Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեծ ընտանիքի բյուջեի գործերը լավ են»․ Էդուարդ Հակոբյանը գոհ է ՊԵԿ 9 ամիսների աշխատանքի արդյունքներից

Հոկտեմբեր 24,2025 17:17

«Մեր մեծ ընտանիքի բյուջեի գործերը լավ են»,- «Արմենպրես» մամուլի սրահում այսպես սկսեց իր խոսքը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա այսօր ամփոփեց 2025-ի 9 ամիսների ընթացքում ՊԵԿ կատարած աշխատանքը։ Ըստ այդմ՝ ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրել է 2 տրիլիոն 13 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր:

«Բյուջեով նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից սա ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 7,4 մլրդ դրամով»,- ասաց Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ արձանագրված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 14 տոկոսով կամ 246 մլրդ դրամով:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում ունենք, որի համար ծանրակշիռ ազդեցություն ունի ՊԵԿ իրականացրած վարչարարությունը։ Ինչպես բացատրեց ՊԵԿ նախագահը՝ իրենց գործունեություն հիմքը «մարդակենտրոնությունն է՝ հիմնված արդարության եւ հոգատարության վրա, այդ հիմքով էլ ձեւավորվում է ՊԵԿ-ի հանրային խոսքը հարկ վճարողների հետ»։

Հարկահավաքման դրական սալդոյին նպաստել է նաեւ ստվերի եւ կոռուպցիայի դեմ ՊԵԿ-ի արդյունավետ պայքարը։ Բանախոսը մանրամասնեց՝ ստվերի կենտրոնացվածության տեսանկյունից ամենառիսկային ոլորտները շինարարությունը եւ առեւտուրն են։ Միաժամանակ հավելեց՝ անկանխիկ գործարքների մասով առեւտրի ոլորտում թե՛ կտրոնների տրամադրման թիվն է աճել՝ 55 տոկոս, թե՛ հասույթները՝ 31 տոկոս։ Նա վստահեցրեց՝ ոլորտի ընդհանուր միտումը դեպի անկանխիկն է։ Թվային գործիքների կիրառումը էականորեն է նպաստել ստվերի բացահայտման հարցում։

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 2000 չգրանցված աշխատողի․ ցուցանիշը 27 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թվից․ «Հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, որն անցած տարվա ցուցանիշից ավելի է 97 տոկոսով։ Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 52 տոկոսով»։

ՊԵԿ  ստուգման և ուսումնասիրության գործիքներով ճշտվել է մոտ 104 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն․ «9 ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է 57 մլրդ դրամ գումար, որը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունն աճել է 15 տոկոսով, իսկ դրանց դուրսգրման քանակը՝ 17 տոկոսով»։

ՊԵԿ-ի դրական ներկայանալիությանը նպաստել են նաեւ մաքսային բարեփոխումները՝ հավաստիացնում է ՊԵԿ նախագահը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031