Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք

Նոյեմբեր 02,2025 19:04

Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:


Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը և մեծաթիվ ձեռքբերումներին՝ մաղթելով անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:


Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930