«Նիկոլ Փաշինյանը, երեկ նաեւ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ ասացին, որ խաղաղությունը փաստ է։ Արդյոք կառավարությունում բոլորը, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարը հասկանում է, ըմբռնում է, որ դա նշանակում է, որ այն ձեւերը, աշխատանքը, միջոցները, մեթոդները, որոնք եղել են Հայաստանում պատերազմական փուլում, այլեւս չեն կարող նույն մեթոդներով ու ձեւերով աշխատել։ Հիմա կառավարությունն ի՞նչ պլաններ ու ծրագրեր ունի՝ արմատապես իր գործելաոճը փոխելու՝ վերածվելու խաղաղության շրջանի նախարարության, ի՞նչ պլաններ ունենք, որ մեր փուչիկ տնտեսությունը դարձնենք իրական տնտեսություն եւ դառնանք գործոն տարածաշրջանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Գեւորգ Պապոյանն ասաց, որ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը եւ խաղաղության միջավայրում գտնվող երկիրը բոլորովին տարբեր հասկացություններ են։ «Եվ այստեղ նախ բոլորս պետք է սովորենք այդ միջավայրում ապրել, որովհետեւ մենք չգիտենք՝ դա ինչ բան է։ Անկախության ընթացքում մենք երբեւէ այդպիսի միջավայրում չենք ապրել։ Մենք նույնպես համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է, եւ մեր համար այստեղ նաեւ թիրախներ ենք որոշել դրան համարժեք։ Օրինակ՝ համաշխարհային խոշոր բրենդների 500 ցանկ կա, այդ ցանկի կազմակերպությունների հետ աշխատանք եւ նրանց բերել։ Մինչեւ խաղաղության պրոցեսը մենք բազմաթիվ ընկերությունների հետ փորձեր կատարել ենք շփում հաստատելու, արձագանք անգամ չի եղել, որովհետեւ ասում էին՝ մենք չենք գալիս մի միջավայր, որտեղ ամեն օր զինվորների մահվան, պատերազմի, հարձակվելու, գրավելու, պաշտպանվելու մասին ռեալ խոսակցություն ու իրականություն կա։ Հիմա արդեն այդպես չէ, հիմա խոսակցություններ կան կոնկրետ, օրինակ, վերջերս ես մի համաշխարհային բրենդի ներկայացուցիչի հետ եմ հանդիպել, կարող եմ ասել, որ շատ շուտով իրենք արդեն կմտնեն հայկական շուկա։ Եվրոպական, ամերիկյան ներդրումային ընկերությունների հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ներդրումներ ներգրավել»,- ասաց Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ հիմա կառավարությունում փորձում են գնահատել սահմանի բացման էֆեկտները։ «Այս անգամ գնահատել ենք, թե հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ինչպիսի էֆեկտներ կունենա առեւտրաշրջանառության վրա, որ ապրանքներն են, որոնք կարելի է ներմուծել, որոնք են, որ հնարավոր է կարողանանք արտահանել եւ այլն։ Գիտակցումը կա, աշխատանքը կա, բայց սա էլ մի պրոցես է, որ պետք է սովորենք»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































