Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Շիրակի մարզի քննչական բաժին են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակից ֆերմեր երկու եղբայրներին՝ Գևորգ և Տիգրան Ավագյաններին։
Ի դեպ, Տիգրան Ավագյանը ՏԻՄ ընտրություններում Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցության» ավագանու թեկնածու էր, որը սակայն չի ընդգրկվել ավագանու կազմում։
Թե որն է նրանց քննչական հրավիրելու պատճառը, ոչ մեկը հստակ չգիտի, կա ենթադրություն, որ դա կապված է Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված նոր քրեական վարույթի հետ, որի հիմքում քաղաքապետի՝ ՌԴ-ի հետ միություն կազմելու վերաբերյալ հնչեցրած կարծիքն է, որը որակվել է որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով):
Ֆերմեր եղբայրները ևս կարևորում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի առկայությունը։ Այս տարվա օգոստոսի 26-ին Տիգրան Ավագյանն իր կողմնակիցների հետ ռազմաբազայի հարակից տարածքում ցույց էր անցկացնում՝ ի հակադրումն ռազմաբազան հանելու պահանջով այնտեղ գտնվող եվրոպամետ ուժերի։ Եղբայրները հայտնի են իրենց ընդդիմադիր հայացքներով, կոշտ քննադատություններով, բողոքի ցույցերին իրենց ակտիվ մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Նրանք նույնիսկ երեք տարի առաջ՝ ռուս-ուկրաինական պատերազմի լարված պահերին, ի աջակցություն Վլադիմիր Պուտինի՝ իրենց պատկանող դաշտում տրակտորով Z տառ ու Պուտին էին գրել ու իրենց ընկերների հետ հայկական ու ռուսական դրոշները պարզած, տրակտորի ֆոնին՝ դաշտից ռուսերենով ողջույններն էին փոխանցում ՌԴ նախագահին ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:
Իհարկե, չի բացառվում, որ նրանց քննչական հրավիրելը կապված է Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրվա հետ։ Տիգրան Ավագյանը այդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, իր ֆեյսբուքյան էջում գյումրեցիներին կոչ է արել հավաքվել Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի։
Երեկ էլ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վարդան Ղուկասյանի՝ 2000 թվականին Անի պատմական մայրաքաղաքում հնչեցրած աղոթքի տեսանյութը ու գրել․ «Ազատություն արդարներին, առողջություն՝ հիվանդներին»։
Իսկ մինչ այդ, նա Միքայել Սրբազանին է ազատություն ցանկացել՝ գրելով, որ դատում են «ոչ թե Սրբազանին, այլ հայ ժողովրդին»։
Իր հարցազրույցներում էլ կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «դուրս շպրտվի քաղաքականությունից», գրառումներում էլ անդրադարձել է «նիկոլահպատակներին»՝ նրանց քննադատելով «քաղաքապետի աթոռի համար ոռնոց դնելու համար»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































