«Երեկ Լեզվի մասին օրենքի փոփոխություններով հատուկ անունների, փոխառությունների կանոնակարգով հանձնաժողով էինք ստեղծում, միամտաբար կարծում էի՝ լեզվի անաղարտությունն է ընկած հիմքում։ Բայց պարզվում է՝ ընդամենը սահմանազատման քարտեզի վրա տեղանունների համաձայնեցված կարգին ենք պատրաստվում։ Թբիլիսում նույն օրը Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց Նախիջևան արտահայտությունը։
Շուտով հերթը «Շուշա» և «Խանքենդի» արտասանություններինն է լինելու։ Այս նվաստացումների մեջ, եթե նույնիսկ բարձրագույն ճիգ փորձեմ գործադրել, որ լավը տեսնեմ, չեմ կարող»,- անդրադառնալով ՔՊ-ականներին այն մտահոգություններին որ, ընդդիմությունը լավ բան չի տեսնում, ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Շողակաթ» հեռուստաալիքին հանրային հեռարձակման հնարավորությունից զրկելու մասին օրենսդրական նախաձեռնության ընդունման մասին էլ Լիլիթ Գալստյանն ասաց․ «Փակվում է հանրային դաշտում՝ ծածկույթում մշակութային և կրթական ալիքը։ Տիկին Ղազարյանն անթաքույց հայտարարել է, որ այս նախագիծն ուղղված է հենց Շողակաթի փակմանը։ Ինչո՞ւ չեք հրապարակում Հանրային հեռարձակողի խորհրդի կարծիք-պնդումը, որ մշակութային ուղղվածությամբ առանձին տեսալսողական ծրագիրն անհրաժեշտ է։ Դուք Շողակաթը չեք փակում, այլ հատուկ ուղղվածություն ունեցող կրթամշակութային ծրագիր»։
Դիմելով ՔՊ-ականներին, դաշնակցական պատգամավորն ասաց․ «Գուցե իսկապես այս պատերի արանքում ուժեղ եք զգում ձեզ, բայց հասկացեք՝ այս ամենի անունն է բոլշևիզմ»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տիկին Գալստյան, չեմ կարող թաքցնել, որ Դուք իմ ամենասիրած դաշնակցականներից եք ամեն առումով։ Բայց նաև չեմ կարող չնշել, որ ֆալշ կա ձեր ելույթներում»։
Նաև նկատեց՝ ո՞նց ենք մենք բոլշևիկը և ոչ դուք․ «Երբեք ՔՊ-ն բոլշևիկների հետ չի համագործակցել։ Դաշնակցությունը մի անգամ 20 թվականին է իշխանությունը տվել բոլշևիկներին, մի անգամ էլ 2025-ին՝ Գյումրիում։ Չենք թողնելու, որ էս անգամ էլ տաք»։
ՀՀ ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































