Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան կոնֆերանսին, որտեղ Ucom-ը հանդես եկավ որպես տեխնոլոգիական գործընկեր։
Կոնֆերանսը համախմբել էր ներքին աուդիտի, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության և ռիսկերի կառավարման ոլորտների ավելի քան 150 մասնագետների և առաջատար փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սլովենիայից և այլ երկրներից։
Ռալֆ Յիրիկյանը հանդես եկավ ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումների իր տեսլականը։
Կարդացեք նաև
«Ucom-ում մենք գիտակցում ենք, որ այսօր արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները ձևավորում են բոլոր ոլորտների ապագան՝ բիզնեսից մինչև պետական կառավարում։ Հեռահաղորդակցությունը այս էկոհամակարգի առանցքային հենասյունն է․ մենք պատասխանատվություն ենք կրում ապահովելու ոչ միայն կապի որակն ու արագությունը, այլև տվյալների պաշտպանությունը, թվային վստահությունը և անվտանգ փոխգործակցությունը մարդկանց ու բիզնեսների միջև», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ելույթից հետո Ռալֆ Յիրիկյանին հանձնվեց հուշանվեր՝ ի նշան շնորհակալության համաժողովի տեխնոլոգիական գործընկեր լինելու համար։
«Այս տարի ևս ՆԱԻ-Հայաստանի կոնֆերանսը հաջողությամբ դարձավ գիտելիքի և փորձի փոխանակման առանցքային հարթակ՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետների։ Մենք ուրախ ենք, որ կոնֆերանսի ընթացքում կարողացանք կազմակերպել քննարկումներ այսպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են արհեստական բանականությունն ու թվային ակտիվները, որոնք այսօր թելադրում են բիզնեսի, կորպորատիվ կառավարման և հսկողական գործառույթների ապագան։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր մասնակից իր հետ տարավ արժեքավոր գործիքներ՝ իրենց կազմակերպությունների կայուն զարգացումն ապահովելու համար։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ այս կարևոր միջոցառումն իրականություն դարձնելու համար», – նշեց «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը, անդրադարձան արհեստական բանականության կիրառման գործնական հարցերին՝ վերլուծելով ռիսկերն ու բացահայտելով հնարավորությունները, ինչպես նաև թվային ակտիվների և կիբեռանվտանգության արդիական խնդիրները։


















































 
                        
 
          
          
         

 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   