Լրահոս
Օրվա լրահոսը

«2024-ին կաֆել եմ խփել, չեմ հայտարարագրել. լինելու է ինքնախոստովանական ցուցմունք՝ հարկային հանցագործության մասին». Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 24,2025 17:37

«Որևէ բանական մարդ 2025-ի հոկտեմբերի 24-ին չի գրի, որ գիտես՝ 2024-ին կաֆել եմ խփել, չեմ հայտարարագրել այդ եկամուտը։ Հասկանում եք, չէ՞ այդ եկամուտն ինչ է լինելու․ ինքնախոստովանական ցուցմունք՝ հարկային հանցագործության մասին»,-ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթի» քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունները բարդացնում են մարդկանց կյանքը և նոր ռիսկեր մտցնում․ «Բանկն ինձ տալիս է տեղեկանք, բայց ասում է՝ դու ես սրա համար պատասխանատու։ Եթե կուրորեն վերցնեմ բանկի թուղթը և մտցնեմ հայտարարագիր, ես պատասխանատվության ենթակա եմ, քանի որ ինքս սխալ բան եմ վերցրել։ Այդ հարցը ֆինանսական համակարգի հետ քննարկվե՞լ է»։

Այնուհետև ցույց տվեց երեք տարբեր բանկերից վարկային քարտեր ու ասաց․ «Երեք բանկից վերցրել եմ տեղեկանք։ Բանկերից երկուսը overdraft-ը դիտարկում է որպես նվազեցված եկամուտ, մյուսը՝ դիտում է որպես չհարկվող եկամուտ։ Կախված, թե ես որ բանկային քարտն եմ օգտագործել, ինձ մոտ կամ նվազեցվող, կամ չհարկվող եկամուտ է առաջանում հայտարարագրում։ Եթե համարում եք, որ սրանք նույն բանն են, ասեմ, որ հայտարարագրում ունեն տարբեր բաժիններ։ Այստեղ խնդիր է առաջանալու։ Մարդկանց մոլորեցնում եք փաստորեն։ Եթե նույնն է, ինչո՞ւ է տարբեր անվան տակ գնում»։

Երբ Արթուր Խաչատրյանի ելույթի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ռեպլիկներ էր անում դահլիճից, Արթուր Խաչատրյանը կատակով ասաց․ «Եկեք մեր փողերը խառնենք, կիսվենք»։

Ի պատասխան Արթուր Խաչատրյանի հնչեցրած մտահոգությունների՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Այս հայտարարագիրը հակակոռուպցիոն նպատակ չունի։ Եթե քաղաքացին ունեցել է վարձով տված տուն և հաջորդ տարի լրացնում է հայտարարագիրը, որ էսքան եկամուտ եմ ստացել, դա հաղորդում չէ հանցագործության մասին, այլ նորմալ գործընթաց է»։

ՀՀ ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031