Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք եկեղեցահալած քաղաքականության, սուտ մատնության և կեղծ դատավարության արդյունքում Մկրտիչ Սրբազանը գտնվում է Նուբարաշենի բանտում, և առիթ չունենք անձնապես օրհնություն առնել նրանից»

Հոկտեմբեր 31,2025 14:45

«Աստծո ճշմարտությունը չի կարող մարել ոչ կեղծիքով, ոչ բռնությամբ և բանտարկությամբ, քանզի այն լույս է, որ չի մարում»։ Սբ․ Հովհան Ոսկեբերան

Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր, այսօր լրացավ իմ քահանայական ձեռնադրության 15-րդ տարեդարձը։ 2010թ․-ի հոկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ձեռնադրվեցի իբրև կուսակրոն քահանա։

Այսօր, ըստ նախատեսվածի, օծակից մյուս եղբայրներիս հետ պետք է լինեինք Արագածոտնի թեմում՝ տեսնելու, շնորհավորելու և օրհնություն առնելու մեր սիրելի Մկրտիչ Սրբազանից։

Ցավոք, այսօր եկեղեցահալած քաղաքականության, սուտ մատնության և կեղծ դատավարության արդյունքում մեր հոգևոր ծնողը գտնվում է Նուբարաշենի բանտում, և առիթ չունենք անձնապես օրհնություն առնել Սրբազան Հորից։ Սակայն առաքյալների և Սուրբ վարդապետների ուղիով անցնող սիրելի Սրբազանի հետ հանդիպման ճանապարհը չչեղարկվեց, այլ լրացվեց տարածությամբ։ Այսօր կլինենք և կծնրադրենք Սբ․ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին՝ բարեխոսական աղոթք բարձրացնելու Առ Բարձրեալն Աստված՝ հանուն մեր Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու համար հալածվող ու բանտարկված մեր հայրերի և եղբայրների, կմասնակցենք ժամերգությանը Արագածոտնի թեմի մեր սիրելի հզոր հոգևոր դասի հետ միասին, որպեսզի Տերն անսասան պահի մեր Սուրբ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ազգիս Հայրապետին։

Սիրելի Սրբազան Հայր, վստահ եմ՝ զգում եք այն ցավը, որը մարդկային բնությամբ զգաց Մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ մատնվեց իր սիրելի աշակերտ Հուդայի կողմից 30 արծաթի համար։

Վստահ եմ՝ զգում և տեսնում եք Ձե՛զ, իբրև Քրիստոսի աշակերտների առաքելության անխոնջ շարունակող, Մեր Տիրոջ Փրկչական Խաչափայտի վրա, և սա ուժ է տալիս ոչ միայն Ձեզ և Ձեր կողմից ձեռնադրված հոգևոր հայրերին, այլև այդ վստահությունը և հավատն է, որ անպարտելի ու անխախտ է պահում Ձերդ Սրբազնության խնամքին հանձնված թեմի հիմնարար վեմը, ազնիվ հոգևոր դասը, որոնք իրապես Լույսի որդիներ են։

«Երանի՜ ձեզ, երբ ձեզ հայհոյեն ու հալածեն ու սուտ բաներ ասեն իմ պատճառով․ ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձքը մեծ է երկնքում» (Մատթ․ 5։11-12)։

Սիրելի Սրբազան,
Շնորհակալ ենք Աստծուն, Ում ողորմությամբ և սիրով Ձերդ Սրբազնության Ձեռամբ առանք մեր քահանայական իշխանությունը։

Մնում ենք աղոթքով և սիրով,
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնության և Սուրբ Աջոյն

Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ
Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյան

Տավուշի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031