Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է նվաստացման սահմանը

Հոկտեմբեր 24,2025 10:00

Իշխանության քարոզչության հիմնական խաղաքարտն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հետեւյալն է. Փաշինյանը մեր երկրին բերել է խաղաղություն, ցանկացած այլ ղեկավարի (հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի) պարագայում կլինի պատերազմ: Որեւէ առարկություն, որ Փաշինյանը բերել է պարտություն եւ ավեր, որ սա խաղաղություն չէ, այլ մարտական գործողությունների ժամանակավոր կասեցում՝ մինչեւ ընտրությունների ավարտը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք չեն հրաժարվի հայկական պետականության ոչնչացման իրենց ծրագրից, այդ բոլոր առարկությունները դեն են նետվում հետեւյալ «հզոր» փաստարկով՝ «ուրեմն, դու ուզում ես, որ պատերազմ լինի»:

Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես ջերմ զգացմունքներ չունեն Փաշինյանի հանդեպ, եւ որոնց դուր չի գալիս, որ նա կատարում է Ալիեւի բոլոր պահանջները, նույնիսկ այդ մարդիկ ասում են՝ «բայց որ չկատարի՝ պատերազմ է սկսվելու»: Թեեւ ես դրա հետ համաձայն չեմ, բայց տեսականորեն ընդունենք, որ ադրբեջանական կողմի քմահաճույքները Հայաստանի ղեկավարության համար պետք է օրենք լինեն, եկեք, այնուամենայնիվ, որոշենք՝ որո՞նք են այդ նվաստացման, այդ ստորաքարշության սահմանները:

Արցախի շրջափակումը, հիշեցնեմ, սկսվեց 2022 թվականի դեկտեմբերին, այն բանից հետո, երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Շրջափակումը սկզբնական շրջանում իրականացնում էին Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները, որոնք իրենց «բնապահպաններ» էին կոչում:

Իրականում «բնապահպանների բողոքն», իհարկե, հարեւան պետության եւ, մասնավորապես, հատուկ ծառայությունների մշակված օպերացիա էր: Այդ կեղծ «բնապահպանները» շատ լավ գիտեին, որ ռուս «խաղաղապահները», որոնց պարտականությունների մեջ էր մտնում Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, չեն խոչընդոտի շրջափակմանը: «Բնապահպան» ձեւացող  գործակալների պատճառով արցախցիները, այդ թվում՝ երեխաները, զրկված էին սննդից ու ապրելու տարրական պայմաններից:

Եվ ահա «քաղաքացիական հասարակություն» ձեւացող այդ գործակալներից մեկը գալիս է Երեւան եւ մեր հ/կ-ականների ու պաշտոնյաների հետ զրուցում է խաղաղության մասին: Հարց՝ եթե այդ կնոջը չթողնեին Հայաստան, պատերա՞զմ էր սկսվելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Van says:

    Եթե այդ մարդկանց իրոք դուր չգար այն, որ Հայաստանը Ադրբեջանի պահանջներն է կատարում, ապա նրանք ոչ մի «բայց» չէին օգտագործի։ «Նիկոլին չեմ սիրում, բայց…», «նիկոլական չեմ, բայց…» չի լինում։ Ես կհավատայի այդ մարդկանց, եթե ներկայիս իշխանությունը ռազմարդյունաբերության բյուջեն բարձրացներ, ամեն կերպ փորձեր հզորացնել բանակը, բայց ամեն ինչ հիմա արվում է հակառակը։ Եթե չկա ուժային բալանս, ապա վաղ թե ուշ Հայաստանը կկրկնի Պաղեստինի ճակատագիրը։ Նրանք դա՞ են ուզում

  2. նիկոլը բերել է պարտություն և ավեր, որ ներարկի ‘եթե չտանք/չանենք պատերազմ է լինելու’ մանտրան: Աշխատում է: Հարմար է:

    նիկոլը ընտրություն չէր անում պարտություն թե հաղթանակ:
    նիկոլը բերվել էր պարտության ծրագրով: Որ վախը պատի հայի սիրտը:

    Հիմա հաջորդ փուլն է` ՀՀ դեմոնտաժն է իրականացվում:
    Հասարակ հարց այս ինքնավստահ ազրբժնցի կնոջ վերաբերյալ, որը մասնակից եղավ արցախահայերի բռնագաղթի օպերացիային. ‘Ինչպես է որ ֆրանսահայը հայտարարվեց persona non grata, իսկ այս persona grata տիկնոջը տրվեց մուտքի վիզա:’
    Պատասխանը այս բոլոր դավաճանությունների մեկն է` իշխանությունը վայելում է անպատժելիություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031