Աշխատանքներն արված են»:

 Աշխատատեղերի նոր վիճակագրության մասին  

Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հրապարակել է նաև աշխատատեղերի նոր վիճակագրության մասին տվյալները. «2025թ. սեպտեմբերի դրությամբ առաջին անգամ  պատմականորեն Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800 000-ի սահմանը: Պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել և սեպտեմբերի դրությամբ կազմել է  805 687: Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցված աշխատատեղերն ավելի են 37 140-ով կամ 4.8 տոկոսով: Իսկ 2018 թ սեպտեմբերի համեմատ 222 912-ով կամ 38 տոկոսով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222 հազար աշխատավարձով ապահովված աշխատատեղեր»:

Երկրի ղեկավարը թեմայի շրջանակում անդրադարձել է նաև բարեկեցության հարցին և նշել. «Մի կողմից՝ աշխատատեղերի աճ է տեղի ունենում, մյուս կողմից՝ ասում ենք, որ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է: Եվ սա ճշմարտություն է: Բայց կա նաև այսպիսի մի իրականություն, երբ մարդիկ հասկանալիորեն հարց են բարձրացնում, ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատող են, աշխատում են, բայց իրենք չեն ապրում բարեկեցիկ կյանքով»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա արդեն որակավորման և կարողությունների խնդիր է և ընդգծել, որ Կառավարությունը նպաստավոր պայման է ստեղծել՝ իջեցնելով եկամտահարկը պատմականորեն նվազագույնին և շատ բան կախված է նաև աշխատուժի, անհատի, փոքր և միջին բիզնեսի կարողություններից:

Խոսելով տնտեսության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, մասնավորապես՝ հիմա մենք տեսնում ենք և գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է: Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես միջազգային հարթակում՝ Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ և ողջունել եմ այդ որոշումը: Նույնն ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է: Եվ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի Հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն: Այսինքն՝ դրանք դեկլարացիան են, բայց իրենց հետ բերել են կոնկրետ արդյունքներ»:

Վարչապետն անդրադարձել է նաև գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցուցանիշներին և նշել. «Այսօրվա դրությամբ մենք ունենք արտահանման 13.8 տոկոս աճ նախորդ տարվա դրությամբ ընդ որում՝ կոնկրետ ուղղություններով. ծիրանի դեպքում 25.5 տոկոս աճ, սալորի դեպքում 61.1 տոկոս աճ, դեղձի դեպքում 87.1 տոկոս աճ, կեռասի դեպքում 123 տոկոս աճ, տանձի դեպքում 245 տոկոս աճ, լոլիկի դեպքում 12 տոկոս աճ, պղպեղի դեպքում 62 տոկոս աճ, կաղամբի դեպքում 843 տոկոս աճ, սմբուկի դեպքում 72 տոկոս աճ, հատով ծաղիկի դեպքում 6.4 տոկոս աճ, տոննայով՝ 116 տոկոս աճ»: Նման ցուցանիշը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կապված է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմամբ:

Կիրականացվի քաղաքաշինական ծրագիր, որով կապահովվի Կասկադ համալիրի ամբողջական ու ավարտուն տեսքը

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որով կվերականգնվի Կասկադ համալիրի անավարտ հատվածը, կկառուցվի որակապես նոր և ժամանակակից համերգասրահ և պատկերասրահ, համաձայն «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի, հարակից հատվածում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը կգտնվի ներդաշնակության մեջ առկա և ստեղծվելիք միջավայրի հետ և կամբողջացնի տվյալ հատվածի քաղաքաշինական պատկերը, կկառուցվի նոր քաղաքային այգի, կյանքի կկոչվի քաղաքի երկու հատվածները իրար միացնելու Ալեքսանդր Թամանյանի մտահղացումը:

Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է 15.01.2025թ. Երևանի քաղաքապետի 123-Ա «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթ հայտարարելու, մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը, պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հայտարարված բաց մրցույթի արդյունքներով, որի նպատակն է եղել Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերականգնման նախագծի իրականացման նպատակով ներդրողի ներգրավումը:

Մրցույթի մասնակիցների համար ներկայացված պահանջներն են հանդիսացել վերջին յոթ տարվա ընթացքում նվազագույնը 30 000 քմ  (երեսուն հազար) շենք/շինության կառուցապատման փորձ, որը կհավաստվի համապատասխան քաղաքաշինական և կադաստրային փաստաթղթերով կամ կառուցապատման փորձը հավաստող պատշաճ տեղեկանքով՝ պայմանով, որ մրցույթը հաղթելու դեպքում, մինչև պայմանագրի ստորագրումը, կներկայացվեն քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը և ընկերության կամ ընկերության մասնակցի (եթե մասնակիցն իրավաբանական անձ է) կամ մասնակցի մասնակցությամբ փոխկապակցված ընկերության վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը, ներառյալ՝ ԱԱՀ չպետք է պակաս լինի 20 (քսան) միլիարդ ՀՀ դրամից։ Մասնակիցներին հնարավորություն է տրվել մասնակցել առանձին կամ այլ ընկերությունների հետ համատեղ, կոնսորցիումի միջոցով: Մասնակիցները մրցույթին մասնակցելու համար ներկայացրել են քաղաքաշինական հայեցակարգ, որն ի թիվս այլնի պետք է ներառեր նաև՝ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ համալիր միջոցառումները, քաղաքաշինական լուծումները, կառուցապատվող հատվածների և դրանից դուրս՝ Կասկադ համալիրի շրջակա տարածքների կանաչապատման հայեցակարգ, հնարավոր ռիսկերի կառավարման մեխանիզմները և այլն, ինչպես նաև ներդրումային ծրագիր, որն ի թիվս այլնի պետք է ներառեր նաև ներկայացվող առաջարկի տեխնիկատնտեսական ցուցանիշները և հիմնավորումը և նախագծի իրականացման համար նախատեսվող ներդրումների չափը, որը չէր կարող պակաս լինել 13 մլրդ ՀՀ դրամից:

Մրցույթին մասնակցած և հաղթած միակ մասնակցի (ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերություններ) կողմից ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ: Վերջինս իրենից ներկայացնում է ամերիկյան ընկերության մասնակցությամբ չորս ընկերություններից կազմված կոնսորցիում և այս ընկերությունների կողմից ծրագրի իրականացմումը, ըստ էության, դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման օրինակ է հանդիսանում: Ընդ որում, վերջինիս կողմից, բացի մրցույթի փաթեթով առաջարկված ներդրման գումարից, վճարման է ենթակա նաև բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար օտարվող  Թամանյան 10/3 հասցեում գտնվող համայնքային հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ որը կազմում է  շուրջ 10 մլրդ 449 մլն ՀՀ դրամ, քանի որ շուրջ 4,6 հա մակերեսով հողամասի մակերեսը գտնվում է տարածագնահատման սխեմայի 2-րդ գոտում:

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Կասկադ համալիրի ավարտուն և ամբողջական տեսքը, նոր քաղաքաշինական միջավայրի՝ «Արվեստի թաղամասի», քաղաքային նոր այգու ստեղծումը, անընդհատ կապը Հոկտեմբերյան Հեղափոխության 50-ամյակի հուշարձանի, Գաֆեսչյան թանգարանի, «Կասկադ մշակութային հանգույց»-ի, նոր թաղամասի, քաղաքային այգու և Մատենադարանի միջև: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ունենալ համայնքապատկան նոր համերգասրահ՝ նախատեսված 1000 հոգու համար, որն ապահովված կլինի ժամանակակից լուծումներով և հնարավորություն կտա հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող ստեղծագործողների և խմբերի, ինչպես նաև նոր ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել աշխարհահռչակ նկարիչների ցուցադրություններ, համագործակցել աշխարհի տարբեր հռչակավոր պատկերասրահների հետ և այդպիսով մշակութային կյանքին հաղորդել նոր որակ ու սահմանել նոր նշաձող, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը:

Լրացուցիչ փոխհատուցում կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:

Որոշմամբ առաջարկվող լրացումը նպատակ ունի թույլատրել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու  ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում  արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում՝ կարգով միավորի հաշվով գնահատված ոչնչացված կամ կորսված և վնասված ծառերի (վերականգնման ենթակա) փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով (հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը)՝ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված ակտերի հիման վրա։

Որոշման ընդունման արդյունքում hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի դիմաց որպես վնասված (վերականգնման ենթակա) փոխհատուցում ստացած  գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցման տրամադրումը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը։

 

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,087,962.3 հազար դրամ՝ ուղղված ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը

 

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր, 2023 թվականին՝  273 և 2024 թվականին՝ 242 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

 

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 27.12.2024թ․ թիվ 2085-Ա որոշմամբ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի   15-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: Որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,087,962.3 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Կապահովվի Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտերի ժամանակին և պատշաճ կատարումը 

Կառավարության սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պրոբացիայի մասին» օրենքով, որի համաձայն դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։ 2025 թվականի փետրվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել 2000 հատ էլեկտրոնային հսկողության սարք (1000 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք, և 1000 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցների համար)։ Նշված պայմանագրի շրջանակում 2025 թվականի մարտի 7-ին կնքված համաձայնագրով ծառայությանը մատակարարվել է 459 էլեկտրոնային հսկողության սարք՝ 30 տնային կալանք և 429 վարչական հսկողություն։

Ծառայությունում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառվել է 2474 շահառու, որից 1360-ը տնային կալանք, իսկ 1114-ը վարչական հսկողություն խափանման միջոցներով, իսկ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հաշվառվել է 1296 շահառու, որից 864-ը տնային կալանք, իսկ 432-ը վարչական հսկողություն խափանման միջոցներով։ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցներով հաշվառված շահառուների քանակը 1178-ով կամ 150,3% ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ, ազատության սահմանափակում պատժի կատարումը ևս իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Ծառայությունում 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատության սահմանափակում պատժով հաշվառվել է 187 շահառու, իսկ 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 43 շահառու։ 2025 թվականի 1-ին կիսամյակում նշված պատժով վարույթների թիվը 144-ով կամ 334․8 %-ով ավել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվի առնելով ազատության սահմանափակում և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դատական ակտերի շարունակական աճող դինամիկան, ակնհայտ է, որ մինչ օրս ձեռքբերված էլեկտրոնային հսկողության սարքերը կբավարարեն մոտ մեկ ամիս, քանի որ գործնականում շատ են դեպքերը, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողություն այլընտրանքային խափանման միջոցով, ինչի պարագայում դատական ակտով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կատարումն այլևս անհնարին կդառնա։ Ծառայության գործառույթների արդյունավետ և անխափան իրականացման համար, «Enigma information protection sistems» ընկերության հետ գործող պայմանագրի շրջանակում էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (300 հատ վարչական հսկողության) ձեռք բերելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 162,934․1 հազ․ դրամ։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին»:

Ներկայում բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված «Կանոնադրական կապիտալի և դրա բաժանորդագրությունների ավելացում» թիվ 265 բանաձևի համաձայն ընթանում է բանկի կանոնադրական կապիտալի ավելացման գործընթացը՝ 4 մլրդ եվրոյի չափով: Կապիտալի ավելացումը երաշխավորում է, որ բանկը կշարունակի աջակցել շահառու տնտեսություններին՝ անցումային մարտահրավերները հաղթահարելու գործում, ինչպես նաև կօգնի բանկին դիմակայել լայնածավալ աշխարհաքաղաքական լարվածություններին և կլիմայի փոփոխության երկարաժամկետ հետևանքներին։

ՀՀ ներկայիս մասնաբաժինը բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 0.05%, իսկ ՀՀ-ի կողմից վճարված կապիտալը՝ 14.9 միլիոն եվրո: ՀՀ-ին առաջարկվել է բաժանորդագրվել լրացուցիչ 201 բաժնեմասի (ընդհանուր արժեքը՝ 2,010,000 եվրո), ինչը հնարավորություն կտա համամասնորեն ավելացնել կամ առնվազն պահպանել ՀՀ ձայնի իրավունքի կշիռը (կապիտալի ավելացման գործընթացին չբաժանորդագրվելու պարագայում, եթե բանկի մնացած բոլոր անդամները բաժանորդագրվեն, ՀՀ ձայների իրավունքի կշիռը կնվազի մինչև 0.04%):

Հաշվի առնելով, որ բանկը հանդիսանում է Հայաստանի զարգացման առանցքային գործընկերներից մեկը, իսկ 2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում կայացած ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովից հետո ավելի է ամրապնդվել համագործակցությունը՝ հանգեցնելով Հայաստանում բանկի ներդրումների ռեկորդային մակարդակի, բաժնեմասերի նոր բաժանորդագրությունը կդիտարկվի որպես ՀՀ-ի և բանկի միջև արդյունավետ փոխգործակցությունը վերահաստատելու շարունակականությունն ապահովելու կարևոր քայլ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031