Սկիզբը՝ այստեղ:
Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նպաստում են կայունության հաստատմանը և անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ սահմանի նշագրումը կանխում է պատերազմները:
«Երբ ունես հստակ սահման, դա նշանակում է՝ հստակ անվտանգություն»: (Ն․Փ․, 2024թ․, ապրիլ, Տավուշի թեմայով ելույթ)
«Դեմարկացիան թույլ է տալիս բացառել ապագա էսկալացիաները»: (Ն․Փ․, Հանրային հեռուստաընկերություն, 2024թ․ մայիս)
Կարդացեք նաև
Նիկոլի սահմանագծումը շատ հաճախ սահմանափակվել է ընդամենը մի քարե սյուն կանգնեցնելով և տվյալ տարածքը համարվել է սահմանագծված։ Երբ ՀՀ ղեկավարին հարցնում են, թե ինչպե՞ս են դպրոցահասակ երեխաները գնալու դպրոց, երբ ճանապարհին երևում են թշնամի երկրի սահմանապահները, նա շատ հանգիստ ձայնով պատասխանում է․ «Ի՞նչ խնդիր, ծառեր կտնկենք ու չեն երևա»։
Դեմարկացիա և դելիմիտացիա կատարվում է ըստ ցանկության․ մի հատվածը ըստ քարտեզների, մի հատվածը GPS-ով, մի մասը պարզապես Ալիևի ցանկություններով։
Դեմարկացիան, որպես տեխնիկական գործընթաց, ինքնին կարող է անհրաժեշտ լինել, բայց այն չի կարող ինքնաբերաբար ապահովել անվտանգություն, հատկապես երբ արվում է միակողմանի զիջումների, արտաքին ճնշման և ազգային շահերի հաշվին։ Տավուշի մարզից հայկական տարածքներ են հանձնվել Ադրբեջանին՝ առանց միջազգային փաստաթղթի կամ իրավական երաշխիքների, ինչը բաց է թողնում նոր պահանջների դուռը։ Զիջումներն ընկալվում են ոչ թե խաղաղության քայլ, այլ հաջորդ պահանջների ուղի։ Բաքուն արդեն ակնարկում է Սյունիքի, Արծվաշենի և այլ շրջանների պահանջները։ Տավուշի սահմանամերձ գյուղերում բնակիչները զգում են անմիջական վախ, դուրս են գալիս տնից, բողոքում են իշխանությունից։ ՀՀ ՊՆ նախկին բարձրաստիճան զինվորականներն ու փորձագետները նախազգուշացել են՝ նոր դիրքերը փաստացի անպաշտպան են։ Չկա փաստաթուղթ, որտեղ երաշխավորվի, որ Ադրբեջանը կհարգի նոր սահմանագիծը։
Դեմարկացիայի անվան տակ կատարվում է փաստացի տարածքային զիջում՝ առանց խաղաղության պայմանագրի, առանց իրավական պաշտպանության, առանց անվտանգության ռեալ երաշխիքների։ Զիջումներն ավելի շատ խթանում են Բաքվի ագրեսիան, քան զսպում։ Իրական անվտանգությունը չի կայանում սահմանագծի վերաձևավորման մեջ, այլ՝ ուժի, դիվանագիտական հավասարակշռության և ազգային ինքնիշխանության մեջ։ Փաշինյանը դեմարկացիան ներկայացնում է որպես խաղաղության գին, այն դեպքում, երբ դա պարզապես զիջումներ են ուժեղի առջև։ Երբ սահմանը նշում ես վախից, ոչ թե ուժից, այն դառնում է նոր բախման գիծ։ Իսկ զիջումները՝ հրավեր նոր պահանջների: Դա խաղաղություն չի, դա մերկացում է։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2025


















































