Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Նրա ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար. ՔԻՀԿ

Հոկտեմբեր 27,2025 15:38

Ռուբեն Մխիթարյանի կամայական կալանավորման համատեքստը

  • Հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետարանում շուրջ 6 ժամ տևած քննչական գործողություններին զուգահեռ շենքի առջև հավաքվել էին քաղաքապետի աջակիցները, լրագրողներ, փաստաբաններ և այլ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Մխիթարյանը։
  • Հավաքի ընթացքում, քաղաքապետարանի մուտքի մոտ Ռ․ Մխիթարյանը բանակցում էր ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ հստակ ներկայանալով որպես փաստաբան։
  • Վ․ Ղուկասյանի ձերբակալությունից անմիջապես հետո լարվածությունն ուժեղացավ ոստիկանների և ցուցարարների միջև, սկսվեց քաշքշոց։ Ոստիկանությունը ձերբակալեց 33 քաղաքացու, այդ թվում՝ փաստաբան Ռ․ Մխիթարյանին։ Նրանցից 15-ը, ներառյալ՝ փաստաբան Ռ․ Մխիթարյանը, հոկտեմբերի 23-ին կալանավորվեցին 2 ամիս ժամկետով։
  • ՔԻՀԿ մասնագետները հավաքի վայրում ուղիղ եթեր ապահովող մի քանի լրատվամիջոցների տեսանյութերի զուգահեռ համադրումով ստացել են Ռ․ Մխիթարյանի ձերբակալությանն անմիջապես նախորդող իրադարձությունների պատկերը, որը հասանելի է այստեղ։
  • Ռ․ Մխիթարյանին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը։
  • Տեսանյութերում ակնհայտ երևում է, որ Ռ․ Մխիթարյանը չէր կատարում որևէ հակաօրինական գործողություն։ Ավելին՝ փաստաբանը գտնվում էր ոստիկանների և ցուցարարների հրմշտոցից հեռու և առհասարակ ոչինչ չէր անում, բացի ձեռքերը վեր պարզելուց։ Հետևաբար՝ փաստաբանին ոչ միայն նման քրեական մեղադրանք ներկայացնելու, այլ ազատությունը սահմանափակելու որևէ հիմք չկար։
  • Այս ամիս Ռ․ Մխիթարյանը երկրորդ փաստաբանն է, որ կամայականորեն կալանավորվել է։ Մյուս փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը, դեռևս գտնվում է անազատության մեջ։

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

Ինչպես ՔԻՀԿ նախորդ հայտարարության պարագայում, կրկին կոչ ենք անում․

  • Սույն հայտարարության հասցեատերերին՝ իրենց մանդատի շրջանակներում անհապաղ քննության առնել ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ալեքսանդր Կոչուբաևի և Ռուբեն Մխիթարյանի կամայական կալանավորման հարցը։
  • Կապ հաստատել ՀՀ իշխանությունների հետ և գրավել նրանց ուշադրությունը խնդրի վրա։

 Դիտարկումներ 2025թ հոկտեմբերի 20-ին անցկացված հավաքի մասին

  • Հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանի առջև տեղի ունեցած հավաքի վարչարարությանը ներգրավված են եղել բազմաթիվ ուժային կառույցների ստորաբաժանումներ։ Երբ ցուցարարների մի մասը փորձեց մոտենալ քաղաքապետարանի ետնամուտքին, այնտեղ գտնվող ԱԱԾ ծառայողները նույնպես ներգրավվել էին հավաքի վարչարարությանը։ Նշված ստորաբաժանման ծառայողների դեմքերը փակված էին և չէին կրում նույնականացման տարբերանշաններ։
  • Տեսագրություններում երևում է, որ ոստիկանության վարչարարությունն արդյունավետ չէր կազմակերպված։ Օրինակ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հրմշտոցի ժամանակ առնվազն 7 անգամ պահանջել էր իր ենթականերին հետ կանգնել։ Նույնը փորձում էին անել այլ հրամանատարներ, սակայն ծառայողները անմիջապես չէին ենթարկվում։
  • Քաշքշուկը, որին զուգահեռ ձերբակալվեց նաև Ռ․ Մխիթարյանը, սկսվեց, երբ ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումների ծառայողները, մխրճվեցին ցուցարարների մեջ։ Ցուցարարներից լսվում էին հայհոյանքներ, սակայն ոստիկանությունը բերման էր ենթարկում կամայական, հաճախ՝ ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ։
  • Հարկ է նշել, որ հավաքի վայրում վարչարարություն էին իրականացնում նաև ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (առավել հայտնի որպես «կարմիր բերետներ»), որոնք նախկինում մասնակից են եղել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների։ 2022թ․ սեպտեմբերի 21-ին պատերազմում զոհվածների հարազատներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քարշ տալով բերման ենթարկելը, 2023թ․ սեպտեմբերի 22-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծելը, 2024թ․ մայիսի 27-ին ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանին խմբով ծեծելը և այլ բռնություններ։ Նրանցից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
  • Նկարագրված իրադարձությունները հստակ երևում են հետևյալ հեռարձակումներում, որոնք նաև օգտագործել են համադրված տեսանյութը պատրաստելու համար․ABC Media

  • HAYELI AM

  • MediaHubTV

  • AntiFake TV

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031