Սկիզբը՝ այստեղ:
Վարչապետ Փաշինյանը պարբերաբար, թե Հայաստանում գրանցվում են «աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներ», եւ դա ներկայացվում է որպես ժողովրդի կյանքի բարելավման ապացույց։ Նրա ելույթներում հնչում են թվեր, օրինակ իբրեւ թե «Տնտեսությունը աճել է 12%-ով» կամ «Միջին աշխատավարձը բարձրացել է», սակայն այս թվերը չեն արտացոլում իրական վիճակը, դրանք միայն վիճակագրական շպար են, որը քողարկում է խորացող սոցիալական ու կառուցվածքային ճգնաժամը։ Բայց երբ այդ շպարը ջրի օգնությամբ մաքրում ենք, հայտնվում է դառը իրականությունը, որտեղ Հայաստանի տնտեսությունը պիրկ փչված փուչիկի նման ամեն վայրկյան կարող է պայթել։
Ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք գնալ, եթե տարին տարվա վրա Հայաստանում շարունակվում է արտագաղթը, գործազրկությունը եւ աղքատության բարձր մակարդակը։ Վիճակագրության թվերով կարելի է մանիպուլյացիա անել, բայց դրանք չեն արտացոլում մարդկանց առօրյան եւ առհասարակ կապ չունեն իրականության հետ։ Սպառողական գներն անընդհատ աճում են, իսկ աշխատավարձերը պարզապես մնում նույն տեղում։ «Աճող» տնտեսությունը չի թեթեւացնում հասարակության ճնշող մեծամասնության խնդիրներն ու ծանրաբեռնվածությունը։
Ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք գնալ, եթե ուսումնական վարձերը աճել են, կարմիր գծերի հեռացման խոստումով իշխանության եկածները 12000 դրամից այն դարձրեցին 160000 դրամ։ Այն նույն դեմքերը, ովքեր 2013 թվականին պայքարում էին տրանսպորտի 50 դրամով թանկացման դեմ, այսօր նույնիսկ մետրոյի գներն են թանկացրել։ Հայաստանի Հանրապետությունում այդ «տնտեսական աճից» օգտվում են եւ դրա պտուղները քաղում են միայն իշխանական ներկայացուցիչները, ովքեր 2018-ից ի վեր հարստացման գերպլան են իրականացրել։
Կարդացեք նաև
Փաշինյանի խոստացված «տնտեսական հրաշքը» գոյություն չունի։ Այն ընդամենը թվերի ու ցուցանիշների խաղ է, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի իրական խնդիրներից, ինչպիսիք են աղքատությունը, գնաճը, արտագաղթը։
Հարկերը այնքան են բարձրացել, որ փոքր բիզնես սկսել ցանկացող անհատները բախվում են այնքան խնդիրների, որ նախընտրում են պարզապես հրաժարվել իրենց բիզնես գաղափարներից, քանի որ հարկերի պատճառով արհեստական ուռճանում է տվյալ բիզնեսի ինքնարժեքը, իսկ սպառումը դառնում շատ դժվար կամ գրեթե անհնար։ Մինչ իշխանությունը հայտարարում է «գների կայունացման» մասին, իրականում սպառողական շուկայում գներն աճում են, իսկ դրամի արժեւորման պատճառով փոքր բիզնեսները կորցրել են արտահանման շահութաբերությունը։
Փաշինյանի իշխանությունը հաճախ է նշում, որ 2022-2023թ.թ. Հայաստանը եղել է «տնտեսական առաջատարներից» տարածաշրջանում՝ գրանցելով 12 տոկոս աճ։ Բայց դրա պատճառը տնտեսության աճը չէ, այլ բացառապես արտաքին գործոնները, որոնցից մեկն օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում տասնյակ հազարավոր ռուսների ժամանումն էր ՀՀ։ Նրանց բերած գումարներն ու ծախսերը կտրուկ մեծացրեցին սպառումը, բանկային շրջանառությունը եւ դրամի արժեքը։ Սա իրական ներդրում չէր, այլ պարզապես ժամանակավոր դրամական հոսքը, որը 2024թ-ից սկսեց նվազել։
Երեւանում եւ մարզերում շինարարության աճը հիմնականում պայմանավորված էր ոչ թե նոր արտադրությամբ, այլ բնակարանների գների անընդհատ բարձրացմամբ։ Շինարարությունը դարձել է պարզապես սպեկուլյատիվ ոլորտ։
Հայաստանը տնտեսական աճ չի գրանցում, այլ պարզապես շարունակում է գոյատեւել արտաքին գործոնների հաշվին, որոնք առաջին իսկ ցնցման ժամանակ կարող են փլվել։ Փաշինյանի «տնտեսական աճը» իրականում լոկ «թղթե շքեղություն է», եւ շատ հեռու է իրական բարելավումից» Մինչ իշխանությունը խոսում է «աննախադեպ տնտեսական աճից», հազարավոր հայ ընտանիքներ շարունակում են պայքարել գոյատեւման համար, իսկ երկրի տնտեսությունը օր-օրի դառնում է էլ ավելի խոցելի ու կախյալ։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2025


















































