«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության և ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առանձնահատկությունը, նպատակն ու առաքելությունը ՀՀ շուրջ խաղաղ, անվտանգային միջավայրի ձևավորումն է»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պետական բյուջեի 2026 թվականի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրեց՝ այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ օգոստոսի 8-ին, շրջադարձային էր․ «Այդ օրը խաղաղություն հաստատվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այդ օրը համաձայնեցվեցին առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում սկսվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը»։
Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «ՌԴ-ն շարունակում է մնալ մեր մոտ գործընկերը, տնտեսական կապերն են մեր շատ ինտենսիվ»։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին խոսելով էլ հիշեց իրենց հասցեին հնչեցված քննադատությունները, թե ինչու էիք համաձայնություն ստորագրում գնացող վարչախմբի հետ․ «ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը և տարվա սկզբին այդ գործընկերությունը հաստատող փաստաթղթի ստորագրումը նախորդ վարչախմբի հետ քննադատության ենթարկվեց, ասում էին՝ էս անխելքները կնքում են փաստաթուղթ գնացող քաղաքական ուժի հետ և չեն հասկանում՝ նոր քաղաքական ուժը գալու և քցելու է դա ջուրը։ Նոր վարչակազմը ոչ միայն պահպանեց այդ փաստաթղթերն ու ընդգծված սկզբունքները, այլև մի քանի ամիս հետո երեք նոր հուշագիր ստորագրեց»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































