Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշը այնտեղ չի եղել: Եղիշը ուրիշ տեղից վազելով եկել, շփոթված հասել է կրակին, տեսել, որ վառվում է, փախել է դուրս. զոհվածի հարազատ

Հոկտեմբեր 31,2025 20:35

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքով դատարանն այսօր հարցաքննեց գործով վկաներ՝ պայմանագրային զինծառայողներ Արտյոմ Ղանդիլյանին եւ Գեւորգ Գասպարյանին: Վերջիններս Ազատ կացարանից ոչ շատ հեռու են բնակվել, դեպքի օրը ինժեներական աշխատանքներ են կատարել կացարանի մոտակայքում:

-Ժամապահ էի, ձայներ եմ լսել, առաջացել եմ ու տեսել հրդեհ։ Ղանդիլյան Արտյոմի հետ շտապելով՝ գնացել ենք, փորձել ենք առաջին օգնություն ցուցաբերել, չենք կարողացել, հրդեհը շատ ահավոր էր»,-պատմեց Գեւորգ Գասպարյանը։

Նրա խոսքով՝ երբ հասել են, կացարանի տանիքն արդեն նստած է եղել. «Փորձել ենք մոտենալ հրդեհին, որպեսզի մուտք բացենք, զինվորները դուրս գան, բայց չենք կարողացել մոտենալ, քանի որ հրդեհը շատ ուժեղ էր։ Ներսից պայթյունի ձայներ լսեցինք։ Նման էր զենք-զինամթերքի պայթյունի»։

Նա ասաց, որ դեպքի վայրում մինչեւ վերջ չեն եղել, տղաներին չեն տեսել: Դեպքի վայրից հեռացել են, երբ ժամանել են փրկարարներն ու Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Նա նշեց, որ շփումներ եղել են Ազատի կացարանի տղաների հետ դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Իսկ հրդեհված կացարանում երբեւէ չեն եղել, գնալ-գալ չի եղել:

Մյուս վկան՝ Ղանդիլյանը պատմեց, որ երբ մոտեցել են կացարանին, արդեն կրակը թեժ էր, լուսամուտներից բոց էր ելնում, կրակը մինչեւ տանիք էր բարձրացել: Պատմեց՝ տեսել է զինվորների, որոնք գոռում էին, նրանց մեջ էր նաեւ գործով մեղադրյալ Եղիշեն: Ըստ վկայի՝ նրան տեսել է այրվածքներով՝ ձեռքի ու ոնց որ դեմքի հատվածում: Այլ մանրամասներ դեպքից այս վկաները չգիտեին, քանի որ պնդեցին, որ դեպքի վայրում եղել են մի տասը րոպե ու հեռացել իրենց աշխատանքներին:

Զոհված զինվորներից մեկի հարազատն էլ ռեպլիկ արեց. «Ինքը լավ գիտի՝ Եղիշը այնտեղ չի եղել: Եղիշը ուրիշ տեղից վազելով եկել, շփոթված հասել է կրակին, տեսել , որ վառվում է, փախել է դուրս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031