Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա ցավն ու ապրումները համամարդկային են, որ ծնվում են անսահման սիրուց դեպի մարդը, կյանքը, աշխարհը, հայրենիքը». Միջազգային գիտաժողովով նշանավորվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը

Հոկտեմբեր 23,2025 18:50

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Մխիթարյան միաբանությունը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Իսահակյանը համաշխարհային պոեզիայի գագաթներից է, նրա բոլոր գործերը համամարդկային գաղափարներ ունեն, hավիտենական նշանակության արժեք են։ Մեր խնդիրն է էլ ավելի հանրահռչակել Իսկահակյանի թողած վիթխարի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել այն և փոխանցել երիտասարդ սերնդին», – ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը նշեց, որ ինստիտուտի Տեքստաբանության բաժնի կողմից հրատարակվում են Ավետիք Իսահակյանի Երկերի լիակատար ժողովածուի 14 հատորները։ Այս տարի կտպագրվի Իսահակյանի «Հիշատակարանը»: Կազմվում են «Ուստա Կարո և Օրթե Հարութ» անավարտ վեպի տարբերակները: Արդեն պատրաստ է և այս տարի տպագրվելու է վեպի երրորդ գիրքը: Հրատարակվում է Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրության երկրորդ հատորը:

«Ավետիք Իսահակյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, և ստեղծագործություններն արժանի տեղ են գրավել նաև համաշխարհային գրականության գանձարանում: Ժողովրդական ակունքներից եկող նրա երգը խոսում էր ժողովրդի սրտի հետ: Նրա ստեղծագործությունն արձագանքն էր դարաշրջանի հակասությունների: Նա ապրում էր Հայաստանի ճակատագրով, կերտում հոգեպես գեղեցիկ, դրական մարդու իդեալը, երազում կյանքի և բնության ներդաշնակության մասին, շոշափում համաշխարհային հնչեղություն ունեցող թեմաներ: Նրա ցավն ու ապրումները համամարդկային են, որ ծնվում են անսահման սիրուց դեպի մարդը, կյանքը, աշխարհը, հայրենիքը: Եվ այդ ամենը՝ մարդկային հոգին շոյող անմիջականությամբ, խոր հուզականությամբ, բյուրեղյա պարզությամբ», – ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը՝ Երևանում և Գյումրիում։ Գիտաժողովի շրջանակում ՀՀ և ՌԴ գիտական և կրթական կառույցների առաջատար մասնագետները, հետազոտողներն ու ուսանողները գիտական զեկուցումներով կներկայացնեն Իսահակյանի գեղարվեստական ժառանգությունը հայ և համաշխարհային գրականության համատեքստում, նրա քննադատական, հրապարակախոսական ժառանգությունը, նամականին և օրագրերը, հասարակական-քաղաքական գործունեությունը, գրական առնչություններն ու ազդեցությունները, ինչպես նաև Իսահակյան-արվեստ առնչությունները։

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031