Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի տարբեր տեղանքների ձերբակալվածների պահպանման վայրերից Շիրակի մարզային քննչական բաժին են տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին՝ վարորդների, բանվորների, հավաքարարների։
Նրանց նկատմամբ այս պահին քննչական գործողություններ են ընթանում, չի բացառվում, որ նրանց ևս ներկայացնեն երկամսյա կալանքի։
Նրանց այսօր այցելել էր Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով «Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը» վերնագրով գրառմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում պատմել է, ինչպես են ոստիկանները բերման ենթարկել կոմունայի աշխատակիցներին։
«Քիչ առաջ վերադարձա Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրից։ Արդեն երկրորդ օրն է՝ գործընկերներիս հետ Էրեբունի, Նաիրի ՁՊՎ-ներում հանդիպում ենք գյումրեցի տասնյակ ձերբակալվածների։
Կարդացեք նաև
Պարզ մարդիկ, աշխատող, ընտանիք պահող։ Մեծ մասը՝ բեռնատարների վարորդ, քաղաքային կոմունալ տնտեսության աշխատակից։
Այն ինչին ականատես ենք եղել, եթե ողբերգական չլիներ, լավ հումորային պատմության կարող էր նմանվել։
Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս, նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել են քաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները, պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ։ Բայց արդեն երեկոյան բոլորին տարել ոստիկանատներ, տեղափոխել քննչական, ապա՝ 72 ժամ ձերբակալել, իսկ երեկ եւ այսօր համատարած մեղադրանք առաջադրած, կալանքի միջնորդությամբ տանում են դատարան։
Համատարած մարդաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։
Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։
Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։
Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ», -գրել է պատգամավորը։
Իսկ մինչ այդ այս նուն թեմային անդրադարձել էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի ավագ մեխանիկ Արմեն Զաքարյանը։
Նա պատմում է, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը պարեկները վարորդին աշխատանքի ժամանակ Սայաթ-Նովա փողոցի վրա կանգնեցրել են, փաստաթղթերն են ուզել ու հարցրել՝ «օգնետուշիտել» ունե՞ս։
Վարորդը պատասխանել է՝ չունեմ ու այդ պատճառով տարել են տուգանային հրապարակ, հինգ հազար դրամ տուգանել են ու ասել՝ «օգնետուշիտելը» կբերես, մեքենան տանես։
Վարորդը եկել է քաղաքապետարան, վերցրել կրակմարիչը, տարել, այս անգամ էլ ասել են՝ «Գնացեք, մեքենան առավոտ կտանք»։ Ժամեր անց վարորդին ձերբակալել են ու տեղափոխել Աշտարակ՝ ձերբակալվածների պահպանման վայր։
Ըստ մեխանիկի, ջրցանի վարորդներին, բեռնատարի վարորդին են տարել, ընդ որում՝ աղբը վրան բարձած։ Թվով 9 վարորդների ձերբակալել են, մեքենաները՝ առգրավել։
Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն ահազանգում է, որ այսպիսով պարալիզացվում է քաղաքապետարանի աշխատանքը։
«Էդ մարդիկ վերջը քաղաքը պիտի մաքրեն, հետո մաքրողներին են տանում․ 13-14 հոգի մարդ են տանում, անընդհատ շարունակաբար տանում են։ Ժողովուրդ, ախր, էդպես չի կարելի, ինչի՞ եք պարալիզացնում քաղաքը, ինչո՞ւ չեք թողնում աշխատենք։ Հասկացանք, քաղաքապետին եկաք, դիմակավորված տարաք՝ կանանց ու երեխաների աչքի առաջ, չի կարելի էդպես։
Թողեք աշխատի քաղաքապետարանը՝ կամ ճշտեք, կամ արագ վերադարձրեք, մենք չենք կարող էս պահին 10 նոր վարորդների բերել աշխատանքի, քաղաքը պարալիզացնում եք։
Ժողովուրդ, վաղը քաղաքը, որ մաքրված չտեսաք, չմեղադրեք քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը չի կարող աշխատել, կոմունալ բաժինը չի կարող աշխատանքները կազմակերպել։ Վարորդն մարդն ի՞նչ պիտի արած պիտի լինի, մաքրող կինն ի՞նչ արած պիտի լինի, ես չեմ կարծում՝ նրանք քաղաքականապես էն մարդիկ են, որոնց կարելի է պահել։ Ես զարմանում եմ ուղղակի», -ասում է փոխքաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ