Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքով դատարանն այսօր հարցաքննեց գործով վկա N զորամասի տեսադիտարկման մշտադիտարկող Մնացական Հովակիմյանին: Նա ուշագրավ տեղեկություններ հայտնեց:
Նա պատմեց, որ իրենց խնդիրը հակառակորդի ուղղությունը դիտարկելն է եղել: Դեպքի օրը տեսադիտարկման ժամանակ, սակայն տեսախցիկը եղել է Ազատ գյուղի ուղղությամբ, արձանագրել է հրդեհը:
Կարդացեք նաև
Դատավարական բոլոր կողմերին շատ հետաքրքրեց՝ եթե իրենց խնդիրը հակառակորդի ուղղությունը դիտարկելն է եղել, ինչու ու ինչպես են Ազատ գյուղը դիտարկել: Ի պատասխան՝ վկան մանրամասնեց. «Մեր ուղղությունն ու ուշադրությունը հակառակորդի վրա է եղել, մեր վրա այդպես է խնդիրը դրված եղել: Բայց տարբեր զորամասերից կարող էին տեսախցիկները պտտել որ կողմ ուզեին: Այնպես չէ, որ միայն մենք կարող էինք կառավարել տեսախցիկները: Չեմ կարող ասել՝ ով է պտտել կամ ով է այդպիսի հրահանգ տվել, որ Ազատ գյուղը դիտարկեն: Տարբեր զորամասերից մշտադիտարկում են արել»:
Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ո՞վ գիտեր այդ մասին, որ Ազատի կացարանում հրդեհը նկարահանվել է, վկան պատասխանեց ՝զորամասի հերթապահ կազմը, հետախուզությունը, բոլորը:
Վկան պատմեց՝ տեսախցիկներով տեսել է մեծ կրակը, դրանից հետո զեկուցել է կորպուսի հրամանատարին հրդեհի մասին, բայց այդ ժամանակ վերադասն արդեն գիտեր: Նրա խոսքով՝ լուրը կայծակնային արագությամբ տարածվել էր:
Հակառակորդի ուղղությամբ այդ օրը մշտադիտարկող վկան տարօրինակ բան չի ֆիքսել, միայն նրանց մեքենաների ակտիվ շարժն է արձանագրել: Եթե դիվերսիոն հարձակման փորձ լիներ հակառակորդի կողմից, տեսախցիկները կֆիքսեի՞ն: Վկան դժվարացավ պատասխանել:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ով կարող էր փոխել տեսախցիկը դեպի Ազատ գյուղ, վկան պատասխանեց, որ չորս զորամասերից էր հնարավոր կառավարել տեսախցիկը, ինքը չի կարող ասել՝ որ զորամասից ով կարող էր թիկունք պտտել տեսախցիկը ու դիտարկել Ազատ գյուղի կացարանի հրդեհը:
Նորիկյանը նաեւ հետաքրքրվեց տեսաձայնագրությունները ինչ եղանակով կարող էին հանվել սարքերից, ի պատասխան վկան ասաց՝ միայն հետախուզության սպաներից կարող էին, իրենց նման թույլտվություն չկար, ձեւն էլ չգիտեին հանելու, հատուկ մարդ էր գալիս, նստում հրամանը ստանում էր համապատասխան գործողություններն անում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































 
                        
 
         

 
                                    
 
                                    
                                    
                                   