Հոկտեմբերի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում».
«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է:
Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:
Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»:
ՀՀ ԱԳՆ