Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը

Հոկտեմբեր 30,2025 17:17

Պետական եկամուտների կոմիտեի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։

Նախաձեռնության նպատակն է 2023 թվականի հակամարտության հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցել՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկային և ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագիրը, ֆինանսավորվում է Թայվանի բիզնես–ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից և հանդիսանում է ՎԶԵԲ-ի փախստականների ճգնաժամի արձագանքման նախաձեռնության բաղադրիչ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային և լոգիստիկայի ոլորտներում պետական և մասնավոր հատվածներում աշխատելու համար։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, միգրացիայի ոլորտի փորձագետներ, ինչպես նաև քաղաքացիական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղեկալ Վրեժ Մխիթարյանը կարևորել է ծրագրի մեկնարկը, ընդգծելով դրա նշանակությունը տեղահանվածների աջակցման  գործընթացում․ «Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղափոխված գործընկերներին՝ աշխատանքի շուկա վերաինտեգրման և հանրային ծառայության համակարգում արդյունավետ ներգրավման գործում։ ՊԵԿ ուսումնական կենտրոնը մշտապես կարևորել է մեր աշխատակիցների և գործընկերների շարունակական մասնագիտական զարգացումը, և այսօր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների հմտությունների զարգացման նախաձեռնության» օգնությամբ այդ ջանքերն ուղղվում են նաև այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են Լեռնային Ղարաբաղում՝ լինելով ՊԵԿ ընտանիքի և, ընդհանրապես, հանրային ծառայության անբաժանելի մաս։ Այս նախաձեռնությամբ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն մասնագիտական կարողությունների ամրապնդման, այլ համագործակցության, փոխօգնության և ներառականության մշակույթի ձևավորման գործում»։

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի խոսքով՝ նախագիծը արտացոլում է ՎԶԵԲ-ի մոտեցումը փախստականների աշխատաշուկայի ինտեգրման հարցում․  «Հայաստանի փախստականների արձագանքման ծրագրի միջոցով նպատակ ունենք պահպանել և վերականգնել փախստականների տնտեսական բարեկեցությունը։ Նպատակն է ապահովել թիրախային ուսուցում փախստականների համար և այդ ջանքերը համապատասխանեցնել գործատուների և աշխատաշուկայի պահանջներին՝ բարձրացնելով նրանց զբաղվածության և հմտությունների կարողությունները»,–նշել է Գեորգի Ախալկացին։

Միջոցառման ընթացքում «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունը ներկայացրել է շահառուների կարիքների գնահատման մոտեցումները ՝ անդրադառնալով Հայաստանի մաքսային և լոգիստիկայի ոլորտներում հնարավոր զբաղվածության ուղղություններին։ Գնահատման արդյունքներով ձևավորվելու է տեղահանված մասնագետների հմտությունների վերաբերյալ ընդհանուր պատկերը։

Այնուհետև տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականից հետո փախստականների ներհոսքի ազդեցությանը Հայաստանի աշխատաշուկայի վրա, նրանց ինտեգրման հնարավորություններին և մարտահրավերներին։ Կարևորվել է նաև հավասար զբաղվածության հասանելիության ապահովման և ներառական աշխատանքի պայմանների ստեղծման անհրաժշետությունը։ Բացի այդ, ծրագիրը նախատեսում է մշակել հատուկ ուսումնական մոդուլ, որը կխթանի գենդերային հավասարությունը և կներառի փախստականների համար մատչելի ծառայությունների քարտեզագրում՝ ապահովելով նրանց իրազեկվածությունն ու հասանելիությունը համապատասխան աջակցության համակարգերին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031