Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները Հայաստանում ներկա կգտնվեն այդ միջազգային մեծ կոնֆերանսին»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 31,2025 12:14

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանական մամուլի հրապարակումներին, որ Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Ալիեւը չի մասնակցի։

«Երեկ ավարտվեց Հայաստանում Եվրանեսթը,  եւ ադրբեջանցի իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, որ իրենք ՀՀ գալու հետ կապված որեւիցե խնդիր չունեն։ Եվ Եվրանեսթին իրենց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով։ Եվ իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում մեր համագործակցության ու փոխադարձ այցերի հետ կապված։ Ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում, որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարեւանների մասնակցությունը։

Ես կարծում եմ, որ նախ տեղին չէ առանձնացնել մեր հարեւանների մասով, որովհետեւ իրենք մեր հարեւաններն են, ով-ով, բայց մեր հարեւանները պետք է մասնակցեն։ Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարեւորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետեւ ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր, կամ պաշտոնական որեւիցե բան կլիներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ մասնակցելու հրավերը բոլոր երկրներին է ուղարկվել․ «Մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահներն այդ միջազգային մեծ կոնֆերանսին ներկա կգտնվեն։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք, որ իրենց համար ստեղ հանգիստ լինի»։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ՝ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, Հայաստանի պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է։ Բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, եւ մենք այդ շփումները խորացնելու ենք։ Եվ երբ ես ասում եմ՝ մենք, դա նաեւ իմ ընկալմամբ՝ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031