Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառերը մանրադիտակի տակ» էկոլոգիական կրթության նախագիծ Հայաստանում

Հոկտեմբեր 31,2025 11:43

«Պատկերացրե՛ք կենդանի էակներ, որոնք ապրում են խիստ սահմանափակ տարածքում։ Նրանք զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից, չեն կարող փախչել ու պաշտպանվել հրդեհներից, ջրհեղեղներից, կայծակից։ Չեն կարող գնալ ջուր կամ սնունդ փնտրելու, բայց միաժամանակ սեփական գոյության խնդիրներն այնպես են լուծում, որ գերազանցում են բոլոր կենդանի օրգանիզմներին իրենց կյանքի տևողությամբ և կրում են «ամենաերկարակյաց» պատվավոր տիտղոսը։ Այսպիսին են «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի հերոսները։ Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ սովորել նրանցից», — հարցնում է Նելլի Եղոյանը՝ նախագծի հեղինակը։

Ավելի քան 700 դպրոցական, այդ թվում՝ 178 արցախցի երեխա, արդեն պատասխանել է այդ հարցին, մասնակցելով նախագծի, որտեղ անտառը լսարանն է, բացատը՝ լաբը։

Ընդգրկվել են 10 դպրոց՝ մասնավոր ու պետական, «ԼԽՈՒԵ» կրթահամալիրի սովորողները, երկու վերականգնողական կենտրոնի շահառուներ՝ իրենց քույր-եղբայրների հետ։

Ինչպե՞ս սկսվեց

«Գաղափարը վաղուց կար։ Որոշեցի սկսել ամենադժվար և շրջադարձային ժամանակաշրջանում՝ 2023 թ. նոյեմբերին։ Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա», — պատմում է Նելլին։

Փորձարկումը Եղոյանը իրականացրել է սեփական միջոցներով։ Միակ մանրադիտակը փոքր հզորությամբ, միադիտակ գործիք էր։ Փորձարկմանը մասնակից շուրջ 200 երեխաներից 84%-ը առաջին անգամ էր մանրադիտակով ուսումնասիրություն կատարում։

«Շատ արկածներ ունեցանք․ պատկերացրե՛ք՝ ամենահետաքրքիր պահին հորդառատ անձրև է սկսվում։ Միակ անձրևանոցով երեխաները պաշտպանում էին մանրադիտակը և համառորեն հրաժարվում ընդհատել աշխատարանը։ Կամ պատկերացրե՛ք փոքրիկ «գիտնականների» հերթը՝ միակ մանրադիտակի մոտ, ովքեր չէին համբերում վայրկյան առաջ սեփական ձեռքերով պատրաստած փորձանմուշը ուսումնասիրելու համար», — պատմում է նա։

Չնայած այսպիսի մարտահրավերներին՝ փորձարկումն անցավ անսպասելի մեծ հաջողությամբ։

Նախագծի համար նոր հնարավորություններ բացվեցին, երբ այն դարձավ Awesome Yerevan Foundation-ի հաղթող և նվեր ստացավ եռադիտակ մանրադիտակ։

Փոքր դրամահավաք՝ մեծ արդյունք

Նախագծին աջակցեցին բազմաթիվ անհատներ, և փոքրիկ ֆոնդահայթայթման արշավը reArmenia հարթակում հաջողությամբ ավարտին հասավ։Հեղինակի և երիտասարդ կամավորների ջանքերով նախագիծը իրականացվեց որպես ներդրում մեր երեխաների կրթության մեջ։

2025 թ. նշանավորվեց կարևոր գործընկերությամբ՝ «Ամքոր Հայաստան» հիմնադրամը միացավ նախագծին։ Նախագիծը, որպես «ԷԿՈՍ» էկոկրթական, մշակութային հասարակական կազմակերպության ծրագիր, արդեն երկրորդ անգամ իրականացվում է «Ամքոր Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ինչպե՞ս է մեկ նախագիծը փոփոխություն բերում

Նախագծին մասնակցելուց հետո, ինչպես նշում են ուսուցիչները, երեխաները սկսում են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել բնագիտական առարկաների նկատմամբ, ավելի լավ սովորել, հաճախ ջրում են դպրոցների բակերում աճող ծառերը։ «Ծառերը մանրադիտակի տակ» նախագիծը ոգեշնչում է երեխաներին գնահատել մեր հայրենիքի բնությունը։

«Նպատակը բոլորովին այն չէ, որ երեխաները բնագետներ դառնան, չնայած հնարավոր է՝ «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծին մասնակցությունը ոգեշնչի ապագա գիտաշխատողներին և բնապահպանական առաջնորդներին։ Ամենակարևորը՝ բոլոր մասնակիցները, անկախ նախասիրություններից, ունենան գիտահեն պատկերացում բնության մասին և հասկանան՝ ի՞նչ է կատարվում բնության՝ ավելի կոնկրետ՝ ծառերի մեջ, և ինչու են այդքան կարևոր բնության այս առեղծվածային ներկայացուցիչները», — շեշտում է Նելլին։

«Իսկական կախարդանքի է նման տեսնել, թե ինչքան են երեխաները ոգևորվում, ինչպես են փայլում աչքերը, ինչպես են քննարկում ու կիսում միմյանց հետ իրենց ստացած տպավորությունները։Երջանկություն է տեսնել, թե ինչպես են հպարտանում իրենց կատարած աշխատանքով, համեմատում իրար հետ և ինչ շնորհակալությամբ են տանում իրենց հետ ավարտին պատրաստվող՝ միայն մասնակիցներին հայտնի «խորհրդավոր ու նմանը չունեցող» հուշանվերը», — պատմում է նա։

Նախագծի հաջորդ փուլում Նելլին նպատակ ունի ընդգրկել 1000 երեխա և ստեղծել «ԷկոԿրթարան»-ի էկոլոգիական կրթության այգի՝ Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներից կազմված ցուցադրական հավաքածուով։

«Երազում եմ, որ մի օր յուրաքանչյուր հայ երեխա տեսնի Հայաստանի ծառերը այնպիսին, ինչպիսին երբևէ չի տեսել, և գնահատի ու պահպանի մեր հայրենիքի բնությունը», — ասում է նա։

Նելլի Եղոյանն էկոլոգ է, փորձարարական կրթական նախագծերի և գյուտի հեղինակ։

Նյութը՝

Արամ Հակոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031