Հոկտեմբերի 29-ին Փարիզում կայացած Տեղեկատվության շիտակության եւ անկախ մեդիայի բարձրաստիճան կոնֆերանսին ընդառաջ՝ հոկտեմբերի 28-ին Aravot.am-ը զրուցել է կոնֆերանսի համակազմակերպիչ Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենիեի հետ։
Զրույցում անդրադարձել ենք «հանրային շահը հետապնդող մեդիա» հասկացությանը, մեդիա-կառավարություն հարաբերություններին, մեդիասպառողի անձնական պատասխանատվությանը, Հայաստանի հետ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվական համագործակցության եւ կոնֆերանսի նպատակներին։
Փարիզում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավոտ․ Պարոն Գրենիե, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Նախ ցանկանում եմ խնդրել՝ մանրամասնել «հանրային շահը հետապնդող մեդիա» հասկացությունը, որպեսզի հասկանանք՝ ինչ է դա նշանակում։ Բոլորս էլ, իհարկե, ծանոթ ենք այդ երեք բառերին՝ «public» «interest» «media», բայց «հանրային շահը հետապնդող մեդիա» բառակապակցությունը կարող է դժվարըմբռնելի լինել։ Ինչպե՞ս կսահմանեք այդ հասկացությունը։
Կամիլ Գրենիե․ Շնորհակալ եմ։ Գերազանց հարց է։
Մենք ապրում ենք այնպիսի տեղեկատվական էկոհամակարգերի ներքո, որոնք տարատեսակ բովանդակությունների եւ խաղացողների դնում են նույն հարթության վրա։ Մեզ համար կարեւոր է զատորոշել հանրային շահը հետապնդող մեդիան, հուսալի տեղեկատվությունը մնացյալ տեղեկատվական աղբյուրներից։
Հաղորդակցության նորագույն միջոցների շնորհիվ այսօր յուրաքանչյուր ոք կարող է ձեւանալ մեդիայի ներկայացուցիչ, բայց մենք պետք է հստակեցնենք՝ ի՞նչն է հանրային շահը հետապնդող, արդյո՞ք չի հետապնդվում մասնավոր կամ քաղաքական շահը։
Երբ մենք խորամուխ ենք լինում հանրային շահը հետապնդող մեդիայի դետալներին, առկա է ոչ միայն գրականության այլեւ կանոնների մի ամբողջ շրջանակ, որը ձգտում է սահմանել՝ ինչ է հանրային շահը հետապնդող մեդիան։
Կդժվարանամ տալ ճշգրիտ սահմանում, բայց ես կասեմ հետեւյալը․ հանրային շահը հետապնդող մեդիան այն մեդիա կազմակերպություններն են, որոնք հարգում են լրագրության հիմնադրույթներն ու նպատակները․ դրանք են՝ փաստերի ստուգում անցած եւ հուսալի տեղեկատվության արտադրումը, ճշմարտության հետապնդումը, հնարավորության դեպքում պատկանելիության թափանցիկությունը, խմբագրական կանոնադրությունների առկայությունը, իրական հանձնառությունը՝ տեղեկատվության հուսալիության հանդեպ։
Սա չափազանց կարեւոր է մեզ համար, եւ մենք սա սահմանել ենք Տեղեկատվության եւ ժողովրդավարության միջազգային հռչակագրում։
– Ցանկանում եմ խոսել 11 տնտեսագետներից կազմված պանելի հրապարակած վերլուծության մասին։ Այս հարգարժան տնտեսագետներն ասում են, որ պետությունները, կառավարությունները պետք է ներդրումներ կատարեն հանրային շահը հետապնդող մեդիայի համար։ Նրանք դա տնտեսական հրամայական են համարում։ Մեդիան հաճախ պետք է հսկի կառավարությանը՝ երեւան հանելով կառավարության բացթողումները։ Հարց է ծագում․ կառավարություններին շահագրգռո՞ւմ է՝ ներդրումներ կատարել նման մեդիայի համար։ Չէ՞ որ մեդիայի եւ կառավարության շահերը միշտ չէ, որ համընկնում են։
– Շատ կարեւոր հարցի եք անդրադառնում։ Սիրում եմ նմանատիպ հարցեր։
Դուք ճիշտ եք։ Կառավարությունների եւ մեդիայի շահերը միշտ չեն համընկնում, եւ պետք էլ չէ, որ համընկնեն։ Սակայն, ցանկացած կառավարություն, որն աջակցում է կամ պնդում է, որ աջակցում է ժողովրդավարությանը, պարտադիր պետք է աջակցի անկախ, բազմակարծություն ունեցող, վստահություն վայելող լրատվական աղբյուրների առկայությանը։ Լրատվական անկախ դաշտը ժողովրդավարական կյանքի անկյունաքարերից է։
Մենք դարեր ի վեր ականատես ենք եղել ժողովրդավարության զարգացմանն ու կառուցմանը։ Այստեղ մեդիան չափազանց կարեւոր դեր է խաղում։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունները կարող են չհամաձայնել որեւէ մեդիայի որեւէ լուսաբանման հետ, բայց մեդիայի ազատության հիմնարար սկզբունքը, ինչպես նաեւ վստահություն վայելող լրատվական աղբյուրների անհրաժեշտության փաստը պահպանվում են ժողովրդավարական երկրների մեծամասնությունում։
Լարվածություն կարող է առաջանալ, որովհետեւ կարող է հանրային բուռն բանավեճ ընթանալ։ Բազմաթիվ երկրներ պահպանում են տեղեկատվական ծաղկուն դաշտին աջակցելու հանձնառությունը։ Դա ուղղակիորեն սնուցում է հանրային շահը հետապնդող մեդիային։
Տնտեսագետների վերլուծությամբ ցանկանում էինք ցույց տալ, որ հանրային շահը հետապնդող մեդիան կարեւոր է ոչ միայն ժողովրդավարության, հանրային բանավեճի, քաղաքացիների՝ սեփական դատողությամբ որոշումներ կայացնելու համար, այլ նաեւ տնտեսական օգտի համար։ Եթե մեզ հասանելի տեղեկատվությունը վստահելի չէ, հուսալի չէ, սխալներով է, կեղծ է, դա տնտեսական ազդեցություն է թողնում։
Տնտեսագետների կոչը նաեւ սա է․ հանրային շահը հետապնդող մեդիան, անշուշտ, կարեւոր է ժողովրդավարության համար, բայց այն կարեւոր է նաեւ տնտեսության համար։
– Խոսեցինք մեդիայի մասին, խոսեցինք կառավարությունների մասին, իսկ սպառո՞ղը։ Ի՞նչ պետք է իմանալ մեդիասպառողի մասին՝ հաշվի առնելով, որ մեր ընթերցողները, մեր դիտողները հաճախ խոցելի են կեղծ տեղեկատվության նկատմամբ։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի սպառողը հասկանա՝ ո՞ր լրատվամիջոցն է հանրային շահին ծառայում եւ ո՞ր լրատվամիջոցն է ծառայում նեղ խմբի շահին։
– Չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքնուրույն դատի՝ ինչն է ճշմարիտ, ինչը՝ ոչ։ Դա չափից դուրս անիրատեսական է։ Մենք փորձում ենք ապահովել, որ տեղեկատվական էկոհամակարգերը խրախուսեն հուսալի տեղեկատվությանը, ոչ թե պետական քարոզչությանը, ապատեղեկատվությանը, ապակողմնորոշող տեղեկատվությանը, ասեկոսեներին։
Տեղեկատվական խնդիրը երկու կողմ ունի, ինչպես մանրադրամն ունի դիմերես եւ դարձերես։ Կա հավաքական անհրաժեշտություն՝ աշխատել հանուն տեղեկատվական ավելի լավ էկոհամակարգերի։ Այս տիրույթում նավարկելու հարցում կարիք կա նաեւ անձնական պատասխանատվության։ Երկուսն էլ անհրաժեշտ են։
Մեր աշխատանքն ավելի շատ կենտրոնանում է այնպիսի տեղեկատվական էկոհամակարգերի կառուցման վրա, որոնք խրախուսում են հուսալի տեղեկատվություն։
– Ձեր կարծիքով՝ մեդիան սոցիալական պատասխանատվությո՞ւն է կրում։
– 2018-ին հրապարակված մեր հռչակագիրը մեր կենտրոնական սկզբունքն է։ Այդ հռչակագրում մենք մեդիան սահմանում ենք որպես «ժողովրդավարական հասարակության վստահելի երրորդ կողմ»։
Ինչ վերաբերում է կառավարության հետ հարաբերություններին, քաղաքացիներն, անհատները՝ որպես կենդանիներ, կարիք ունեն հուսալի տեղեկատվության։ Պատճառն այն է, որ մենք պետք է կարողանանք ընկալել մեզ շրջապատող աշխարհը, քանզի այն ազդում է մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության, տնտեսության, շրջակա միջավայրի վրա։
Մենք սա տեսել ենք COVID-ի, պատերազմների, հակամարտությունների ընթացքում։ Մեզ համար չափազանց կարեւոր է՝ հասանելի հուսալի տեղեկատվությունը։ Մեր աշխատանքների մի զգալի մաս կենտրոնանում է քաղաքացիների՛ վրա։ Մենք՝ որպես քաղաքացիներ, ունենք հասանելի հուսալի տեղեկատվության իրավունք, եւ այդ իրավունքն իրացվում է վստահություն վայելող երրորդ կողմի միջոցով։
– Դուք Հայաստանի հետ համագործակցում եք շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ոլորտում։ Կմանրամասնե՞ք։
– Իմ ղեկավարած կազմակերպությունը՝ Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումը, համակարգում է մի միջգերատեսչական գործընկերություն, որին Հայաստանը մի քանի տարի առաջ է միացել։ Միանալուց հետո բավականին ակտիվ երկիր է եղել գործընկերության շրջանակում։ Մենք փորձում ենք դիմագրավել կոնկրետ խնդիրների՝ փորձելով լուծումներ գտնել երկրների առանձնահատուկ կարիքների համար։
Բրազիլիան, որը երկու շաբաթից հյուրընկալելու է ՄԱԿ կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ կոնֆերանսը՝ COP 30- ը, մեզ ասաց, որ կլիմայական ապատեղեկատվությունը ծավալուն, հետաքրքիր թեմա է։ Հայաստանը, որը հյուրընկալելու է ՄԱԿ կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ կոնֆերանսը՝ COP 17-ը, արձագանքեց՝ կլիմայական ապատեղեկատվությունը հետաքրքիր է, բայց այն կարող ենք ընդարձակել՝ ներառելու համար նաեւ շրջակա միջավայրի հետ կապված այլ խնդիրներ, այդ թվում՝ կենսաբազմազանությունը։
Բրազիլիան եւ Հայաստանը համանախագահում են կլիմային եւ շրջակա միջավայրին առնչվող խնդիրների աշխատանքային խումբը։
Մենք գործակցում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ։ Ես մայիսին Երեւանում էի, մասնակցում էի «Երեւանյան երկխոսությանը»։ «Կլոր սեղան» քննարկում կազմակերպեցինք այս թեմաների առթիվ։
Մասնակցելու եմ Բրազիլիայում կայանալիք COP 30-ին, բայց ապատեղեկատվության եւ ապակողմնորոշող տեղեկատվության շուրջ մեր քննարկումները կարող են ընթանալ այլ վայրերում եւս։ Քննարկումը պարտադիր չէ բանավեճի ձեւ ստանա, բայց այն պետք է ազդեցիկ լինի։ Մենք հենց դա՛ ենք փորձում իրականացնել։
– Դառնալով Տեղեկատվության շիտակության եւ մեդիայի անկախության թեմայով միջազգային բարձրաստիճան կոնֆերանսին՝ ինչպիսի՞ն է օրակարգը։
– Այս կոնֆերանսը տեղի է ունենում տեղեկատվության շիտակության համար մեր պայքարում մի կոնկրետ պահի։
Ավտորիտար ռեժիմները գործադրում են իրենց ողջ գործիքակազմը՝ մեր հանրային տիրույթին, մեր ժողովրդավարությանը միջամտելու համար։ Կան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, որոնք հիմնական թիրախներից են։ Շատ քարոզչություն կա նաեւ Հայաստանի նման երկրներում։
Միաժամանակ, Սպիտակ տան աջակցությամբ գործում են տեխնոլոգիական խոշոր կազմակերպությունները, որոնք ակտիվորեն պայքարում են տեղեկատվական ավելի բարենպաստ էկոհամակարգեր ապահովող կարգավորումներ սահմանելու դեմ։
Մարտահրավերներով լի պահ է։ Բացահայտ պատերազմ է ընթանում ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության դեմ։ Կոնֆերանսի գերագույն նպատակներից է՝ վերահաստատել հուսալի տեղեկատվության հասանելիության սկզբունքները։
Ավելի լայն համատեքստը շատ կարեւոր է։ Կարծում եմ՝ մասնակցության բարձրաստիճան մակարդակի բացատրությունը հենց դա՛ է։ Ներկա են նախագահ Մակրոնը, վարչապետ Փաշինյանը, Մոլդովայի նախագահ Սանդուն, Գանայի նախագահ Մահաման։
Եթե չօգտվենք այս պահից, չօգտագործենք այն, վճարվելիք գինը կարող է շատ բարձր լինել։
– Անդրադարձաք Միացյալ Նահանգներին։ Նախագահ Թրամփի՝ Սպիտակ տանը հայտնվելուց հետո հանուն հանրային շահը հետապնդող մեդիայի, հանուն ժողովրդավարության պայքարը բարդացե՞լ է։
– Այո։ Շատ կուզեի՝ նման բան չասել, որովհետեւ շատ գործընկերներ ունենք Միացյալ Նահանգներում։
Իրականությունն այն է, որ MAGA՝ Make America Great Again շրջանակի (Թրամփի աջակիցների կարգախոսը եւ բնորոշումը – Ա․Ա․) կողմից արձանագրում ենք հարձակումներ։ Նրանք առաջ են տանում որոշակի նարատիվներ, փորձում են թուլացնել եվրոպական կարգավորումների համակարգը՝ միջամտելով մեր ազգային գործերին։
Ի դեպ, այդ շրջանակին ֆրանսիացիները եւ ֆրանսիական կառավարությունը նույնպես կոչում են MAGA։
Իհարկե, պետք է զգուշավոր լինել այս հարցը բարձրաձայնելու միջոցները գործադրելու ժամանակ, բայց հստակ փորձ է արվում միջամտել համաշխարհային տեղեկատվական խնդիրներին։
– Դուք նշեցիք, որ ավտորիտար ռեժիմները փորձում են միջամտել, եւ որ Ֆրանսիան դրա թիրախներից է։ Հաշվի առնելով, որ թե՛ Մոլդովայում, թե՛ Հայաստանում տարածում է գտնում ռուսական քարոզչությունը՝ դա՞ է պատճառը, որ այս երկու երկրները, ինչպես նաեւ Գանան, միջոցառմանը մասնակցում են բարձրագույն՝ նախագահների եւ վարչապետի, մակարդակով։
– Չեմ կարծում՝ դա է պատճառը։ Վստահ կարող եմ ասել, որ այս չորս երկրներում՝ Ֆրանսիայում, Հայաստանում, Գանայում եւ Մոլդովայում, ապատեղեկատվության եւ օտարերկրյա տեղեկատվության ձեռնածումից ծագող ռիսկերն այնքան բարձր են, որ կարիք կա քաղաքական շատ հզոր հանձնառության։ Դա լոկ մամուլի ազատության հանձնառություն չէ։
Վերջին ամիսներին արձանագրել ենք դեպքերի զարգացումները Մոլդովայում։ Շատ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում՝ գալիք տարի կայանալիք ընտրության համատեքստում։
Տարբեր երկրների, պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությունը փաստում է, որ երկրները գիտակցում են վտանգի աստիճանը։
Սա, բնավ, չի նշանակում, որ մյուս պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն անտեղյակ են։ Իսպանիայի վարչապետն, օրինակ, իրապես հանձնառու է այս օրակարգին։ Բայց միջազգային հավաքների բուռն շրջան է, եւ տարբեր առաջնորդների մասնակցության անհնարինությունը նաեւ դրանով է պայմանավորված։
– Հայաստանում շատերն ուղղակի անտեսում են լատինամերիկյան, աֆրիկյան երկրներին։ Կոնֆերանսին մասնակցում են 29 երկրներ, որոնք Արեւմուտքից չեն։ Կբացատրե՞ք, թե ինչո՞ւ է հանրային շահը հետապնդող մեդիայի, ազատ մեդիայի խնդիրը համաշխարհային նշանակության եւ ոչ խնդիր՝ լոկ Արեւմուտքի եւ արեւմտամետ երկրների համար։
– Կարող եմ տալ սովորաբար տրվող պատասխանը․ մենք փոխկապակցված աշխարհում ենք ապրում։ Լատինական Ամերիկայում նկատվող թրենդները նկատվում են այլուր, բնականաբար տեղահատուկ դրսեւորումներով։
Այսինքն՝ Բրազիլիայում արձանագրվող թրենդներն արձանագրվում են նաեւ Ֆրանսիայում, Հայաստանում եւ այլ վայրերում, քանի որ կան սոցիալական ցանցեր, կա հասարակական բեւեռվածություն։ Արհեստական բանականությունն ամեն ինչ վատթարացրեց։ Որքա՛ն հեշտ է պատրաստել deep fake-ներ կամ cheap fake-ներ։ Շատ մարդիկ իրոք հավատում են արհեստական բանականությամբ պատրաստված բովանդակությանը։
Այսինքն՝ տեխնոլոգիական զարգացումը, կապիտալիզմը, մարդկանց ուշադրությունը գերող բովանդակության վրա հիմնված տնտեսությունը թողնում են իրենց ազդեցությունը։
Դրա հետ մեկտեղ թուլանում է հանրային շահը հետապնդող մեդիան, որի շուկան տապալվել է։ Պատճառներից են՝ հանրային հեռարձակողների ֆինանսավորման կրճատումներն, ինչպես նաեւ գովազդներից ստացվող եկամուտների ամբողջական փլուզումը։ Շատ մեդիա գործակալությունների բիզնես մոդելը վերակառուցման կարիք է զգում։ Այս ուղղությամբ ենք աշխատում։
Ակներեւ է, որ թեման չի վերաբերում միայն արեւմտյան ժողովրդավարություններին։ Այն համաշխարհային է։ Բնականաբար, կան տեղահատուկ դրսեւորումներ, եւ չենք կարող բոլոր երկրների համար ընդհանրական լուծում գտնել։ Պետք է հարմարվել տեղահատուկ համատեքստին, պատմությանը, քաղաքական դաշտին։
Մենք COVID-ի, տարբեր հակամարտությունների ընթացքում զգացել ենք հուսալի տեղեկատվության պակասը։ Շատ հաճախ հուսալի տեղեկատվությունը ստի եւ ապատեղեկատվության կողմից ստվերվում է։ Համաշխարհային խաղաղության, միջազգային հարաբերությունների, աշխարհաքաղաքականության, տնտեսության համատեքստում դա նույնպես խնդիր է։
– Պարոն Գրենիե, բավականին շատ էին հարցերս։ Միգուցե ցանկանաք անդրադառնալ որեւէ թեմայի, որի մասին չնշեցի։
– Առաջինը, նշեմ, որ ես հայկական կառավարության հետ շահերի բախում չունեմ։ Ես ամբողջապես անկախ եմ Հայաստանի կառավարությունից եւ ցանկացած կառավարությունից։
Ասեմ միայն, որ մեզ համար շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Հայաստանը, ժողովրդավարության եւ կարծիքի արտահայտման ազատության հանդեպ իր հանձնառության առումով, պահպանում իր տարածաշրջանային դիրքը։ Իսկապես հաճելի է՝ ակտիվորեն գործակցել Հայաստանի կառավարության եւ հանրային ծառայողների հետ։
Հայաստանում գործում է նաեւ քաղաքացիական շատ բանիմաց հասարակություն։ Կան վերեւում քննարկված խնդիրները հետազոտող մասնագետներ։ Գործակցում ենք մեր հայաստանցի գործընկերների հետ։
Երկրորդ, խոսեմ միջազգային կազմակերպությունների դերակատարության մասին։ Միջազգային շատ կազմակերպություններ գործարկել են տեղեկատվական շիտակության եւ ազատ մեդիայի սեփական նախաձեռնություններ եւ նախագծեր։ Կոնֆերանսի միջոցով մենք ջանում ենք մեր գործընկերներին հավաքել մեկ սեղանի եւ նույն հիմնական նպատակների շուրջ՝ ստեղծելով համակարգման միջազգային ոչ-պաշտոնական խումբ՝ բոլոր միջազգային նախաձեռնությունների համար։
Երրորդ, հանուն հանրային շահը հետապնդող մեդիայի եւ ընդդեմ ապատեղեկատվության պայքարում մեր ներդրած ռեսուրսները չափազանց փոքրաքանակ են, երբ այն համեմատում ենք մեր հանրային տիրույթը եւ ժողովրդավարությունը խաթարել ցանկացողների ներդրած ֆինանսների հետ։
Ես, սովորաբար, նախընտրում եմ անուններ չտալ, բայց Ռուսաստանը լավ օրինակ է։ Ռուսաստանը տարեկան 1,5 մլրդ դոլար ներդրում է կատարում՝ իր քարոզչության տարածման նպատակով։ Արեւմտյան երկրները միասին անգամ 500 մլն դոլար չեն ներդնում՝ հանուն հանրային շահը հետապնդող մեդիայի։
Այսինքն՝ արեւմտյան ժողովրդավարությունները Ռուսաստանի մեկ երրորդից պակաս են ծախսում։
Կոնֆերանսը նպատակ ունի ռեսուրսների աստիճանը հավասարեցնել հավակնությունների աստիճանին։ Պետք է գիտակցել՝ եթե մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմի ներքո, պետք է սեղանին դնել անհրաժեշտ ռեսուրսները՝ պատերազմում հաղթելու համար։
Այս պատերազմում պաշտպանության առաջնագծում լինելու է անկախ, բազմակարծություն ունեցող, հուսալի մեդիան։ Տարբեր տարածաշրջաններում ենք տեսել, որ երբ վերանում է մեդիան, վերանում է ժողովրդավարությունը։
Մենք պետք է աջակցենք մեդիային։ Կոնֆերանսը նվիրված է հենց սրան։
Զրույցն՝ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԻ


















































